Մեկնաբանություն

20.02.2013 01:15


Մի քանի դիտարկում ծիրանագույն հեղափոխության թեմայով

Մի քանի դիտարկում ծիրանագույն հեղափոխության թեմայով

Կեղծված ընտրություններից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը խոսել է իրենց կողմից արվելիք ծիրանագույն հեղափոխության մասին։ Դրանից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով ապահովել իր բնակության անվտանգությունը։

Համադրելով այս երկու տեղեկությունները՝ ստանում ենք հետևյալ պատկերը։ Րաֆֆին գնում է ծիրանագույն հեղափոխության ճանապարհով, այսինքն՝ փորձում է կեղծված ընտրությունների արդյունքում 58 տոկոս «խփած» Սերժ Սարգսյանին հեռացնել (հազիվ թե հեղափոխության նպատակը լինի, ասենք, Էդուարդ Նալբանդյանի հրաժարականին հասնելը), բայց միևնույն ժամանակ դիմում է Սերժ Սարգսյանի ենթակա ոստիկանապետին և խնդրում մինչև հեղափոխության հաջող ավարտն ապահովել իր ընտանիքի անվտանգությունը։ Ամենահետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանի ենթակա Վլադիմիր Գասպարյանի «կանտոռան» պատրաստակամություն է հայտնում ապահովել ծիրանագույն հեղափոխության միջոցով նույն Սերժ Սարգսյանին հեռացնելու վճռականություն ունեցող մարդու անվտանգությունը։

Մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, որ, օրինակ, Վրաստանում Սահակաշվիլին վարդագուն հեղափոխության ժամանակ իր տան անվտանգության հարցով դիմած լիներ Շեվարնադձեին, բայց, դե, մերն ուրիշ է։

Անցնենք «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցչի ասուլիսին։ Խոսքս Րաֆֆի Հովհաննիսյանի բացօդյա ասուլիսի մասին է։ Նախահեղափոխական այդ ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքն ակնկալում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, որի ժամանակ կքննարկվի իշխանությունը ժողովրդին փոխանցելու հարցը։ «Ժառանգության» առաջնորդը մինչև փետրվարի 20–ի ժամը 17–ը ժամանակ տվեց ՀՀԿ ղեկավարին։

Բան չունենք ասելու, վատ պահանջ չի ներկայացնում Րաֆֆին, բայց մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես է համադրվելու իշխանությունը ժողովրդին փոխանցելու թեմայով Սերժ–Րաֆֆի երկխոսությունը ծիրանագույն հեղափոխության հետ։ 

Եթե Րաֆֆին անկեղծորեն համոզված է, որ Սերժի հետ երկխոսելով՝ կարող է ժողովրդին իշխանության տեր դարձնել (Րաֆֆին «ժողովուրդ» ասելով համեստորեն ինքն իրեն նկատի ունի), ապա լավագույն դեպքում տառապում է քաղաքական ռոմանտիզմով։ Իսկ եթե նա Սերժ Սարգսյանի հետ ուզում է հանդիպել այլ նպատակով, ապա դա արդեն ծիրանագույն հեղափոխություն չէ, այլ լրիվ ուրիշ բան։

Մի խոսքով, ծիրանագույն հեղափոխությունը մի քիչ տարօրինակ ձևով է սկսվել։ Հեղափոխականներին խորհուրդ կտայի հեղափոխության տեղն ու ժամը նախապես չհայտարարել կամ գոնե այնպես անել, որ Րաֆֆու տան մոտ հերթապահող ոստիկանները գլխի չընկնեն այդ մասին։ Կոնսպիրոլոգիան այս գործում լավագույն տարբերակն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը