Կարծիք

26.06.2009 18:29


Անցյալ անկատար (Մաս 3)

Անցյալ անկատար (Մաս 3)

  Սկիզբը տե՛ս...

Արդեն 1993թ.՝ Սովետական Միության փլուզումից 2 տարի անց, Վրաստանում և Ադրբեջանում իշխանության վերադարձան նախկին սովետական ղեկավարները՝ Շևարդնաձեն և Ալիևը: Թեև երկու երկրներում քաղաքական զարգացումներն այդ և հետագա տարիներին ընթացան շատ տարբեր սցենարներով, բայց երկու «հին աղվեսների» վերադարձն ազդանշեց հետսովետական ռևանշիզմի այգաբացը: Նույն թվականին Ռուսաստանում դաժանորեն ճնշվեց նույն հասարակական միտումն ազդարարող խորհդարանի ապստամբությունը, իսկ 1996թ. Բ. Ելցինը մեծ դժվարությամբ, խոշոր կապիտալի կողմից ֆինանսավորված, կարելի է ասել, հիստերիկ PR-ի աջակցությամբ նախագահ վերընտրվեց՝ չնչին առավելության հասնելով կոմունիստ թեկնածու Զյուգանովի նկատմամբ:  

Մի քանի ամիս անց Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հիմնական պայքարը արտաքուստ ընթանում էր երկու նախկին «հեղափոխական» թեկնածուների միջև, սակայն հետադարձ հայացքն օգնում է հասկանալ, որ Վ. Մանուկյանի հաջողության մեջ զգալի դեր կատարեցին նաև (բայց՝ ոչ միայն) ռևանշիստական տրամադրությունները: Այս ընտրությունները, ինչպես հայտնի է, այնքան թուլացրին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը, որ մեկուկես տարի անց դա նպաստեց պալատական հեղաշրջման իրականացմանը:

            Հետսովետական ռևանշիզմի տարածումն ու հաղթանակը Հայաստանում ընթացավ շատ առանձնահատուկ ճանապարհով: Առաջին հայացքից իշխանության գալու նրա փորձը, ի դեմս Կարեն Դեմիրճյանի 1998թ. ընտրապայքարի, տապալվեց: 1998թ. Ռ. Քոչարյանին ձայն տված քաղաքացիների մի մասը, այդ թվում՝ ես, (միամտությունս ներվում է այն ժամանկվա տարիքովս՝ 21 տարեկան, և բացի այդ՝ ո՞վ կարող էր պատկերացնել...) իրենց ընտրությունը բացատրում էին նաև այն բանով, որ քվեարկում են ընդդեմ սովետական կարոտախտի: Սակայն ռևանշիզմի իսկական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսացավ հենց Քոչարյանի վարչակարգը:

Իրական իշխանություն Քոչարյանը ձեռք բերեց ոչ թե 1998թ., այլ 1999թ.՝ Պուտինի իշխանության գալուն զուգահեռ (տեսակետ կա, թե սա պատահականություն չէ): Այս երկու ֆիգուրները որոշ նմանություններ ունեն: Երկուսն էլ երկրորդական-երրորդական պաշտոններ են զբաղեցրել սովետական շրջանում, իսկ հետագայում տեղ գտան նոր իշխանության մեջ (Պուտինը Ռուսաստանի հակակոմունիստական շարժման առաջնորդներից մեկի՝ Սոբչակի օգնականն էր)՝ որևէ կերպ հայտնի չդարձնելով իրենց ընդդիմադիր հայացքները (որոնց մասին կարելի է ենթադրել՝ դատելով նրանց իշխանության օրոք պաշտոնական դարձաց 90-ականների խիստ քննադատությունից): Երկուսն էլ բարձրագույն իշխանությունը ստանձնելու պահին ընկալվում էին որպես 90-ականների «դեմոկրատական» վերնախավի երկրորդ էշելոնի ներկայացուցիչներ: Ինչպե՞ս այդ երկու գորշ, առաջին տպավորությամբ շատ համեստ թվացող ֆիգուրները (հիշեք 1998-99թթ. ընկալումը) կարողացան ամրապնդվել իշխանության մոտ և ստեղծել կենտրոնացված ավտորիտար համակարգեր: Նրանք համահունչ եղան ժամանակի կարևոր միտմանը, ռեզոնանսի մեջ մտան հասարակական որոշակի պահանջարկի հետ:

            Չնայած 88-ի շարժման տպավորիչ թափին և դրա շնորհիվ ձեռք բերված անմիջական ժողովրդավարության փորձին, հայ հասարակությունն իր ամբողջության մեջ իրականում այնքան հասունացած չէր, որպեսզի գիտակցեր ժողովրդավարական հասարակարգի և անկախության խնդիրները՝ որպես ներքուստ վերապրած արժեքներ:

Հետադարձ հայացքը ցույց է տալիս, որ 1988-90թթ. հայ հասարակությունն ինքն իրենից առաջ անցավ, որով խախտվեց որոշակի հավասարակշռություն: Բայց իներցիայի ուժն այնքան էր, որ տարիների ընթացքում ի զորու եղավ չեզոքացնել առաջընթաց թռիչքի արդյունքները: 90-ականների օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունները նպաստեցին այդ գործընթացին, և արդյունքում ժողովրդավարության գաղափարները արժեզրկվեցին: Սակայն կարևոր է հասկանալ, որ միայն հիշյալ դժվարությունները չէին կարող այդպիսի արժեզրկման պատճառ հանդիսանալ: Պետք է հիշել, որ 1988թ. սկզբի դրությամբ անկախության գաղափարը Հայաստանում ընկալվում էր որպես խելագարություն, իսկ ժողովրդավարական ազատությունների մասին շատ քչերն էին լուրջ մտածում: Իշխողը 60-ականներին ձևավորված «ազգային գաղափարի» տարբերակն էր, որն էլ այնքան տհաս էր, որ անկախ պետության թեկուզ հեռակա նպատակը բացակայում էր նրա օրակարգում:

Ընդամենը երկու տարի անց այսպիսի հասարակությունը հանգամանքների բերումով պետք է քվեարկեր հանուն անկախության և հռչակեր ժողովրդավարական հանրապետություն: Փոփոխություններն այնքան արագ էին և արմատական, որ դա չի կարելի բնականոն գործընթաց համարել: Համեմատեք այս առումով Մերձբալթիկայի երկրները, որոնց ժողովուրդների համար անկախության ձգտումը գիտակցված արժեք էր ԽՍՀՄ կազմում գտնվելու ողջ ընթացքում, իսկ ազգայնականությունը միացած էր ազատության գաղափարին: Այս առումով նույնիսկ Վրաստանը մեզանից կես քայլ առաջ էր, քանի որ այնտեղ էլ կար ազգային անկախության պահանջ: Մեզ մոտ ազգայնականություն էր համարվում մի հոսանք, որը նույնիսկ պետական անկախության պահանջ չէր դնում, և իր հիմնական առաքինությունը համարում էր հավատարմությունը մետրոպոլիային: Ազգայնականություն, որի քաղաքական նպատակը անկախ պետությունը չէ, իրականում չի լինում: Այսօրվա մեր «ազգայնականություն» կոչվածը ուղիղ ժառանգն է այդ տարօրինակ մուտացիայի:   

Այսքան արագացված գործընթացների բնական արդյունքը պետք է լիներ նույնքան արագ տեղատվությունը, որպեսզի համակարգը կարողանար վերադառնալ իր հավասարակշռությանը: Այսպիսի իրավիճակը ծանոթ է հոգեվերլուծությունից: Այսպես, վերլուծական հոգեբանության դպրոցի հիմնադիր Կ. Յունգը բերում է այսպիսի մի իրավիճակ խորհրդանշող երազի դասական օրինակ: Երազը տեսած Յունգի հաճախորդը մի չափազանց հավակնոտ տղամարդ է։ Նա ծնվել է Շվեյցարիայի լեռներում գտնվող հետամնաց փոքրիկ գյուղի անկիրթ ու աղքատ ընտանիքում, բայց չնայած դրան՝ շնորհիվ իր տաղանդների ու եռանդի, կարողացել է հասնել զգալի հաջողությունների՝ լավ կրթություն, սոցիալական հարգված դիրք ու նյութական բարեկեցություն։ Սակայն նա ձգտում է ավելիին և կանգ չի առնում։ Իր կյանքի որոշակի փուլում նա տեսնում է երազների շարք, որոնցից մեկում երևում է մի գնացք, որն ընթանում է ոլորվող երկաթգծով։ Գնացքի «գլուխն» արդեն թեքվել է դեպի աջ, իսկ «պոչը»՝ դեռ ոչ։ Երազ տեսնողը մտածում է՝ եթե թեքվելու պահին գնացքի վարորդը չդանդաղեցնի ընթացքը, ապա այն շուռ կգա, քանի որ պոչը դեռ չի հասցրել թեքվել։ Բայց ընթացքը դանդաղեցնելու փոխարեն, վարորդը, հակառակը, ավելի է արագացնում այն, և գնացքը վթարի է ենթարկվում։ Այս երազը Յունգը մեկնաբանում է որպես ենթագիտակցության կողմից երազը տեսնողին ուղղված նախազգուշացում։ Փոխաբերությունը պարզ է՝ եթե այդ անձը չդանդաղեցնի իր սոցիալական առաջընթացը և հաշվի չնստի իր «պոչի», այսինքն՝ իր սոցիալական ծագման հետ, ապա նրան աղետ է սպառնում է։ 88-ի Հայաստանը հենց այս գնացքն էր, որի «պոչը» չէր հասցնում «գլխի» ետևից: «Գլուխը» տվյալ դեպքում օբյեկտիվ հանգամանքների բերումով արագ հասունացած անկախության պահանջն էր, իսկ «պոչը» նախկինի «ծանր ժառանգությունը»: «Պոչի» ազդեցությամբ տեղի ունենալիք տեղատվությունը անխուսափելի էր:

            Ահա այս տեղատվության ֆոնին էլ տեղի ունեցավ Ռ. Քոչարյանի իշխանության հաստատումը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

(շարունակելի)

Այս խորագրի վերջին նյութերը