Մեկնաբանություն

19.02.2013 12:42


Ի՞նչ կանի Րաֆֆին իր հաղթանակի հետ

Ի՞նչ կանի Րաֆֆին իր հաղթանակի հետ

Փետրվարի 18–ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներն ամենախայտառակ ձևով կեղծվել են։ Ժողովրդավարություն խաղացող Սերժ Սարգսյանի դերասանությունն ավարտվեց ընտրատեղամասերը փակվելուց րոպեներ անց։ Երբ հաշվարկներից պարզ դարձավ, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթում է ՀՀԿ թեկնածուին, իշխանությունը գնաց լկտիության և դադարեցրեց տեղեկատվության տրամադրումը։ ԿԸՀ–ի կայքը «պատահաբար» «կախվեց», իսկ կայքի վերագործարկումից հետո մեզ արդեն այլ՝ «դզած–փչած»  թվեր ներկայացվեցին։ ԿԸՀ–ն պարզապես թիվ «խփեց», բայց Սերժն այնպես էր պարտվել, որ «խփած» թվերը չկարողացան բերել նրա ուզած նվազագույնին՝ 60 տոկոսին։ Սերժի օգտին գրվեց կոոպերատիվ «Գելափի» նախապես ազդարարած 58%, այսինքն՝ տեղի ունեցավ բացահայտ թվանկարչություն։

Այս ամենը, իհարկե, սպասելի էր։ Մենք առիթ ունեցել ենք գրելու, որ օրինական ընտրությունների դեպքում Սերժ Սարգսյանը կպարտվեր անգամ «էպոսագետին» ու Արման Մելիքյանին։ Այդպես էլ եղավ։ Եթե կեղծիքները հանենք, ապա կստացվի, որ «անկախ» մամուլի կողմից արևմտամետ, բարեփոխիչ, հակաօլիգարխիկ ու ժողովրդավար ներկայացվող Սարգսյանն իսկի 1% չունի։ Նրա լեգիտիմությունը զրոյին մոտ է։

Քվեարկության փաստացի պատկերը ցույց տվեց, որ ընտրատեղամաս գնացած ընտրողներն իրենց քվեարկությամբ օգտագործել են վերջին շանսը և դեմ գնացել այս հակահայկական իշխանությանը։ Րաֆֆիի օգտին քվեարկել են սեփական կամքով ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր ընտրողները։ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ընտրազանգվածը, զրկված լինելով իր քաղաքական ներկայացուցիչներին ձայն տալու հնարավորությունից, Րաֆֆիին է ընտրել որպես բողոքի գործիք և Սերժի դեմ  քվեարկել։ Կարող ենք արձանագրել, որ Րաֆֆին դե ֆակտո հաղթել է առաջին փուլով։ Բայց հիմա խնդիրն այդ չէ։

Բոլորս էլ գիտեինք, որ Սերժը ձայն չունի։ Խնդիրն այդ ձայն չունենալը դե յուրե ամրագրելու մեջ էր։ Մենք կարծում էինք, որ այդ ամրագրումը հնարավոր չէր ապահովել առանց քաղաքական ու հասարակական լայն կոնսոլիդացիայի, կամ այլ կերպ ասած՝ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանի»։ Դեռևս խորհրդարանական ընտրություններից սկսած՝ Րաֆֆին ու մյուսներն ամեն ինչ արեցին, որպեսզի այդ կոնսենսուսը քաղաքական մակարդակում չկայանա, ինչը նշանակում էր, որ հնարավոր չի լինելու ձայները պահել։ Ահա թե ինչու էինք համարում, որ ընտրությունները ոչմրցակցային են, քանզի Սերժի մրցակից համարվողները չունեն համապատասխան ֆինանսներ ու քաղաքական մեքենա։ Ինչևէ։

Ուշագրավն այն է, որ հասարակությունը հստակ ցույց տվեց, որ ինքը, անկախ քաղաքական ուժերի խաղերից ու վախերից, չի խաղում և չի վախենում։ Ընտրողը քվեարկեց «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի օգտին։

Հիմա խաղաքարտերը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքում են։ Նա պետք է գնա որոշակի և կտրուկ գործողությունների՝ փորձելով պարտադրել քվեարկության արդյունքների վերանայում կամ հաղթանակի ամրագրում (բոլոր հնարավոր միջոցներով)։ Րաֆֆին կանգնած է «վարսավիրանոցայինից» իրապես քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին։ Հանգամանքների բերումով ստացած ձայները նրան տալիս են այդ հնարավորությունը։ «Թսիկությունը» և լղոզված ձևակերպումները չեն անցնելու և չեն ներվելու։ «Ռասկաչկայի» պարագում ամեն ինչ հնարավոր է։ Իշխանական համակարգն այնքան քանդված վիճակում է, որ կարելի է փլել այն, եթե, իհարկե, Րաֆֆին ընդառաջ չգնա «անկախ» լրատվամիջոցների տված «կտերին» ու չփորձի «քաղաքացիական» խաղեր խաղալ։

Թե ի՞նչ որոշում կկայացնի Րաֆֆին, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Այսօր ժամը 17:00–ին նշանակված է «Ժառանգության» առաջին հանրահավաքն Ազատության հրապարակում։ Բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Մնացածը տեղում կերևա։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Մեր ունեցած խիստ հավաստի տեղեկություններով, իրեն «թունդ ընդդիմադիր» ներկայացնող Արամ Զավենի Սարգսյանն աշխատել է Սերժ Սարգսյանի օգտին։ Այլ հարց է, որ նա տապալվել է բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ փորձել է ձայն բերել Սերժին, բայց դա արդեն էական չէ։ Էականն այն է, որ սույն «դհոլին» պետք է վերջնականապես «փչացնել» ու դասել գեղամյանների շարքին։

Այս խորագրի վերջին նյութերը