Մեկնաբանություն

15.02.2013 15:43


Հրանտ Բագրատյանի «բլյուզը»

Հրանտ Բագրատյանի «բլյուզը»

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մոտ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հռետորաբանության փոփոխություն է տեղի ունեցել։ «Եթե Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո Ձեզ առաջարկի վարչապետի պաշտոնում, ապա կհամաձայնե՞ք» հարցին եթե նախկինում նա խուսափողական պատասխան էր տալիս՝ նշելով, թե ինքը «եթե»–ներով չի ուզում խոսել, օրը կգա՝ բարին հետը, ապա այժմ հայտարարում է, թե չի շնորհավորելու Սերժին ու որևէ պարագայում պաշտոնի չի գնալու։

Սա, իհարկե, չի նշանակում, թե Բագրատյանը վերադառնալու է թունիսանալու կամ եգիպտանալու իր երբեմնի մոտեցմանը։ Բագրատյանի հռետորաբանության փոփոխությունը պարզապես ցույց է տալիս, որ իրեն «քցել» են, ու ինքը վերջապես հասկացել է այդ մասին։ Այսինքն՝ ոչ թե ինքը չի վերցնելու պաշտոն, այլ իրեն չեն տալու։

Հասկանալով, որ միանիշ տոկոս հավաքելով՝ հայտնվելու է երրորդ անիմաստ տեղում և այդպիսով չի կարողանալու անգամ ընտրություններից հետո տիտղոսային ընդդիմություն դառնալ, Բագրատյանը հիմա հստակ հայտարարում է, որ չի շնորհավորելու Սերժին ու իր կոլեգաներ Րաֆֆիին ու Պարույրին էլ առաջարկում է նույնքան հստակ արտահայտվել այդ մասին։ Բայց դա արդեն Սերժից «քցված» մարդու հուսահատ քայլ է, արթուրբաղդասարյանացումից փրկվելու միջոց։

Ի դեպ, Բագրատյանը երեկ հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերությունում՝ մի շարք հակասական մտքեր հայտնեց՝ ակամայից ցույց տալով, որ այլ հաշվարկներով է մտած եղել ընտրապայքարի մեջ և հիմա իրեն խաբված է զգում։ Նա մի կողմից համոզված հայտարարում է, թե փետրվարի 18–ին նախագահ է դառնալու, իսկ մյուս կողմից անընդհատ խոսում է այն մասին, որ Սերժին չի շնորհավորելու և նրանից պաշտոն չի վերցնելու։ Հարգելի՛ս, եթե համոզված ես, որ նախագահ ես դառնալու, ապա ինչո՞ւ ես անըդհատ խոսում այն մասին, թե չես շնորհավորելու և պաշտոն չես վերցնելու Սերժից։

Հաջորդը։ Բագրատյանը մի կողմից վստահ է, թե նախագահ է ընտրվելու, բայց մյուս կողմից էլ փաստում է, որ ընտրակեղծիքների դեմն առնել չի հաջողվել, ու մարդկանց փող է բաժանվում։ Հարգելի՛ս, եթե ընտրակեղծիքի դեմն առնելու հարցում խոստովանում ես անզորությունդ, ապա ինչո՞ւ ես քեզ հավատացողներին խաբում, թե նախագահ ես դառնալու։

Հարցն այն չէ, թե Հրանտն ավելի ցածր վարկանիշ ունի, քան Սերժ Սարգսյանը կամ մյուսները։ Այլ հավասար պայմաններում Սերժ Սարգսյանին կհաղթեր ոչ միայն Հրանտ Բագրատյանը, այլև ընտրագրավը մուծել չկարողանալու պատճառով չգրանցված Պավլիկ Սարգսյանը կամ կարատեիստը։ Հարցն ընտրակեղծիքների դեմն առնելու կարողության մասին է։ Եթե ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն այս պահին ընտրակեղծիքների դեմն առնելու տարբերակ չտեսան և չառաջադրվեցին, ապա ինչպե՞ս է հինգհոգանոց նախընտրական հանդիպումներ անցկացրած Բագրատյանը դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում, թե նախագահ է դառնալու։

Եթե նախկին վարչապետն անկեղծորեն համոզված է, որ նախագահ է դառնալու այս ընտրակեղծիքների պարագայում, ապա քաղաքական առումով անմեղսունակ է։ Իսկ եթե նա «էն գլխից» գիտեր, որ ոչինչ չի կարողանալու անել ընտրակեղծիքների մասով, քանզի ո՛չ թիմ ունի, ո՛չ էլ կարողություն, բայց այդուհանդերձ առաջադրվել է, որպեսզի մրցակցային ֆոն ապահովի և հետագայում էլ մի բան պոկի, ապա դա հաճախորդություն է։

Երրոդ տարբերակն այն է, որ Բագրատյանը խաղի մեջ մտավ պաթալոգիկ ինքնասիրահարվածության և չափազանցված ինքնագնահատականի պատճառով, բայց հընթացս հասկանալով, որ «բարի ընտրություններ» ծրագրի շրջանակներում իր հանդիպումներին ավելի շատ լրագրողներ են հավաքվում (գործի բերումով), քան համակիրներ, ստիպված հետքայլի ու չփչանալու ուղիներ է ման գալիս։

Ցանկացած պարագայում Բագրատյանի «բլյուզը» երգված կլինի արդեն փետրվարի 18–ից հետո։ Որպես քաղաքական գործիչ նրա միակ փրկությունն այն է, որ հրապարակավ ընդունի քաղաքական սխալը, անառակ որդու պես վերադառնա նախկին թիմ և իր ղեկավարած գրեթե մեկհոգանոց «Ազատություն» կուսակցությունը լուծարելուց հետո մտնի ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության մեջ, այլապես կկորչի քաղաքական դաշտից այնպես, ինչպես վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո էր կորել մինչև 2007թ. Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական վերադարձը։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Քանի որ ընտրական գործընթացն անլրջացել է դրա մասնակիցների պատճառով, ուստի իմաստ չենք տեսել լրջորեն քննարկել Հրանտ Բագրատյանի առաջարկած տնտեսական ծրագիրը։ Միայն նկատենք, որ փիլիսոփայության առումով այն կապ չունի ազատականության հետ, իսկ առաջարկվող գործիքակազմի մեջ բոլշևիկյան մոտեցումներ կան մասնավորապես խոշոր բիզնեսի մասով։

Մի խոսքով՝ Բագրատյանի տնտեսագիտական մոտեցումները նույնքան բարձրակարգ են, որքան նրա սիրողական մակարդակի բլյուզը։

Այս խորագրի վերջին նյութերը