Մեկնաբանություն

26.02.2013 11:53


ԱՄՆ–ի ակնկալիքը Սերժ Սարգսյանից

ԱՄՆ–ի ակնկալիքը Սերժ Սարգսյանից

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ նախագահ վերընտրվելու կապակցությամբ (տե՛ս http://7or.am/am/news/view/47897/ )։ Սերժի շրջապատը օպերատիվ կերպով տարածել է այդ շնորհավորանքը։

Պարզվում է, ԱՄՆ պետքարտուղարը ոչ այնքան շնորհավորել էր Սերժին, որքան խոսել ԱՄՆ ցանկությունների մասին։

«Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում հուսով եմ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ առաջ մղելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առևտրի և ներդրումների համար: Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»,– մասնավորապես նշված է Քերիի շհորհավորական ուղերձում:

Այլ կերպ ասած՝ Քերին առաջարկում է Հայաստանին Ղարաբաղի հարցում գնալ միակողմանի զիջումների. այլ բացատրություն չունի «ստատուս քվոյի փոփոխություն» ձևակերպումը։

Ուշագրավն այն է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ԱՄՆ–ը առաջ է քաշում հայ–թուրքական արձանագրությունների վավերացման հարցը, ինչին ի պատասխան պաշտոնական Անկարան պահանջում է շուտափույթ լուծումներ Ղարաբաղի հարցում, որպեսզի հայ–թուրքական սահմանի բացման արդյունքում շահի նաև Ադրբեջանը։ Փաստորեն, Թուրքիան ամբողջությամբ օգտագործում է տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում ստացած հնարավորությունները և լեգիտիմ ձևով պահանջում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ բնականաբար ի վնաս հայկական կողմի։

ԱՄՆ–ը, հաշվի առնելով Թուրքիայի պահանջները և սեփական շահերը, Հայաստանից ակնկալում է ստատուս քվոյի փոփոխություն, այն է՝ տարածքների հանձնում։ Ահա՛ այն գինը, որը շնորհավորանքի և աջակցության դիմաց պահանջում է Միացյալ Նահանգները Սերժ Սարգսյանից։

«Նախաձեռնող» նախագահը մշտապես ցույց է տվել, որ պատրաստ է զիջման, բայց առայժմ մեզ փրկում է Ալիևի ագահությունը։ Թե ինչ կլինի հետագայում, պարզ կդառնա ներքաղաքական զարգացումներից։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակի գովել «ազատամարտի ռահվիրային», ամբողջ թափով պայքարել Սերժի հակառակորդների դեմ և ձգտի մարզարշավի միջոցով նշանակվել ընդդիմության առաջնորդ, ապա Ալիևը ժամանակի ընթացքում կարող է խելքի գալ ու այլևս Հայաստանի անվտանգության երաշխավորը չդառնալ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը