Լրահոս

25.02.2013 16:27


Խոջալուի դեպքերի վերաբերյալ անգլալեզու ֆիլմը արդեն դիտել է 210 000-ից ավելի մարդ

Խոջալուի դեպքերի վերաբերյալ անգլալեզու ֆիլմը արդեն դիտել է 210 000-ից ավելի մարդ

«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» երկու մասից բաղկացած փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի շրջափակման, ռմբակոծությունների, ավերածությունների ու մարդկային ճակատագրերի խեղման, ինչպես նաեւ Խոջալուի ու շրջակա բնակավայրերից ադրբեջանական կրակակետերի լռեցման մասին, նախորդ շաբաթ ներկայացվել էր միջազգային հանրությանը` անգլերենով (http://www.youtube.com/watch?v=Gxc7jdIasQg):

Մոտ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ այդ ֆիլմը YouTube ցանցում արդեն դիտել է 210 000-ից ավելի մարդ, եւ այդ թիվը շարունակում է արագորեն աճել:

Ֆիլմը ռուսերեն առաջին անգամ ներկայացվել էր 2012-ի փետրվարին (http://www.youtube.com/watch?v=kvzfp9nb-VU), եւ մեծ հետաքրքրություն էր առաջացրել Հայաստանում եւ դրանից դուրս: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում, տարբեր համալսարաններում կազմակերպվել էին բաց կինոդիտումներ, սեմինարներ ու դասախոսություններ:

Ըստ էության, պատրաստվելով հերթական անգամ Ադրբեջանի` պետականորեն ֆինանսավորվող հայատյացության եւ ռասիստական քարոզչության համար կարեւոր հանգրվան հանդիսացող Խոջալուի դեպքերի տարելիցին` ֆիլմը արդեն հասանելի է նաեւ ավելի լայն միջազգային հանրությանը` անգլերեն թարգմանությամբ:

Հարկ է նշել, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ)` Ֆաթուլաեւն ընդդեմ Ադրբեջանի գործում (2010) որոշել էր, որ Ադրբեջանում ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախապայմաններ են խոսքի ազատությունը, բազմակարծությունը եւ հանդուրժողականությունը` պատմական իրադարձությունների մասին նոր փաստերի, մոտեցումների եւ մեկնաբանությունների վերաբերյալ:

«Ավելին` Դատարանը գտնում է, որ խոսքի ազատության կարեւոր բաղկացուցիչ է պատմական ճշմարտության վերհանումը… գոյություն ունեն տարբեր կարծիքներ` այդ իրադարձություններում Ադրբեջանի իշխանությունների եւ զորամիավորումների դերի վերաբերյալ», - նշվում է ՄԻԵԴ դատավճռում (պարագրաֆ 87):

Ֆիլմում առաջին անգամ հրապարակվող արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, հարցազրույցների ու քարտեզների միջոցով վերականգնված պատմական իրադարձությունները նոր փաստական հանգամանքներ են ներկայացնում` տարիներ ի վեր սեփական հասարակությունում եւ միջազգային հանրության շրջանում հակահայ, ռասիստական քարոզչությամբ «Խոջալուի իրադարձությունների» վերաբերյալ ադրբեջանական վարկածի դեմ:

 

Այս խորագրի վերջին նյութերը