Մեկնաբանություն

26.02.2013 01:45


Ու՞մ դեմ է պայքարում Րաֆֆին

Ու՞մ դեմ է պայքարում Րաֆֆին

«Որքան շատ է փչված փուչիկը, այնքան ավելի բարձր

գմփոց է գալիս  դրա պայթելուց հետո»։

ժողովրդական խոսք

Ընտրությունների վերջնական արդյունքներին վերաբերող ԿԸՀ–ի նիստից հետո տեղի ունեցած Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից պարզ դարձավ, որ «Ժառանգության» իրավատեր առաջնորդը հերոսաբար հրաժարվել է Սերժ Սարգսյանի առաջարկից՝ գլխավորել ընդդիմությունը և պատրաստվել 2017-2018թթ. ընտրական գործընթացներին։ Իսկ ոմանք սխալմամբ կարծում  էին, թե Րաֆֆին համաձայնած կլինի։ Փաստորեն, մերժել է։ Բա դրա համար արժե՞ր ոտքով հասնել Բաղրամյան 26։ Իսկ եթե Սերժին հանդիպելու նպատակը տիկին Սարգսյանի որպիսության մասին հետաքրքրվելն էր, ապա դրա համար բազում այլ առիթներ կլինեին։

Ասուլիսից պարզ դարձավ նաև, թե որքան գոհ ու շնորհակալ է Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան 26–ի կողմից գրեթե մենաշնորհի ենթարկված մեդիա դաշտից կամ այլ կերպ ասած՝ փեսայական լրատվամիջոցներից (մեդիայի մասով նա նույնիսկ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանից), նույնքան ագրեսիվ է տրամադրված իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող և Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքական կուրսը հետևողականորեն քննադատող փոքրաթիվ լրատվամիջոցների, մասնավորապես՝ «7 օրի» նկատմամբ։

Րաֆֆին մեր կայքին մեղադրում է իբր տեսակետների փոփոխության մեջ։ Ուրեմն, ի գիտություն «Ժառանգության» առաջնորդի ասենք, որ ի տարբերություն իրեն՝ մենք երբեք Սերժ Սարգսյանի հետ գործարքների չենք գնացել և երբեք հայ–թուրքականի, Ղարաբաղի, ՀՀ ներքին քաղաքականության հարցերում չենք նահանջել մեր մոտեցումներից։ Մեր կողմից հռչակված գաղափարներին ու ռազմավարությանը մշտապես հավատարիմ ենք մնացել և անգամ միլիմետրի շեղում չենք ունեցել։

Ի դեպ, մեդիայի առումով Րաֆֆին, իրոք, անկեղծորեն պետք է շնորհակալություն հայտներ «արցախյան ազատամարտի ռահվիրայից», քանզի 2012թ. ԱԺ ընտրություններից սկսած նա այնպիսի աջակցություն է ստացել սերժական լրատվամիջոցներից, որ այսօր դարձել է իրավատեր և հնարավորություն ստացել ընդդիմության առաջնորդ նշանակվելու կամ այդպիսի առաջարկ ստանալու։

Անգամ նախագահական ընտրությունների քարոզչական փուլում «անկախ» լրատվամիջոցները քննադատում էին ոչ թե «վաստակավոր մրցակից» Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ընտրություններին չմասնակցող Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին ու Լևոն Տեր–Պետրոսյանին։ Այս ամենը հաշվի առնելով՝ Րաֆֆին չէր կարող անաղուհացքրդիշնություն անել ու շնորհակալ չլինել ժողովրդավարության ռահվիրա և անկախ մամուլի մեծ բարեկամ Սարգսյանից. պարտքը հատուցմամբ է գեղեցիկ։

Այս ընտրությունների արտասովորությունը նաև այն էր, որ ոչ միայն իշխանամետ մամուլը, այլև անձամբ Սերժ Սարգսյանը ողջ քարոզարշավի ընթացքում գուրգուրում էր իր մրցակիցներին, այդ թվում ու նախևառաջ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը մեծ ուրախությամբ արձանագրում էր, որ Րաֆֆու վարկանիշն աճում է։ Ինչևէ։

Անշու՛շտ, «Ժառանգության» ղեկավարի իրավունքն է կարծիք հայտնել լրատվամիջոցների, այդ թվում՝ մեր կայքի գործունեության վերաբերյալ։ Րաֆֆին ազատ է իշխանական լրատվամիջոցներին քծնելու, իսկ հակառակ թևի լրատվամիջոցների դեմ կռիվ տալու հարցում, բայց մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. նա նույն մոդելով է առաջնորդվում նաև քաղաքական դաշտում՝ քծնում է իշխանությանն ու պայքարում հակաիշխանական տիրույթի դեմ, ինչը խոսում է այն մասին, որ նա, այդուհանդերձ, ընդունել է Սերժի առաջարկը։

Տեսե՛ք. Րաֆֆին հաճույքով «երկխոսում» է Սերժ Սարգսյանի հետ և պարբերաբար բարձրաձայնում «ֆուտբոլասերի» ունեցած ու չունեցած արժանիքների մասին՝  միաժամանակ կռիվ տալով իր օգտին տրված քվեներն ընտրատեղամասում պահած ՀԱԿ–ի դեմ, այն ՀԱԿ–ի, որի ղեկավարը, որպես ազդեցիկ քաղաքական ուժ գլխավորող սուբյեկտ, միակն է, ով ընդունել է Րաֆֆիի հաղթանակը (անգամ Ազատության հրապարակում Րաֆֆու կողքը կանգնած և հարթակից ելույթ ունեցած ՀՅԴ ներկայացուցիչը հստակ չարտահայտվեց այդ մասին)։

Փաստորեն, Րաֆֆին հետևողականորեն ամեն ինչ անում է, որ քաղաքական, հասարակական և լրատվական դաշտում հակաիշխանական լայն կոնսոլիդացիա տեղի չունենա, և ընտրողի քվեին տեր կանգնելու պատրաստակամություն հայտնող բոլոր ուժերը միասնաբար հանդես չգան։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։ Փորձեք կռահել երեք անգամից։

7or.am

Հ.Գ.։ Անկախ նրանից, թե ինչ կանի Րաֆֆին, մենք ամեն կերպ նպաստելու ենք հետընտրական «ռասկաչկային», որպեսզի Սերժ Սարգսյանի քթից բերենք հերթական կեղծված ընտրությունները։ Մեր ուժերի ներածին չափով թույլ չենք տալու, որ Սերժ Սարգսյանը հանգիստ մարսի ընտրակեղծիքները, որքան էլ որ Րաֆֆու մտքով անցնի «ընտրությունների» արդյունքները բողոքարկելու համար Սահմանադրական դատարան չդիմելու և այդպիսով քվեարկության արդյունքներն անուղղակիորեն ճանաչելու տարբերակը։ 

Այս խորագրի վերջին նյութերը