Լրահոս

12.02.2013 10:12


Ընտրություններ 2013. Փետրվարի 11-ի դրությամբ ստացվել է 20 հաղորդում

Ընտրություններ 2013. Փետրվարի 11-ի դրությամբ ստացվել է 20 հաղորդում

2013թ. փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող Հայաստանի Հանրապետության գլխավոր և զինվորական կենտրոնական, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումների ընդունման, գրանցման ու քննարկման ընթացքի վերաբերյալ

Փետրվարի 11-ի դրությամբ ստացվել է 20 հաղորդում, որոնցից 11-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում:
20 հաղորդումից 3-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 2-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 14 հաղորդման քննարկումն ընթացքում է:

Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներն ու դիմումները. 

1. 2013թ. հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի` 2013թ. հունվարի 8-ի բողոքը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ և 393-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ չնայած հղում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների, սակայն իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ օրենսդրական փոփոխություններ իրականացնելը դատախազական գործառույթներ չեն:

2. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի` 2013թ. հունվարի 15-ի բողոքը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Դիմումատուին կրկին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, իսկ բարձրացրած մյուս հարցադրումները դատախազական գործառույթներ չեն:

3. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանի` 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի հիմքով իրեն ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու հռչակելու մասին:
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում:

4. 2013թ. հունվարի 24-ին` ժամը 17:25-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանից այն մասին, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 33 շենքի մոտ իրեն խոչընդոտում են և չեն թողնում բաժանել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական բուկլետները:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ոստիկանություն ահազանգած Սուսաննա Բարխուդարյանը, սակայն վերջինս, պատճառաբանելով իր զբաղվածությունը, հրաժարվել է ներկայանալ:

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Սուսաննա Բարխուդարյանը, հանդիսանալով ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի Մալաթիա-Սեբաստիա համայնքի համակարգող, սույն թվականի հունվարի 24-ին` ժամը 17:30-ի սահմաններում, քարոզարշավի շրջանակներում գտնվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 33 շենքի մոտակայքում և քաղաքացիներին, պատահական անցորդներին, բաժանել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրի վերաբերյալ բուկլետներ, որի ժամանակ Սուսաննա Բարխուդարյանը, մոտենալով վերոնշյալ հասցեի տարբեր հատվածներում կանգնած մի քանի երիտասարդների, նրանց առաջարկել է բուկլետներ, սակայն վերջիններս չեն ցանկացել դրանք վերցնել, պատճառաբանելով, որ իրենք չեն ցանկանում ընտրել նշված թեկնածուին, որից հետո Սուսաննա Բարխուդարյանը հեռացել է` շարունակելով իր քարոզարշավը:
Նկատի ունենալով, որ «Ժառանգություն» կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հանգամանքը բացակայում է, 2013թ. փետրվարի 7-ին քրեական գործ հարուցելը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Ր. Հովհաննիսյանին գրավոր տեղեկացվել է, որ ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում Ս. Բարխուդարյանը հրաժարվել է բացատրություն տալ եւ չի ներկայացել ոստիկանության բաժին, իսկ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել, որ հիմք ընդունվեն 25.01.2013թ. իր կողմից հաղորդում տալուց հրաժարվելու մասին արձանագրությունը, ինչպես նաև` բացատրություն տալուց հրաժարվելու արձանագրության մեջ դեպքի առնչությամբ հակիրճ մեջբերումը:

Միաժամանակ, Ր. Հովհաննիսյանին հայտնվել է, որ քրական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, կարող են այն բողոքարկել:

5. 2013թ. հունվարի 24-ին` ժամը 14 :50-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանը զանգահարել է Ոստիկանության «թեժ գիծ» և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը խաչընդոտում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի օգտին գյուղում իրականացվող քարոզարշավին:
Նույն օրը` ժամը 15 :30-ին, Հայարփի Նորեյանը կրկին ահազանգել է նույն հեռախոսահամարին և հայտնել, որ Վանաշենի գյուղապետը գումար է պահանջում` քարոզչական պաստառներ փակցնելու թույլտվություն տալու համար:

Հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012թ. դեկտեմբերի 17–ին Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները, որոշում է կայացրել` ՀՀ նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Վանաշեն գյուղի համայնքի տարածքում նախագահի թեկնածուների կողմից քարոզչական պաստառներ փակցնելու համար համապատասխան տարածքներ առանձնացնելու մասին: 

2013թ. հունվարի 24-ին` ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քարոզարշավ իրականացնող Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը մեկնել են Վանաշեն գյուղ, որպեսզի համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնեն և ընտրողների շրջանում տպագիր նյութեր տարածեն: Գյուղում Գևորգ Օհանջանյանը մտել է գյուղապետարան, որպեսզի գյուղապետից տեղեկանա, թե որտեղ իրենք կարող են քարոզչական պաստառներ փակցնել: Սակայն գյուղապետը և գյուղապետարանի մյուս աշխատակիցները տեղում չեն եղել: Գևորգ Օհանջանյանը խմբի մյուս անդամների հետ գյուղի կենտրոնական փողոցում սկսել են համագյուղացիների շրջանում տպագիր նյութեր բաժանել, զրուցել են հավաքված ընտրողների հետ` սպասելով գյուղապետին: 

Քիչ անց փողոցով քայլելով վերջիններիս է մոտեցել համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը և տեղյակ չլինելով, որ նրանք ի սկզբանե գյուղապետարան են գնացել, կարծել է, թե վերջիններս ցանկանում են պաստառներ փակցնել ըստ իրենց ցանկության, նրանց ասել է, որ իրենք իրավունք չունեն առանց համայնքի ղեկավարի թույլտվության պաստառներ փակցնել ցանկացած վայրում: Խմբի ղեկավար Գևորգ Օհանջանյանը, կարծելով, որ Արտաշես Գրիգորյանը արգելում է իրենց քարոզչությամբ զբաղվել, զանգահարել է «Ժառանգություն» կուսակցության Արարատի մարզի կոորդինացնող Մայիս Միքայելյանին և ասել, որ համայնքի ղեկավարը խոչընդոտում է քարոզարշավին: 

Տեղեկանալով այդ մասին` Մայիս Միքայելյանը զանգահարել է նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանին և ասել, որ Վանաշեն գյուղի համայնքի ղեկավար Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին: Հայարփի Նորեյանն էլ ահազանգել է ոստիկանության համապատասխան ծառայություն և հայտնել է այդ մասին: Այդ ընթացքում Արտաշես Գրիգորյանը և Գևորգ Օհանջանյանը միասին գնացել են գյուղապետարան, որտեղ զրուցել են: Գյուղապետը պարզաբանել է Գևորգ Օհանջանյանին օրենքի պահանջը, որից հետո նրանք շարունակել են իրենց քարոզարշավը:

Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը բացատրություն է տվել, որ գյուղի կենտրոնում նկատելով հավաքված բազմություն` մոտեցել է ու տեսել անծանոթ անձանց, ովքեր ներկայացել են որպես ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, այն, որ պետք է համապատասխան դիմում ներկայացնեն և պաստառները փակցնեն այդ նպատակի համար նախատեսված տեղերում, սակայն շտաբի անդամները չեն համաձայնվել իր հետ, հայտարարել են, որ գյուղապետը խոչընդոտում է իրենց աշխատանքը:

Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը ներկայացրել է նաև համայնքի ավագանու` 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր (3հասցե) առանձնացնելու մասին:
Հայարփի Նորեյանը և մյուսները 2013թ. հունվարի 25-ի դրությամբ չեն ներկայացել բացատրություններ տալու, որի համար նրանք ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը բացատրություններ են տվել, որ իրականում Արտաշես Գրիգորյանը իրենց քարոզարշավին չի խոչընդոտել, ուղղակի միմյանց ճիշտ չեն հասկացել: Նշել են նաև, որ Արտաշես Գրիգորյանը պաստառներ փակցնելու համար իրենցից գումար չի պահանջել, որ իրենք նման բան Մայիս Միքայելյանին չեն ասել: 

Նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանն իր բացատրությունում նշել է, որ Մայիս Միքայելյանն իրեն գումարի հարցի շուրջ ոչինչ չի ասել, նման տեղեկատվություն ինքը ոստիկանությանը չի հայտնել, ուղղակի երկրորդ անգամ, երբ ոստիկանություն է ահազանգել, փորձել է ճշտել, թե արդյոք Վանաշեն գյուղում առաջացած խնդիրները կարգավորվել են, թե` ոչ: Հայարփի Նորեյանը միաժամանակ հայտնել է, որ գումար պահանջելու մասին խոսակցությունը հավանաբար թյուրիմացության արդյունք է, ինքը ոստիկանության աշխատակցին միայն «թույլտվության» պահանջի մասին է հայտնել, գուցե նա իրեն ճիշտ չի հասկացել: 

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վանաշենի համայնքապետ Արտաշես Գրիգորյանի գործողություններն օրինական են, նա չի խոչընդոտել թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնող անձանց լիազորությունների իրականացմանը, այլ միայն պահանջել է գործել օրենքով սահմանված կարգով, ուստի` նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված հանցագործության կամ որևէ այլ հանցագործության դեպքը, որի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որոշում է կայացվել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանի ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Որոշման մեկ օրինակն ուղարկվել է Հայարփի Նորեյանին` նրան պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը:

6. 2013թ. հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քաղաքացիներ Աշոտ Խաչատրյանի, Կարեն Հարությունյանի, Սևակ Մամյանի, Միհրան Մարգարյանի, Վահագն Մինասյանի և Սարո Սարոյանի անվամբ նշված անստորագիր դիմումը, որում կոչ է արվել պետական մարմիններին ՀՀ Սահմանադրության պահանջներով առաջնորդվել և իրավունքի գերակայություն սահմանել: 
Նկատի ունենալով, որ դիմումատուներից որևէ մեկը դիմումը չի ստորագրել, իրենց հեռախոսահամարները կամ հեռախոսահամարը, ինչպես նաև հետադարձ հասցե դիմումում չեն նշել, այլ միայն դիմումի ծրարի վրա նշել են «ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, Հատիսի փ., 1-ին նրբանցք, տուն 2, Սարո Սարոյան», ուստի` դիմումն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն` նշված անձանց բնակության վայրը կամ հաշվառման հասցեները պարզելու և դիմումի կապակցությամբ համապատասխան պարզաբանում տալու նպատակով: 

7. 2013թ. հունվարի 31-ին ժամը` 17:15-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել «Ժառանգություն» կուսակցության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատասխանատու Սեդա Մելիքյանից այն մասին, որ Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2 և 3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտում են իրենց քարոզարշավին` չթողնելով բնակիչներին բուկլետներ բաժանել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

8. 2013թ. հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց, անհայտ անձը, սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա:
Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանն ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով 01.02.2013թ. հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում, անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի և լրիվ ծավալով հնարավոր է իրականացնել քննչական խմբի միջոցով, ՀՀ գլխավոր դատախազի` 01.02.2013թ. ցուցումի համաձայն` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:

Քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետը, քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար համատեղ խմբում ընդգրկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ և ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունների քննիչներ և համապատասխան օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործով կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրից առգրավվել են 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, միևնույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև` դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Պարույր Հայրիկյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, կույր, փափուկ հյուսվածքների և մկանների վնասումով, վիրավորման, կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, շոշափող վնասվածքի ձևերով պատճառված են գնդակներով լիցքավորված հրազենից արձակված կրակոցներով և վնասվածքները միասին վերցված պատճառվել են առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Պարույր Հայրիկյանը 01.02.2013թ. որոշմամբ ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը: 
Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 10.02.2013թ. որոշումներով Խաչատուր Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
Սամվել Հարությունյանը 10.02.2013թ. որոշումներով ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

Քրեական գործով կատարված դատաձգաբանական, դատաքիմիական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված 1941թ. արտադրության 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի փողից են կրակված դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված երկու հատ 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի ռևոլվերային փամփուշտների կրակված գնդակները: 
Նախաքննությունը շարունակվում է:

9. 2013թ. փետրվարի 9-ին` ժամը 11:45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մուրացան 184 հասցեում գտնվող Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբի պաստառները գողացել են:
Վերը նշված հասցեում գտնվող Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբի պետ Արմեն Զաքարյանը հաղորդում է տվել, որ 2013թ. փետրվարի 8-ին` ժամը 20:00-ից մինչ փետրվարի 9-ը, ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պոկելու միջոցով գողացել է շտաբի ճակատային հատվածում փակցված պաստառը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 

ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից.

1. 2013թ. հունվարի 21-ին «www.aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ հոդվածը:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հետագա քննարկման: 

2. 2013թ. հունվարի 21-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Աշտարակ քաղաքի Էլեկտրացանցում կազմակերպում են ստորագրահավաք` գրանցելով քաղաքացիների անձնագրային տվյալները:
Հաղորդումն ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

3. 2013թ. հունվարի 24-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարի` 30.01.2013թ. գրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրվել է տրամադրել լրացուցիչ նյութեր` հաղորդումն ստուգելու և ընթացք տալու համար: Դեռևս պատասխան չի ստացվել:

4. 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի շենքերի պատերին և էլեկտրասյուներին հայտնվել են պաստառներ «Ոչ ասենք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ հոդված:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հետագա քննարկման:

5. 2013թ. հունվարի 31-ին «ww.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվել է.
«Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել: 
Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:

6. 2013թ. փետրվարի 2-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ շտաբի աշխատակից Էդմոն Եգանյանը հայտնել է, որ Արթիկ քաղաքի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, ով կազմակերպում է ժողովներ և հավաքում պետական աշխատողների անձնագրային տվյալները:
Հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

7. 2013թ. փետրվարի 2-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացի Հեղինե Սիմոնյանը (ք.Երևան, Շահումյան 16/16) նշել է, որ գազի տեսուչը պահանջել է իրենից անձնագրային տվյալները նշելով, որ իրենց կընդգրկեն Սերժ Սարգսյանի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացին հրաժարվել է, որի արդյունքում տեսուչը անջատել է իրենց տան զազը` պատճառաբանելով պարտքի առկայությունը:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն` հետագա քննարկման:

8. 2013թ. փետրվարի 4-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Սուսաննա Բարխուդարյանը տեղեկացրել է, որ նա այցելել է Երևան քաղաքի Անդրանիկի 74 հասցեում գտնվող «վետերանների օթևան», որի աշխատակիցները թույլ չեն տվել, որ «Ժառանգության» քարոզչանյութերը բաժանեն ծերերին` պնդելով, որ իրենք կփոխանցեն:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն` հետագա քննարկման:

9. 2013թ. փետրվարի 5-ին «www.tert.am» ինտերնետային կայքում հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդված:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա քննարկման:

10. 2013թ. փետրվարի 5-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Կարճաղբյուրի գյուղապետի կարգադրությամբ գյուղի դպրոցի տնօրեն Տարիել Գրիգորյանը պարտադրել է բոլոր ուսուցիչներին հավաքել անձնագրերը և միևնույն ժամանակ ամեն մեկին պարտադիր հրահանգ իջեցրել, որ ով որքան կարող է ցուցակով անձնագրեր հավաքի և բերի իրեն ներկայացնի, եթե չի ուզում, որ տհաճ իրավիճակում հայտնվի: Ահազանգը փոխանցողը ցանկացել է անանուն մնալ:
Հաղորդումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն` հետագա քննարկման:

11. 2013թ. փետրվարի 10-ին «www.iditord.org» էլեկտրոնային կայքում տեղադրվել է հրապարակում այն մասին, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամներն այցելում են բնակարաններ և ընտրակաշառք առաջարկում, մասնավորապես` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկում են 20.000 դրամ:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը