Կարծիք

22.02.2013 16:14


Անտեր էլեկտորատ, սիրելի ժողովուրդ…

Անտեր էլեկտորատ, սիրելի ժողովուրդ…

Քսանհինգ տարի առաջ՝ փետրվարի 20-ին, ղարաբաղցի ուսուցիչ պապս կանգնել էր Բաղրամյան մետրոյի մոտ, որտեղ նախնական տվյալներով պիտի հավաքվեին առաջին հանրահավաքի մասին տեղյակ մարդիկ, ու հարցրել էր խորհրդային ոստիկանին. «Տղա՛ ջան, էստեղ միտինգը որտե՞ղ պիտի լինի»: Ոստիկանն ասել էր. «Հայրի՛կ, տուն գնա՛, ստեղ քո տեղը չի»: Հետո–75 ամյա պապս իր տոնական օրերի համար նախատեսված ձեռնափայտը ձեռքին իջել էր Օպերայի հրապարակ:

Պապս լաց էր լինում հրապարակում կանգնած` հենված իր տոնական ձեռնափայտին: Հազարից ավելի հայեր գոռում էին «Ղարաբաղ»: Պապս շփոթվել էր…

Նա հեռացավ կյանքից անաղարտ հայրենասիրության մթնոլորտի ապակայունացման փուլում, պատերազմ հաղթած : Հասցրեց տեսնել հակառակորդի ընդհուպ մոտենալը իր գյուղի դարպասներին, հասցրեց տեղահանվել ու հետ վերադառնալ, մտածել կատարվածի մասին՝ իր թթենու տակ նստած` բարձրահասակ, ծերացած մարմինը հենած հնացած ձեռնափայտին…

25 տարի առաջ ես` առաջին կուրսի ուսանող, հիացած ու անվերապահ պատկառանքով ու մեծարումով լսում էի Իգոր Մուրադյանի, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ամեն բառը, հիշում, որ ճշտությամբ վերարտադրեմ: Հետո զգում էի, որ ես երկրիս տերն եմ դառնում, որովհետև իմ բողոքը, իմ նստացույցը, իմ երթը խանգարում է երկրիս հանդեպ անտարբեր մարդկանց և իմ հաստատ համոզմամբ մոտեցնում «Ղարաբաղի» միացումը:

25 տարի առաջ կռիվ էինք տալիս ՀԽՍՀ իշխանությունների, Մ. Գորբաչովի, Լուկյանովի ու Դոլգիխի, ռուսական տանկերի, միտինգին չմասնակցողների հետ` մինչև կռիվը լրջացավ ու դարձավ զինվորի կռիվ….

25 տարի առաջ կիսած խաչապուրու հետ բացահայտ ցույց էինք տալիս մեր անբացատրելի ու անսպասելի սերը մեր կողքին կանգնած հայրենակցի հանդեպ:

25 տարի առաջ մենք մեզ համար բեմադրեցինք սեր, համարձակաություն, հետևողականություն, կամք, հոգատարություն` «բեմադրել» բառի լավագույն իմաստով:

25 տարի առաջ սկսեցինք փողոցներում բարձր երգել հայրենիքի ազատագրման մասին երգեր ու հասկացանք առաջին անգամ, որ մորթվելն ամոթ է:

25 տարի առաջ «օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ», թեև «Նաիրիտը» դեռ կար, «Պոլիվինիլացետատ»-ը կար, գործարանները ծխում էին ու Խաչիկ Ստամբոլցյանը բացատրում էր, որ մենք կկործանվենք, եթե այսպես շարունակվի, որ մեր երեխաները ծնվում են լուրջ հիվանդություններով... Եվ նրա զարմացած ու դեպի վեր բարձրացած հոնքերը մեզ լացելու աստիճան ազնիվ էին թվում, ու մենք լացակումած պայքարում էինք գործարանային ծխի դեմ, թեև «օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ», որովհետև օդում նորություն կար: Եվ այդ նորության ստեղծողն ու տերը մենք էինք: Նորության հոտը ամենահաճելի հոտն է…

25 տարի առաջ մենք կարճ ժամանակով ապրել ենք առանց վախի, որովհետև ռուսական վախը հոգեվարքի մեջ էր, իսկ մեր հայրենականը դեռ չկար:

25 տարի առաջ մենք Գերագույն խորհուրդ էինք ընտրել, որտեղ գրագետ, կրթված, նոր մարդիկ փորձում էին երկիր կառուցել: Սկզբում ամեն ինչ լավ էր… Մենք նախագահ էինք ընտրել: 25 տարի առաջ մենք շնչել ենք ազատության հոտը, զգացել ենք երկրի տերը լինելու կարճատև բերկրանքը:

25 տարի առաջ դեռ չէր հնչել «մեր դեմ խաղ չկա»-ն, չէր եղել մարտի մեկը, չէր ասվել «ինչքան ուզես խփենք»:

Մենք ազատ էինք, թեև` արդեն ազատ անկման մեջ…

25 տարի առաջ Օպերայի ձախ թևի պատին փակցված էր՝ «Փառք հօր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ» կտորի վրա գրված պաստառը: Հանուն այդ սուրբ երրորդության չէր այս անգամ մեր պատերազմը: Մենք հող էինք պահում:

Անցավ ուղիղ 25 տարի:

Եվ, միևնույն է, նրանք, ովքեր չունեցան 1988-ին ազատ անկման հրաշալի զգացողությունն ու մնացին ողջախոհ ու ողջամիտ (առանց չակերտների)` կորցրին իրենց երկրի տերն զգալու աստեղային ժամը: Կասեք` կարճատև: Ծանոթներիցս մեկն ասում էր՝ «կյանքում երջանիկ եղել եմ 14 օր, մարդ կա էդ էլ չի ունեցել»: Մենք էլ մեզ զգացինք մեր երկրի տերը մի քանի տարի…Ուրիշներն էդ էլ չեն ունեցել:

25 տարին լուրջ թիվ է: Քսանհինգը տարեդարձ չէ`փոխակերպում է: Քսանհինգ տարում 18 տարեկանը դառնում է 43 տարեկան, 25–ը` հիսուն: Եվ 1988-ին բերանները բաց «Ղարաբաղ» կոմիտեի ամեն բառը հիշող ուսանողներն այսօր առավոտյան` 2013-ի փետրվարի քսանմեկի առավոտյան, հրապարակում հոգնած ու ինտելեկտուալ ցինիզմով գնահատում էին հերթական քայլը, բայց իրականում` ներսում էն 1988–ի պատանու թաքուն սպասումով հրաշքի սպասելով: Իսկ 88-ի նորածինները այսօր մեր երիտասարդ 25ամյա ընկերներն են, որ երբեմն արդեն խորհուրդ են տալիս թեթև ապրել կամ ավելի նպատակասլաց լինել ու գործնական:

Քսանհինգ տարվա մեջ Օպերայի հրապարակն ինչ ասես չտեսավ: Շրջափակվեց ռուսական զորքով, ընդունեց իր աստիճաններին առաջին նստացույցը, քաղաքի առաջին հացադուլավորներին տեղ տվեց Սպենդիարյանն իր պատվանդանի ապահով քարերին: Քսանհինգ տարվա մեջ Օպերայի հրապարակից ճամփեցինք անհայտ հարատևություն մեր ծանոթ ու անծանոթ զինվորներին: Մարդկանց ոգևորությունից ցնծացող հրապարակը, որ իսկապես թվում էր ծանրությունից կբացվի ու մեզ կառնի իր մեջ` հետո ինչքան անհամուհոտ հանրահավաքներ տեսավ` ապարդյուն ու անհեթեթ: Հետո Օպերայի հրապարակում նորից հայտնվեցին հեծանիվներն ու սքեյթները, վազվզեցին ցեղական շները: Հետո մի օր որոշեցին փոխել Օպերայի ասֆալտը ու «Լինս»-ի հիմնադրամի շրջանակներում մեր հետքերը մաքրեցին այդ հրապարակից:

Հետո 2008 եղավ Օպերայում, հետո՝ մարտի մեկ:

Հետո նույնիսկ Թումանյանն ու Սպենդիարյանը հեռացան Օպերայից ժամանակավորապես ու նորոգումից հետո վերադարձան այլ գույնով: Հետո Օպերայի շենքի տակ առաջացավ մեծ ավտոկայանատեղի: 

Քսանհինգ տարի առաջ մենք վստահ էինք, որ մենք ենք Օպերայի տերը, որովհետև մենք «օպերայի ուրվականներ» չէինք, այլ վստահ, իրական, շոշափելի տղաներ, աղջիկներ, այրեր, տիկնայք: Քսանհինգ տարի առաջ սկիզբ դրվեց իրավունքի հանդեպ պատկառանքը, պարտականության գիտակցությունը: Հետո մեռան և՛ իրավունքը, և՛ պարտականության զգացումը: Միասին մեռան, մի օրում չէ` բայց միասին մեռան:

Քսանհինգ տարի անց, հաղթահարելով մի քանի կեղծված նախագահական ընտրություն, բազմաթիվ հուսահատություններից հուսահատ` 2013-ի փետրվարի 18-ին մենք չգնացինք ընտրության, գնացինք ու անվավեր սարքեցինք մեր քվեաթերթիկը քաղաքային ու քաղաքական ֆոլկլորի գլուխգործոցներով, ջնջեցինք վեցերորդին կամ ընտրեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նախքան այդ, շատերը ում կտայինք մեր ձայնը հեռացան քաղաքական ասպարեզից` ինքնակամ կամ պարտադրված: Այնուամենայնիվ հեռացան` լքված էլեկտորատի հարցական հայացքների տակ: Քննարկվեցին բոլոր տարբերակները` ով գնաց կոմպրոմիսի, ում հետ, ինչի դիմաց...

Ընտրությունը ոչ մրցակցային էր: Ու գործող նախագահը զարմացավ, թե «իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը…Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայերնակցի՞ բերեինք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ»:

Եվ լքված ընտրազանգվածը գնաց ընտրության: Ընտրեց ոչ մրցակցային Րաֆֆի Հովհաննիսյանին: Լքված ընտրազանգվածը ստեղծեց իր ֆավորիտին: Լքված էլեկտորատը արեց անհնարը: Ակնհայտ ու իրապես ոչ մրցակցային ընտրություններում, որտեղ գործող նախագահը խոստացել էր «խփել» յոթանասուն, ութսուն, ինսսուն տոկոս` կարողացավ «խփել» միայն 58: Լքված ընտրազանգվածը արեց անհնարը, ցույց տվեց, որ անմարդկային պայմաններում, որտեղ հանձնվեցին առաջնորդները` ինքը` անտեր էլեկտորատը, ավելի հաստատակամ եղավ: Ընտրեց ու նորից եկավ Օպերայի հրապարակ:

Այդ պահից սկսած այլևս նույնիսկ կարևոր չէ, թե ինչով կավարտվի վերջին քաղաքական գործընթացը, թե ինչ անսպասելի ու աննախադեպ բաներ կլինեն քաղաքական բեմում կամ Օպերայի հարթակում, բայց այն, որ ժողովուրդը չի մեռել և այդ չմեռնելու համար ինքը պարտական է միմիայն իրեն`հրաշալի է: Սիրելի, շատ սիրելի հոգնած, չգուրգուրված, անփույթ, տեղ-տեղ բարոյազրկվող, երբեմն դաժան ու չար, վերջին քսան տարում կիսագրագետ դարձած, չարքաշ, իմ սիրելի սիրելի ժողովուրդ: Եթե հնարավոր լիներ կգրկեի քեզ, ես` հայրենասիրական պաթոսից վաղուց զզվածս, սիրում եմ քեզ… Ապրես դու, իմ հոգնած հայրենակից…

Դե թող այլևս ով ում ձեռքն ուզում է սեղմի…

Եվ շարմազանովյան կիսաժպիտը, թե փոքրամասնություն ստացած ու 36 տոկոս ստացած թեկնածուն անլուրջ բաներ է անում, և Շարմազանովը թույլ չի տա, որ ոտնահարվի Հայաստանի ազատ քաղաքացու իրավունքը, որն արել է իր ընտրությունը և իր ձայնը տվել գործող նախագահին…` Արարատին նետված քար են՝ ի համեմատ անտեր, բայց կարգին ժողովրդի անկախ, անթիկունք, աներաշխիք ժողովրդի լուռ, անշեփոր, առանց ոգեշնչման արտաքին ազդակների, առանց քաղաքական աֆրոդիզյակների արած ընտրության :

Քսանհինգ տարի առաջ Օպերայի հրապարակում տասնմեկ տեր ունեցող հերոսական հայ ժողովուրդը` քսանհինգ տավա ընթացքում անցնելով ձեռքից ձեռք` դարձավ անտեր էլեկտորատ, բայց ինքնուրույն ժողովուրդ: Հասունացավ, ուրեմն : Մանկատան որբի նման ստիպված հասունացավ ինքնուրույն: Ապրես դու, ժողովո՛ւրդ…

Լուսինե Հովհաննիսյան

Աղբյուրը՝ http://www.zham.am/index.php?lid=am&pageName=ambeon&id=323755594 

Այս խորագրի վերջին նյութերը