Տնտեսական

24.06.2009 11:42


ՀՅԴ–ն Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություն է ներկայացրել

ՀՅԴ–ն Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություն է ներկայացրել

Հունիսի 23-ին ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» մասնաճյուղում ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝  «Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով։ Ուսումնասիրությունը պատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Լոքյանը ներկայացրել է ուսումնասիրությունների ամփոփ փաստաթուղթը։ Աշխատության նպատակն է բացահայտել ու որակել սահմանի վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները և սահմանել դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշման նախընտրելի ուղիները։ Փաստաթղթում դիտարկվում են երկու երկրների տնտեսության հիմնական հատվածներն ու դրանց համեմատությունը, ինչպես նաև ներմուծումների, արտահանումների և արտադրության վրա ազդող կարգավորումն ու դրանց համեմատությունը։ Փաստաթղթում նարառված են նաև առաջարկություններ վերոնշյալ հիմնախնդիրների շուրջ և եզրակացություններ։

-Եթե մենք խնդիրը պարզեցնում ենք և դնում ենք հարցադրում՝ ձեռնտո՞ւ է, արդյոք, Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը՝ ունենալով բաց սահման, բնական է, որ տեսականորեն պատասխանը միանշանակ է՝ այո՛։ Սակայն, այսօրվա Թուրքիայի տնտեսությունն ունի հզորագույն մեխանիզմներ, որոնք կարող են արգելել ցանկացած ապրանքատեսակների մուտքը Թուրքիա. պետությունը 40 տարվա ընթացքում մշակել է լուրջ մեխանիզմներ՝ դրանք հասցնելով կատարելության։ Որոշ դեպքերում նույնիսկ խախտելով միջազգային շատ պայմաններ՝ Թուրքիան կարողանում է իր երկիրը զերծ պահել ոչ բարենպաստ ներմուծումներից,- ասել է Դավիթ Լոքյանը։

Մասնավորապես, ներմուծումների վրա ազդող կարգավորումներից թիվ 1-ը համարվում է մաքսատուրքերի չափը։ Թուրքիան, ի տարբերություն ՀՀ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու պարագայում իր ապրանքատեսակների 50%-ի համար ամրագրված մաքսատուրքեր չի սահմանել։ Եվ այն պարագայում, երբ Թուրքիային անհրաժեշտ չէ որոշ ապրանքատեսակների մուտք իր երկիր, նա կիրառում է բարձր մաքսատուրք։ ՀՀ-ի և Թուրքիայի նույնատիպ ապրանքների մաքսատուրքերի համեմատության մեջ երևում է, որ գյուղատնտեսական ապրանքատեսակների մասով դրանց հարաբերությունը կազմում է 46,8 և 6,9 հարաբերակցություն՝ մոտ 8 անգամ բարձր։

Ներդրումների հարցում Թուրքիան որոշակի ներմուծումների նկատմամբ լրավճարներ է տալիս, եթե այն ուղղվում է թերզարգացած, բացասական ինդեքսով տարածաշրջաններ։

Բնականաբար, եթե Թուրքիան բազմաթիվ արգելքներ է դնում, որպեսզի ներմուծումները փոքրացնի, դրանով նա խրախուսում է տեղական արտադրությանը և լրացուցիչ գործիքներ ու միջոցներ է ստեղծել, որոնցով փորձում է հզորացնել արտահանման համակարգը։ Այդ միջոցներից է արտահանման ֆինանսավորումը, որը Թուրքիայում թիվ 1 խնդիրն է։ Այդ նպատակով Թուրքիայում ստեղծվել է արտահանումների խրախուսման բանկ (Թուրքական Էքսիմբանկ), որի գործառույթը սահմանափակում է արտահանումները ֆինանսավորելով։

Թուրքիան ունի հզոր ՓՄՁ զարգացման ցանց, որը մեծ օժանդակություն է ցուցաբերում գործարարներին։ Թուրքիայում գործում է  ազատ տնտեսական 20 գոտի, որոնց համար պետությունը լիարժեք պայմաններ է ստեղծել՝ արդյունավետ տնտեսություն վարելու համար։

Ներկայացվածը դիտարկումների մի փոքր մասն է կազմում, իսկ փաստաթուղթն ամբողջությամբ ՀՅԴ-ն ներկայացրել է ՀՀ կառավարությանը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը