Մեկնաբանություն

15.03.2013 14:04


Իսկ դու նկարվե՞լ ես Րաֆֆիի հետ, կամ հաճախորդների բունտը

Իսկ դու նկարվե՞լ ես Րաֆֆիի հետ, կամ հաճախորդների բունտը

Երբ տեսնում ես, թե ովքեր են դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի հարթակային ընկերները, ովքեր են նրան այցելում կեղծիքադուլի ժամանակ, ովքեր են դարձել «թունդ հեղափոխական», և ովքեր են վխտում Ազատության հրապարակի մատույցներում, պարզ է դառնում, թե ինչն ինչոց է։ Խոսքս, իհարկե, Րաֆֆիի բոլոր ընկերներին ու այցելուներին չի վերաբերում։ Բայց կան մարդիկ, ովքեր, պատկերավոր ասած, «պասպորտով» հաճախորդ են, և նրանց ներկայությունը առնվազն հարցեր է առաջացնում։ Այնպես չէ, որ ով գալիս է Րաֆֆիին բարևելու՝ լավն է, իսկ ով չի գալիս՝ վատը։ Ի վերջո, հրապարակը ինդուլգենցիա ստանալու վայր չէ, և «Ժառանգության» ղեկավարն էլ խոստովանահայր չէ, որ ով գա իր հետ նկարվի ու այդ նկարը «Ֆեյսբուք» գցի, անմիջապես մեղքերի թողություն կստանա և դրախտում հայտնվելու ուղեգիր։

Րաֆֆիի շուրջը տեղի ունեցող միջոցառումներից այնպիսի տպավորություն է, կարծես հաճախորդները բունտ են անում։ Պատճառների մասին առայժմ դժվար է կոնկրետ տեսակետներ հայտնել. կա՛մ վատ են վարձատրվում, կա՛մ ուտող–ուրացող են։ Իսկ ավելի հավանական է, որ ոչ մի բունտ էլ չկա, և «թունդ հեղափոխական» դարձածները շարունակում են հավատարմորեն ծառայել Բաղրամյան 26–ին, պարզապես այլ ձևով։

Անկախ ամեն ինչից՝ Րաֆֆիին ակնհայտորեն դուր է գալիս այն թամաշան, որը կա իր շուրջը։ Շատ լավ հասկանալով, որ հանգամանքների բերումով է կես միլիոն ձայն ստացել՝ Րաֆֆին որոշեց ապաքաղաքականացնել հետընտրական գործընթացը՝ այն վերածելով «բալագանի», ինչը նոնսենս է, բայց իր համար միակ հնարավոր տարբերակը. հա՛մ «ազատամարտի ռահվիրան» չի նյարդայնանա, հա՛մ «զորավարը»։

Րաֆֆուն դուր է գալիս նաև իր աշխատանքային գրաֆիկը։

Դատե՛ք ինքներդ։

Առավոտյան շրջայց Օպերայի տարածքում (առողջարարական վազք), հետո թեթև «զավտրիկ», կեսօրին նկարահանումներ, ժամը 17–ին «ավանդական» ասուլիս, որի ժամանակ միշիկական լրատվամիջոցները «մուտիլովկայական» հարցեր են տալիս ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի մասով։ Ասուլիսին հետևում են «ուժինը» և երեկոյան զբոսանքը, իսկ այնուհետև՝ «կուլտուռնի միռապռիյատիա»՝ երգ, պար, ծափիկ, ծիրանիկ և այլն։

Պարտադիր են համարվում շաբաթական մեկ անգամ շփումը «զորավարի» հետ հեռախոսով կամ «տետ–ա տետ»՝ մոտակա իշխանամետ սրճարաններից մեկում։ «Ազատամարտի ռահվիրան» դեռ չի երևացել դեպքի վայրում, բայց Րաֆֆին հույսը չի կտրում և այդ մասին ամեն օր պարտաճանաչորեն խոսում է։

Շաբաթը մեկ ծրագրված է հաղթահավաք–հանրահավաք–բերքահավաք–հաճախորդահավաք։ Սցենարում դիակը նախատեսված է ապրիլի 9-ին, երբ բոլորին պարզ կդառնա, թե ով է կենդանի, իսկ ով՝ քաղաքական դիակ։

Շտապե՛ք նկարվել Րաֆֆիի հետ։ Տեղերը սահմանափակ չեն, բայց օրերն են սահմանափակ։ Ապրիլի 9-ին թատրոնն ավարտվելու է։ Միակ ինտրիգը վերաբերում է հարցին՝ արդյոք ողբերգակա՞ն, թե՞ կոմիկական ավարտ կունենա այս ամենը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը