Մեկնաբանություն

13.02.2013 18:46


Պարո՛ն Սարգսյան, սա արդեն «կիքս» չէ (տեսանյութ)

Պարո՛ն Սարգսյան, սա արդեն «կիքս» չէ (տեսանյութ)

Քարոզչական շրջանի ավարտին դեռ մի քանի օր կա, բայց արդեն կարելի է ամփոփել այն և ասել, որ նման անլուրջ և «կիքսային» գործընթաց երբևէ չէր եղել։

Քաղաքական թատրոնի կայացման մեջ իրենց մեծագույն ավանդը ներդրեցին գրեթե բոլոր թեկնածուները։ Եվ դժվար է ասել, թե ով էր անլրջության և կիքսարշավի առաջատարը՝ քարոզչությունը «reality show»–ի վերածող և մուրացկանից հաց փախցնող Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, «ռուսական իմպերիալիզմի» դեմ օրումեջ պայքարող Պարույր Հայրիկյա՞նը, համեստությամբ աչքի ընկնող Հրանտ Բագրատյա՞նը, թե՞ խիարի թարս բուսնելու պատճառներից հասկացող և «չեբուրաշկաներից» սատարվող Սերժ Սարգսյանը։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը շուտով ոչ միայն 100–ից 90, 80, 70 կամ 60  «կխփի», այլև կխփի ուրույն ռեկորդներ։

Սարգսյանը, թերևս, օրերն է հաշվում, թե երբ պետք է ավարտվի «մրցակցային ընտրություններ» կոչված մղձավանջը, որպեսզի կրկին «փակվի» հասարակությունից ու ցույց չտա իր «մերկությունը»։ Իսկ առայժմ շոուն շարունակվում է։

Ինչպես տեղեկանում ենք «Առավոտ» էլեկտրոնային պարբերականից՝ Վարդենիսում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին պատմության մեջ է ընկել՝ ինքն էլ չզգալով, որ դա արդեն «կիքս» չէ, այլ մառազմ։

Բանն այն է, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ եւ բոցաշունչ դիֆերամբ է ձոնել Սերժ Սարգսյանին: Թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասել է. «Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմ»: Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրել է ադրբեջաներեն: Սարգսյանն էլ հումոր է արել՝ «Էդ ոնց որ կարոտե՞լ եք, հա, ինչ-որ ժամանակների» ու մինչ այդ մարդը փորձել է իր սրտի խոսքը հայերենի վերածել, նախագահ Սարգսյանն ասել է. «Պետք չի, պետք չի թարգմանել, երեւի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»։

Ինչպես ասում են «no comment»:

Սևակ Մինասյան

Հ. Գ.: Կոչ ենք անում ՀՀԿ ղեկավարին ու իր թիմակիցներին։ Դադարեցրե՛ք ընտրարշավը։ Միևնույն է տոկոսներն արդեն «խփված» են և իրական պայքարն սկսվելու է փետրվարի 18–ից հետո ու պայքարի լրիվ այլ մասնակիցներով։ Չարժե, հետևաբար, ձևականությունների հետևից ընկնել ու հիմար վիճակի մեջ դնել մեր պետությանը և ՀՀ քաղաքացիներին, քանզի ադրբեջանցիներն էլ են հետևում մեզ։ Հազիվ թե Ալիևի ձևական քարոզարշավի ժամանակ ադրբեջանցիները նրան իրենց սրտի խոսքն ասեն հայերեն լեզով ու հազիվ թե Իլհամը հայտարարի, թե ինքը հայերեն լավ հասկանում է և պետք չէ թարգմանել։

Եվ ուրեմն, դադարեցրե՛ք այս թատրոնը։ Այն արդեն վտանգավոր է դառնում և հարվածում մեր արժանապատվությանը։

Այս խորագրի վերջին նյութերը