Աշխարհ

25.06.2009 18:50


Ճգնաժամը Իրանում. Դասեր Հայաստանի համար

Ճգնաժամը Իրանում. Դասեր Հայաստանի համար

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) կազմակերպել է «Ճգնաժամը Իրանում. Դասեր Հայաստանի համար» խորագրով սեմինար-քննարկում' գնահատական տալով Իրանի հետընտրական ճգնաժամին և անդրադառնալով այն դասերին, որ իրանական ճգնաժամից կարող է քաղել Հայաստանը:

Ներկաներին ողջունելուց հետո ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը հակիրճ ներկայացրեց դրկից երկրի վերջին զարգացումները' նշելով մասնավորապես, որ «Երևանի ու Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա ուղղությունը սերտորեն առնչվում է Իրանում շարունակվող քաղաքական ճգնաժամի ելքին»:

Իր բանախոսության մեջ ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը շեշտեց, որ Իրանը գտնվում  է  հուժկու և, միևնույն ժամանակ, «վայրագ հետընտրական ճգնաժամի մեջ», որը հանգեցրեց 1979 թվականի իրանական հևափոխությունից հետո ամենամեծ հակակառավարական ցույցերին, և հարյուր հազարավոր իրանցիներ բողոքարկեցին նախագահական ընտրությունների արդյունքները: Բանախոսի կարծիքով' հետընտրական այս լարվածությունը վերջին երեսուն տարվա «ամենալուրջ մարտահրավերն է երկրի իշխանություններին», ընդորում' լարվածության ներկայիս ալիքը, ըստ Կիրակոսյանի, հիմնականում ուղղված է իշխող վերնախավի դեմ, «և  բուն համակարգն այժմ այս թիրախում չէ»:

Իրանական ճգնաժամի շուրջ կենտրոնացված վերլուծություն տրամադրելուց հետո Կիրակոսյանը զուգահեռներ անցկացրեց այդ երկրում ծավալվող իրադարձությունների և ՀՀ-ում անցյալ տարվա մարտմեկյան հետընտրական դեպքերի միջև' եզրակացնելով, որ երկու դեպքում էլ ցուցարարների մահվան հանգեցրին ոստիկանության ու անվտանգության մարմինների կողմից կիրառված ուժի անհամաչափությունը և ցուցարարների հանդեպ բռնությունների գործադրումը: «Հայաստանի պարագայում 2008թ. մարտյան ճգնաժամը թերևս մնում է չլուծված, որովհետև իշխանությունները չեն կարողացել կամ չեն ցանկացել ամբողջովին և արդարացի կերպով հետաքննել ողբերգության պատճառները, ի մասնավորի 10 զոհերի մահվան հանգամանքները»,- հավելեց վերլուծաբանը:

Կիրակոսյանի պարզաբանմամբ' ընտրություններն Իրանում բացահայտեցին, որ «շատ լուրջ ներքին հակասություններն արագորեն կարող են վերածվել անկայուն և պայթյունավտանգ ներքին իրավիճակի, որը ոչ մի գաղափարախոսություն' անկախ իր ուժից, ի զորու չէ հաղթահարել»: ՀՀ իշխանությունների համար այս դասը, ըստ բանախոսի, նաև զգուշացում է, որ սոցիալ-տնտեսական խնդիրները չունեն որևէ քաղաքական «բուժամիջոց» կամ այլընտրանք, «պարզապես հարկավոր է քննարկել և գտնել դրանց լուծումը»: Իսկ Իրանի պարագայում հստակ դարձավ, որ արդի աշխարհում ոչ մի երկիր չի կարող մնալ իրապես մեկուսացված: Հաջորդ դասը, որ պետք է քաղել իրանական ճգնաժամից, Կիրակոսյանի մատուցմամբ, աղերսվում է «փոփոխությունների էկոնոմիկային», որն այս լարվածության առաջմղիչ ուժն է և ամենամտահոգիչը Հայաստանի համար: «Թե՛ իրանցի, թե՛ հայ երիտասարդները նույն հույսերն են փայփայում ավելի պայծառ ապագա, տնտեսական հնարավորություններ և իրենց երկրների կառավարման մեջ սեփական ձայնն ունենալու առումով»,- զեկույցի ավարտին նշեց ՌԱՀՀԿ տնօրենը' ընդգծելով, որ երկու երկրների համար էլ չկա վերադարձ նախաճգնաժամային «ստատուս քվոյին», քանի որ փոփոխության քաղաքական և տնտեսական պահանջները տակավին մնում են անպատասխան, ինչը հղի է դժգոհության ալիքի սաստկացման վտանգով:

Իր հերթին ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը' անդրադառնալով Իրանում չդադարող հուզումներին, նշեց, որ դրանք «իրանական կառավարության հանդեպ վստահության բացակայության արտահայտություն և երկրի ղեկավարության լեգիտիմությանը նետված մարտահրավեր են»: Փորձագետի հայացքով' ներկա ճգնաժամն աննախադեպ է և, թերևս, առնչվում է միջազգային համատեքստին' Իրանի մեկուսացման և նրա ղեկավարների վրա ճնշում գործադրելու ուղեգծին: Սարգսյանի դիտարկմամբ' Արևմուտքն այդուհանդերձ ավելի զգուշավոր էր իր արձագանքում և իրական մարտահրավերը նետված էր Իրանի ներսից:

Երկու զեկույցներին հետևեցին հարցուպատասխանը, ինչպես նաև մտքերի աշխույժ փոխանակությունը, որին մասնակցեցին քննարկմանը ներկա ԱԺ պատգամավորներ, առաջատար վերլուծաբաններ, փորձագետներ և լրագրողներ:

Այս խորագրի վերջին նյութերը