Մեկնաբանություն

13.03.2013 15:42


Սերժն Արամի միջոցով «երկխոսեց» Րաֆֆու հետ

Սերժն Արամի միջոցով «երկխոսեց» Րաֆֆու հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին կհանդիպի միայն Ազատության հրապարակում։ Սերժն անձամբ դեռ չի եկել, բայց անուղղակիորեն արձագանքել է «Ժառանգության» ղեկավարի հրավերին։

Նախագահական ընտրությունների ժամանակ Սարոյան եղբայրներ խաղացող և ՀՀԿ ղեկավարի օգտին բացահայտորեն ու «տակից» աշխատող Սարգսյան եղբայրներից Արամը գնացել էր հերթական անգամ հացադուլի նստած և Սերժի երդմնակալության օրը մեռնելու պատրաստակամություն հայտնած Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու։

Արամի այցն ակնհայտորեն փարիսեցիական էր և ուներ կոնկրետ նպատակ՝ շեղելու հանրային ուշադրությունը կեղծված ընտրություններից։

Դատելով ամենից՝ Սերժն Արամի շուրթերով հետևյալն է փոխանցում Րաֆֆիին. «Եթե կարող ես, ապա հրապարակում հավաքիր քեզ ձայն տված 540 000 քաղաքացիներին, այլապես պարզ կդառնա, որ դրանք իրականում քո ձայները չեն, ու դու հանգամանքների բերումով ես դարձել իրավատեր»։ Այդպիսով` Արամը եկել էր Րաֆֆուն ասելու` անկարող ես քո քվեին տեր կանգնել, քանզի դրա 10%–ն էլ կողքիդ կանգնած չէ։ Ասել է թե՝ Արամի տված համբույրն իրականում Հուդայի համբույր էր, քանզի նա եկել էր «փչացնելու» Րաֆֆուն։

Արամի միջոցով իշխանությունները նաև այլ «մուտիլովկա» արեցին։ Ինչպես հայտնի է, Արամ Սարգսյանը, որպես ճգնաժամն իբր հաղթահարելու միջոց, քաղաքական մյուս ուժերին առաջարկեց վայր դնել պատգամավորական մանդատները։ Դպրոցահասակների համար էլ է հասկանալի, որ Սերժն այդպիսով ցանկանում է օրակարգից հանել կեղծված ընտրությունների թեման և հարցն արհեստականորեն տանել այլ հարթություն։

Պարզից էլ պարզ է, որ պատգամավորական մանդատ վայր դնել–չդնելը բացարձակապես կապ չունի կեղծված նախագահական ընտրությունների հետ և որևէ կերպ չի կարող համարվել արդյունավետ պայքարի միջոց։ Սակայն Սերժն այդ «ծամոնն» ուզում է իր հաճախորդի բերանով գցել հանրության «բերանը»։

«Եթե ուզում ես՝ միասին դուրս գանք քո «դիակային» փակուղուց, ապա արի դեմագոգիկ առաջարկներ անենք մյուս քաղաքական ուժերին, որպեսզի նրանք մանդատները վայր դնեն ու գան միանան քեզ։ Պարզ է, որ քո անորոշ ու անծրագիր քայլերի պատճառով դա տեղի չի ունենա։ Բայց կարևորը դա չէ։ Շեղող քայլերի  արդյունքում ես ու դու անուղղակի և ուղղակի ձևերով հնարավորություն կստանանք մեղադրել ոչ թե իրար, այլ մյուս ուժերին։ Դրա շնորհիվ հա՛մ դու կմնաս պայքարող իմիջի մեջ, հա՛մ ես կմնամ աթոռին։ Դիակիդ կարիքն այդ դեպքում չի լինի, քանզի հնարավորություն կստանանք մեղադրել այլոց»,– Սերժի սրտի ուզածն էր Րաֆֆուն փոխանցում Արամը։

Ուշագրավն այն է, որ ինքն իրեն մահապարտ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը հաճույքով ընդունեց Արամի ասածներն ու «ազատամարտի ռահվիրային» թողած` սկսեց «կծմծել» իր հաղթանակն ուղղակիորեն ու անուղղակիորեն ճանաչած ՀԱԿ–ին ու ԲՀԿ–ին։ Իսկ դա ամբողջությամբ տեղավորվում է Սերժ Սարգսյանի այն առաջարկի շրջանակներում, որը նա արել էր դեռևս Բաղրամյան 26–ում Րաֆֆիին հանդիպելու ժամանակ՝ դառնալ ընդդիմության առաջնորդ և պատրաստվել 2017-2018թթ. ընտրություններին։

Եթե Րաֆֆին այս ոճով պետք է պայքարի կեղծված ընտրությունների դեմ, ապա ապրիլի 9–ին եթե ոչ ֆիզիկական, ապա քաղաքական իմաստով մենք առնվազ մեկ դիակ հաստատ կունենանք, և Սերժ իրոք կերդվի դիակի վրա։ Եվ ուրմեն, պայքարի միակ թիրախը պետք է լինի ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը։ Ցանկացած այլ քայլ, լավագույն դեպքում, կգնահատվի իդիոտիզմ։ 

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Րաֆֆի–Արամ հանդիպման ժամանակ առաջինը երկրորդին առաջարկեց ելույթ ունենալ մարտի 15–ի հանրահավաքում։ Արամը, իհարկե, չէր կարող անկեղծանալ և ասել, որ ինքը Սերժի կողմնակիցն է և եկել է ընդամենը նրա առաջարկները փոխանցելու, այլ ոչ թե բարևագույն և բարիագույն հեղափոխությանը միանալու։

Րաֆֆու առաջարկը մերժելու համար Արամը շատ հետաքրքիր ինքնախոստովանություն ներկայացրեց։ Նա ասաց, որ վերջին տասը տարիներին ինքն ում օգտին խոսել է հարթակից, այդ մարդը հաջողության չի հասել։ 

«Կարող՝ ա ինձանից ա»,– անկեղծացավ Ա. Սարգսյանը։ Դրանով նա իբր ուզում էր իր «նավսոտ» ոտքից ազատել Րաֆֆուն, որպեսզի վերջինս անպայման հաջողություն գրանցի։

Այս խորագրի վերջին նյութերը