Կարծիք

23.02.2013 12:30


«Փողոցը» գրավելու ծրագիր

«Փողոցը» գրավելու ծրագիր

Ով բազմաչարչար ազգ իմ հայոց, էս ի՞նչ մանիպուլյացիայի են քեզ ենթարկում, ես ի՞նչ միմոսություններ են անում, էս ի՞նչ փորձարկումներ են սարքում քո գլխին։ Խեղկտակային նախընտրական շրջանից պրծանք, հիմա էլ փողոցն են ուզում «կարեն» Րաֆֆի վրա։ Ու զավեշտալին այն է, որ շատերը դեռ ուտում են Բաղրամյան 26–ի այդ «կուտը»։ Ախր մեկ րոպեով մի քանի օր հետ գնացեք ու հիշեք, որ շատերը համոզված էին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փուչիկ է, ծաղրածու ու եսիմ չգիտեմ էլ ինչ։ Համոզված էին, որ նա մտնելով ընտրություններ կոչվող այս ֆարսի մեջ՝ լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի «հաղթանակը»։ Համոզված էին, որ իշխանությունը նրան ուզում է դարձնել երկրորդ տեղի թեկնածուն։ Ու հիմա, երբ այդ օպերացիան իրականություն դարձավ ու շարունակվում է ըստ սցենարի կյանքի կոչվել, այդ շատերից շատերը մոռացան իրենց համոզմունքներն ու սկսեցին կասկածել՝ կարո՞ղ է՝ Րաֆֆին իրոք ընդդիմադիր է։ Ավելին՝ նրան կոչ են անում տեր կանգնել ժողովրդի ձայնին։ Էստեղ են ասել՝ գառան գլխին գայլին են պահակ կանգնեցրել։

Իսկ հիմա փաստարկված. ընտրություններից անմիջապես հետո իր իսկ օգտին «խփած» ձայներից շշպռված Րաֆֆին իրեն դրեց իր երազած գործչի տեղը ու հիմա իբր համաժողովրդական շարժման առաջնորդ է ուզում դառնալ։ Իսկ իրականում Րաֆֆին առանց շեղվելու խաղում է Բաղրամյան 26–ի գծած խաղը՝ դառնալ «փողոցային» ընդդիմություն, այդ տարածքից իսպառ զրկելով ՀԱԿ–ին ու նաև ԲՀԿ–ին, «ֆուռոռ» անել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, որից հետո, արդեն որպես պաշտոնապես հռչակված թիվ մեկ ընդդիմադիր, «պահանջել» ու «ստանալ» արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հենց այս փոխզիջումային տարբերակն էլ բացօթյա ասուլիսում հնչեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այդ մասին նա խոսել է նաև Սերժ Սարգսյանի հետ։ Ճիշտ է, Սերժն ասել է «ոչ», բայց դե այս ամենը առևտուր է հիշեցնում։

Ակնհայտ է, որ ա՛յս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունը ձեռտնու է միմիայն իշխանությանը. ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը ներքին կազմակերպական լուրջ խնդիրներ ունեն և մինչև 2017թ. դեռ պետք է հասցնեն «ական»–ներից ինքնամաքրվել ու վերակազմակերպվել։ Հետևաբար արտահերթ խորհրդարանական ընտրություններով իշխանությունը լուծում է նաև երկրորդ խնդիրը՝ խորհրդարանը իսպառ մաքրում է իր կոկորդին կանգնած ՀԱԿ–ից ու ԲՀԿ–ից։ Ի վերջո ունենում ենք երկու խմբակցություն՝ ՀՀԿ–ն՝ ՕԵԿ–ի հետ միասնական ցուցակով, և «Ժառանգությունը»՝ ՀԱԿ–ին «քցած» «ֆեյք» ընդդիմադիրների և Բաղրամյան 26–ի «գուրգուրածների» հետ միասնական ցուցակով։ Ալյա՝ այսօրվա «Ժառանգություն» խմբակցությունը։ Ընտրություններում իրենց ուզած թիվը կնկարեն ու կհիմնավորեն՝ բա թե ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն չմասնակցեցին նախագահականին, դրա համար էլ նրանց ընտրազանգվածը հիասթափվեց իրենցից։ Աշխարհին էլ ցույց կտան՝ բա թե տեսեք՝ ինչ ժողովրդավար երկիր ու նախագահ ունենք՝ ընդդիմության պահանջին ընդառաջ գնաց։

Ի դեպ, խոխմա բան է ստացվում։ Պարզվում է՝ Բաղրամյան 26–ի այս սցենարից տեղյակ չեն նաև Սերժ Սարգսյանի թիմի անդամները (ինչպես միշտ)։ Այն ժամանակ, երբ Դավիթ Հարությունյանն ու Հովհաննես Սահակյանը միաբերան պնդում էին, թե Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի հետ, նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի։ Րաֆֆին էլ «ցանկացած» ժամին գնաց հանդիպման ու հիմա ուզում է ընդդիմության առաջնորդ նշանակվել։

Մի խոսքով՝ սթափվի՛ր, գեղամյաններ և արթուրբաղդասարյաններ տեսած ազգ իմ հայոց, մի՛ թույլ տուր, որ հերթական անգամ քեզ մատների վրա ֆռռացնեն։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ Անկեղծորեն կուզենայի սխալված լինել իմ գնահատականներում։ 

Այս խորագրի վերջին նյութերը