Մեկնաբանություն

12.03.2013 12:00


Գալուստի հոգու ճիչը, Սամվելի ճակատագիրն ու «անկախ» մամուլի ապագան

Գալուստի հոգու ճիչը, Սամվելի ճակատագիրն ու «անկախ» մամուլի ապագան

Գալուստ Սահակյանին մեկնաբանելն անշնորհակալ գործ է։ Նրա կողմից արտաբերվող անիմաստ բառակույտն ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀԿ–ն։ Բայց երեկ Գալուստը, լավ իմաստով, գերազանցեց ինքն իրեն։

Բանն այն է, որ մամուլի ասուլիսի ժամանակ կարկառուն ՀՀԿ–ականը հայտնեց մի միտք, որին շատերը ուշադրություն չեն դարձրել կամ դարձրել են այլ «ռակուրսով»։ Մարդիկ հիմնականում «խորացել» էին Սերժ Սարգսյանի կյանքում հանդիպած դիակների մասին Գալուստի հայտնած տեսակետի մեջ, մինչդեռ նա մեկ այլ թեմայով  արմատական ընդդիմադիր հայտարարություն է արել։

«Տղա ջան, ես կարծում եմ, եթե Սամվել Ալեքսանյանի պես մարդիկ չլինեին, դու լրագրող էլ չէիր լինի»,–«արդյոք գործարար Սամվել Ալեքսանյանը զուսպ է և բարեկի՞րթ» հարցին ի պատասխան՝ նշել է Գալուստ Սահակյանը։

Գալուստ Սահակյանն իր այս պատասխանով փաստացի «մուննաթ» է եկել համապատասխան շրջանակների վրա և բացահայտել է Բաղրամյան 26–ի գեբելսյան քարոզչության էությունը, նախագահականում արտադրվող «մուտիլովկաների» բուն նպատակն ու լրատվական դաշտի այսօրվա իրական վիճակը։ Գալուստի ասածների մեջ հակասերժական հոգու ճիչ կար, և ահա թե ինչու։

Արդեն հանրության լայն շրջանակների համար էլ կամաց–կամաց տեսանելի է դառնում այն, որ Սերժ Սարգսյանն ու իր մերձավորագույն շրջապատն անընդհատ փորձում են սեփականության վերաբաշխում իրականացնել՝ թաքնվելով «Պայքարում ենք օլիգարխների դեմ» դեմագոգիկ կարգախոսի ներքո։ Սրանց նպատակը ոչ թե բարեշրջումն է, այլ բարեշրջման քողի տակ նեոբոլշևիկյան ծրագրի իրականացումը։ Ճիշտ է, իշխանությունն անընդհատ խոչընդոտների է հանդիպում, քանզի մարդիկ դիմադրում են, բայց աչքի է ընկնում նպատակասլացությամբ և հետ չի դառնում կես ճանապարհից։

Իշխանությանը չի հուզում այն, որ կուլակաթափության սևեռուն գաղափարի ու տխրահռչակ տնտեսական քաղաքականության հետևանքով վերջին հինգ տարիներին երկրի արտաքին պարտքը եռապատկվել է, աղքատությունն աճել է երկնիշ տոկոսով, արտագաղթել է ավելի քան 250 000 ՀՀ քաղաքացի, տնտեսությունը անկում է ապրել և այլն, և այլն, և այլն։

Ուշագրավն այն է, որ իշխանությունը որոշել է փող ծախսել «հաչացող բերանների» վրա՝ ի հաշիվ տնտեսական տեռորի հետևանքով արտագաղթողների։ Այդպես ավելի էժան է նստում։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը, չունենալով հանրային լեգիտիմություն, փորձում է նեոբոլշևիկյան իր ծրագրերն իրականացնելու համար հանրային աջակցության իմիտացիա ստանալ ԶԼՄ–ների միջոցով։ Այդ իսկ նպատակով 2008–ից սկսած Բաղրամյան 26–ը ստեղծել է «անկախ» լրատվամիջոցներ կամ պարզապես գնել 2008–ից առաջ ստեղծված լրատվամիջոցներից շատերը։ Փող է դրվել նաև սոցիալական ցանցերում։

Նախագահականից կառավարվող գեբելսյան քարոզչամեքենայի թիրախը բիզնես դաշտն է, այսպես կոչված օլիգարխիան և ինքնուրույնության այս կամ այն աստիճանն ունեցող քաղաքական ուժերը։

Առաջին հայացքից հանրօգուտ աշխատանք կատարելով՝ «անկախ» լրատվամիջոցներն իրականում սպասարկում են Սերժի ու նրա ընտանիքի անձնական շահերը և «քաղաքացիականության» դիրքերից  պայքարում հանուն «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման։

Բնական է, որ քանի դեռ սամվելալեքսանյանների սեփականությունը խլված չէ, «անկախ» մամուլը հովանավորվելու է Բաղրամյան 26–ի կողմից, իսկ «քաղաքացիականններն» օգտագործվելու են «վեհ» նպատակներով։ Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ Սամվել Ալեքսանյանը և մյուսները կան, «անկախ» մամուլը փողի պակաս չի զգալու։ Ստացվում է, որ նույն Սամվել Ալեքսանյանն ակամայից ու անուղղակիորեն ֆինանսավորում է իր դեմ աշխատող մամուլին։ Դրա համար էլ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ եթե Ալեքսանյանի պես մարդիկ չլինեին, ապա հարց տվողը նման հնարավորություն չէր ունենա, քանզի լրագրող չէր աշխատի։ Գալուստն ուզեցավ ասել, որ տղա ջան, քեզ փող են տալիս, որ Սամվելի ու մյուսների դեմ խոսես կամ գրես, և հետևաբար՝ եթե նրան ոչնչացնեն, ապա քեզ այլևս փող տալու իմաստ չեն ունենա տերերդ ու դու լրագրող չես աշխատի։

Եվ իրոք։ Եթե Սերժին ու իր նորանշանակ դեսպան փեսա Միքայել Մինասյանին հաջողվի «կադրային բարեփոխումների» անվան տակ սեփականաշնորհել պետական ապարատը, իսկ «հակաօլիգարխիկ» պայքարի միջոցով կենտրոնացնել ամբողջ տնտեսությունը մեկ ընտանիքի ձեռքում, ապա «անկախ» մամուլն ու «քաղաքացիականները» նրանց այլևս պետք չեն գա։

Եթե ավելի մակրո մակարդակով հարցը դիտարկենք, ապա պետք է նկատել, որ եթե քաղաքական դաշտում էլ դիմադրության այս կամ այն ռեսուրսն ունեցող ուժեր չլինեն (ինչպես որ ուզում են «անկախները»՝ դա ներկայացնելով որպես քաղաքացիականության հաղթանակ և հակադրելով քաղաքացիականը քաղաքականին), ապա «անկախ» մամուլը պարզապես կդառնա ավելորդ բեռ Սերժի համար ու զրկվելով ֆինանսավորումից՝ կփակվի, իսկ «բարի» որակված այս իշխանությունները «քաղաքացիականներին» դուբինկաներով կջարդեն հինգ րոպեում։ Այնպես որ, Բաղրամյան 26–ի պատվերները կատարելիս կամ պատվեր կատարողների ջրերն «ազնիվ քյարփինջի» պես ընկնելիս՝ միշտ պետք է «անկախներն» ու «քաղաքացիականները» հիշեն այդ մասին։ Իրենք պահանջված են, քանի դեռ Սերժին չի հաջողվել անապատի վերածել ամբողջ քաղաքական ու բիզնես դաշտը։ Այնպես որ, ոչ այդքան հարգելի «անկախնե՛ր», Սամվելին ու մյուսներին «փչացնելիս» մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք՝ ելնելով ձեր իսկ ստամոքսային շահերից։

Հարցն այն չէ, թե Սամվել Ալեքսանյանն օրինապաշտ գործարար է, և պետք է նրան ու նրա նմաններին պաշտպանել։ Պարզ է, որ Սամվելն ու մյուսները միշտ օգտվել են կլանաօլիգարխիկ համակարգի  ընձեռած հնարավորություններից ու կիսալեգալ ճանապարհով հարստացել՝ նյարդայնացնելով պաշտոնական տվյալներով ավելի քան 35% աղքատության ցուցանիշ ունեցող երկրի բնակիչներին։ Սակայն հարցն այն է, որ իրոք անկախ մամուլը և քաղաքացիական արժեհամակարգի իրական կրողները պետք է պայքարեն ոչ թե անձերի, այլ ազատ մրցակցային դաշտ ստեղծելու, մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության և բիզնեսի սոցիալական պատասխանատվության մեխանիզմներ ունենալու համար, որպեսզի գործիք չդառնան նեոբոլշևիկների ձեռքում։ Եթե համակարգը բարեփոխվի, ապա սամվելներն ինքնաբերաբար կամ դուրս կմնան դաշտից, կամ կսոցիալականացվեն ու կնպաստեն երկրի զարգացմանը։ Իսկ եթե հաճելի է անձերի դեմ պայքարելը, ապա թիրախը պետք է լինի 20-30 ընտանիքներից բաղկացած կլանաօլիգարխիկ համակարգն ավելի գռեհիկ՝ մեկ օլիգարխի  համակարգի վերածող Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։ 

Եթե ունենանք բաց ու մրցակցային համակարգ, ապա արդեն էական չի լինի, թե այս կամ այն բիզնեսի տիրոջ անունը կամ մականունը ականջներիս հաճելի՞ է հնչում, թե՞ ոչ։

Եթե տարածված կարծրատիպի համաձայն մականունավորները համարվում են օլիգարխներ և հետևաբար՝ բացասական կերպարներ, ապա այսօրվա Հայաստանում ամենավատ իմաստով մականունավորը հենց Սերժ Սարգսյանն է, քանզի նա է թիվ մեկ օլիգարխը։ Այս ամենն իմանալով հանդերձ՝ Սերժից բարեփոխումներ և օլիգարխների դեմ պայքար պահանջելը «դհոլություն» է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը