Քաղաքական

13.03.2013 15:02


ՍԴ–ում անեկտոդով ու ասացվածքով են իրար հետ զրուցում

ՍԴ–ում անեկտոդով ու ասացվածքով են իրար հետ զրուցում

ՀՀ Սահմանադրական դատարանում, որտեղ շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը, գործով հարակից պատասխանող, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը ներկայացրել է իրենց հակափաստարկները։

ՍԴ անդամ Կիմ Բալայանը նրանից հետաքրքվել է, թե ինչո՞ւ ընտրակաշառքի դեպքերը չեն բացահայտվել: Իր հարցը պատկերավոր դարձնելու համար նա մի անեկդոտ է պատմել.

«Մեկի տունը գող է մտնում, գնում է ոստիկանություն՝ հայտարարություն տալու։ Իրենց ասում են՝ ինչո՞ւ անգլիական փական չես դրել, տեղականն ես դրել։ Ասում է, որ հնարավորություն չի ունեցել։ Հարցնում են՝ բա դուռն ինչո՞ւ երկաթյա չէ։ Ասում է, որ դա է եղել իր հնարավորությունը։ Հարցնում են՝ բա ինչո՞ւ ահազանգման մեխանիզմին միացված չէ, որպեսզի ոստիկանությունը ժամանակին գար։ Մարդն ասում է, թե կներեք, իմ մեղքն է։ Ասում են, որ այդքան մեղք ունես,  դու էլ ինչի՞ ես եկել ոստիկանություն։ Այդ մարդն էլ ասում է, թե կներեք՝ բա էդ գողը մի էսքան մեղք չո՞ւնի»։

Թաթուլ Պետրոսյանն էլ ՍԴ անդամին պատասխանել է ժողովրդական ասացվածքով. «Դուռդ փակ պահի և հարևանիդ գողի տեղ մի դիր»: Նա բացատրել է, որ կաշառքն այնպիսի հանցագործություն է, որում թե՛ տվողը, թե՛ վերցնողը շահագրգռված են:

–Ոստիկանությունն օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնում է, բայց եթե այդ մասին հաղորդում տված իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ էլ լրատվամիջոցը չի ցանկանում իր մոտ եղած տեղեկությունը հաղորդել, արդյունքներն այդքան էլ դրական չեն կարող լինել,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը