Մեկնաբանություն

01.03.2013 17:25


Րաֆֆին մարտի 1–ին ծառայություն մատուցեց Սերժին

Րաֆֆին մարտի 1–ին ծառայություն մատուցեց Սերժին

Ինչպես հայտնի է, ՀԱԿ–ը մարտի 1–ին, ժամը 18–ին հանրահավաք էր ծրագրել Ազատության հրապարակում, որից հետո պետք է տեղի ունենար երթ դեպի Մյասնիկյանի արձան։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանը դեռևս մեկ ամիս էր առաջ իրազեկվել։

Եվ ահա օրերս պարզ դարձավ, որ ՀԱԿ–ին զուգահեռ, գրեթե նույն ժամին, Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաք է ուզում անցկացնել նաև  «Ժառանգությունը»։ Այսինքն՝ այդ երկու զանգվածային միջոցառումների խաչվելն անխուսափելի էր դառնալու։ Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանը, օրենքի խախտմամբ, օպերատիվ կարգով արտոնել էր «Ժառանգության» հայտը։

Ակնհայտ էր, որ Բաղրամյան 26–ը, մարտի 1–ին երկու զանգվածային միջոցառում նույն տեղում և գրեթե նույն ժամին թույլատրելով, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համատեղ շոու էր ծրագրել։

Առիթ ունեցել եմ գրելու, որ «Ժառանգության» հանրահավաքի բուն նպատակը ոչ թե մարտի 1–ի զոհերի հիշատակը հարգելն է (2009–ից սկսած՝ Րաֆֆին ու իր թիմակիցները մարտի 1–ին երբեք չեն դիմել քաղաքապետարան  ու այդ օրը երբեք երթ չեն արել դեպի Մյասնիկյանի արձան, իսկ եթե արել են, ապա ՀԱԿ–ի հանրահավաքին ու երթին միանալու տարբերակով), այլ ընդդիմադիր դաշտի, մասնավորապես՝ ՀԱԿ–ի հետ կապված իշխանական «մուտիլովկայում» յուրօրինակ դերակատարում ստանձնելը (տե՛ս http://7or.am/am/news/view/47954/ )։ Եթե Րաֆֆին, իրոք, ուզում էր հարգել մարտի 1–ի զոհերի հիշատակը, եթե Րաֆֆին, իրոք, ուզում էր ՀԱԿ–ի հետ միասնաբար հանդես գալ, ապա կարող էր գնալ Ազատության հրապարակ, այլ ոչ թե առանձին միջոցառում կազմակերպել։ «Ժառանգության» հայտը և իշխանության օպերատիվությունը հուշում էին, որ գործ ունենք այլ բանի հետ, և որ Րաֆֆու պռոշը չի ճաքում մարտի 1–ի համար։

Րաֆֆու գործողությունների իրական նպատակները հասկանալով՝ ՀԱԿ–ում որոշեցին չեղյալ հայտարարել նախապես ծրագրված հանրահավաքն ու երթը՝ մարդկանց կոչ անելով միանալ Մյասնիկյանի արձանի մոտ սպասվող Րաֆֆու հանրահավաքին։

Տեսնելով, որ Լևոն Տեր–Պետրոսյանի պահով իշխանությունների ծրագրած թատրոնը չի ստացվելու, Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 28–ի հանրահավաքում հայտարարեց, թե մարտի 1–ին՝ ժամը 12–ին, ինքն ասուլիս կտա ու հետո կգնա Մյասնիկյանի արձանի մոտ՝ «ծաղիկներ զետեղելու»։ Այսինքն՝ Րաֆֆին հրաժարվեց հանրահավաք անցկացնելու իր նախնական մտադրությունից՝ այդպիսով վերջնականապես հաստատելով, որ իրականում ցանկացել է կյանքի կոչել իշխանական «մուտիլովկան»։

Եվ այսպես, իրեն գանդիական, բարոյական ու եսիմինչական պայքարի ռահվիրա հռչակած Րաֆֆին ցույց տվեց իր փարիսեցիական էությունն ու ախքային դերակատարումը քաղաքական դաշտում։

Առավել քստմնելի բան, քան «մարտի 1–ի» ողբերգական իրադարձություններն օգտագործելով՝ Սերժին ծառայություններ մատուցելն ու սեփական մանր քաղաքական նպատակներ հետապնդելը, դժվար է պատկերացնել։  Ճիշտ է, Րաֆֆին մինչև վերջ չկարողացավ կատարել նախագահականից իրեն վերապահված դերը, քանզի ՀԱԿ–ը կռահեց սրանց ծրագրերը և շանս չտվեց, բայց Սերժի ուզած միջանկյալ խնդիրը լուծեց՝ խափանեց մարտի 1–ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքը։

Փաստորեն, Րաֆֆին ամբողջությամբ ընդունել է վերահսկելի ընդդիմություն դառնալու Սերժի առաջարկն ու հիմա ամեն ինչ անում է՝ արդարացնելու համար «վերևների» բարձր վստահությունը։

Նկատենք, որ նույնիսկ Արթուր Բաղդասարյանն այսպիսի բաներ չի արել։ Մարտի 1–ի համար ՕԵԿ առաջնորդն անընդհատ արդարացումներ է փնտրում, իսկ ահա իրավատերը առևտուր է անում զոհերի վրա՝ առանց աչքը թարթելու։ Զզվելի է այս ամենը։

Զգուշանալ է պետք Աստծո անունը հաճախ տվող ու ժողովրդի անունից հանդես եկող դեմագոգներից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը