Լրահոս

11.02.2013 17:32


Անցկացվել են «Հարկային օրենսդրության և վարչարարության նորություններ» թեմայով իրազեկման հանդիպումներ

Անցկացվել են «Հարկային օրենսդրության և վարչարարության նորություններ» թեմայով իրազեկման հանդիպումներ

 Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով  հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, դեռևս նախորդ տարիներից ձևավորված ավանդույթի համաձայն, հենց տարեսկզբից հարկ վճարողների հետ տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում հանրապետության ամբողջ տարածքում` Երևանի հարկային, այդ թվում խոշոր հարկ վճարողների և մարզերի բոլոր տարածքային հարկային տեսչություններում` միաժամանակ շարունակելով նաև ոլորտային հանդիպումները:

Այսպես, 2013 թվականին ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրական փոփոխությունների և վարչարարության նորությունների վերաբերյալ հարկ վճարողների իրազեկվածության բարձրացման նպատակով, ՊԵԿ նախագահի հրամանով հունվարի 21-ից փետրվարի 5-ը հանրապետության ամբողջ տարածքում` Երևանում և մարզերում անցկացվել են «Հարկային օրենսդրության և վարչարարության նորություններ» թեմայով իրազեկման շուրջ 30 հանդիպումներ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ այդ միջոցառումների ընթացքում ՊԵԿ վերադաս մարմնի ներկայացուցիչները հարկ վճարողներին ներկայացրել են այս տարվանից գործող հարկային օրենսդրական նորամուծությունները, մասնավորապես «Հարկերի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «ԱԱՀ-ի մասին», «Շահութահարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Ակցիզային հարկի մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև եկամտային հարկը և շրջանառության հարկը: «Այդ հանդիպումների ընթացքում բիզնեսի կողմից մեզ ուղղվել են շուրջ 2500 հարցեր` կապված հարկային օրենսդրության տարբեր դրույթների կիրառման հետ, որոնց շուրջ հարցուպատասխանի միջոցով մասնագիտական պարզաբանումներ են տրվել  ավելի քան 8500 հարկ վճարողների, հաշվապահների, ֆինանսիստների»:  Ըստ Վախթանգ Միրումյանի,  հարցերի գերակշռող մասը վերաբերել էր 2013թ. հունվարի 1-ից կիրառվող եկամտային հարկին, մասնավորապես եկամտային հարկի հաշվարկների էլեկտրոնային եղանակով ներկայացմանը: Երկրոդ տեղում փոքր և միջին բիզնեսի կողմից բարձրացված հարցերն էին` ուղղված հիմնականում նոր հարկատեսակի` շրջանառության հարկի կիրառմանը. «Պետք է նշել, որ այս իրազեկման հանդիպումների արդյունքում մեզ հաջողվեց արձանագրել, որ այն մտահոգությունները փոքր և միջին բիզնեսի մոտ` շրջանառության հարկի ոչ միատեսակ ընկալվելու հետ կապված` ամբողջությամբ փարատվել են: Այս հանդիպումների ընթացքում մենք համոզվեցինք, որ նման եզրահանգումները պարզապես արդյունք էին օրենսդրական դրույթներին ոչ լավատեղյակ լինելուն: Այսինքն, իրազեկման աշխատանքների, հարցուպաատսխանի շնորհիվ մեզ հաջողվեց բիզնեսին մատուցել օրենսդրական դրույթների էությունը»:

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքերով, հարկ վճարողներն օրենսդրական պարզաբանումներ են ստանում նաև հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի միջոցով: «Կենտրոնն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված. յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր րոպեն մեկ պատասխանում է մինչև 5 րոպե տևողությամբ հեռախոսազանգի և ոչ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ է տրամադրում հարկ վճարողներին»:

Ի դեպ, հարկ վճարողներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են գտնել նաև ՊԵԿ պաշտոնական կայքէջում: Այսպես, իրազեկման հանդիպումների ընթացքում բարձրացված  և գրավոր ներկայացված հարցերն ի մի  են բերվում, դասակարգվում են ըստ  բովանդակության և տրվում են համապատասխան պարզաբանումներ և տեղադրվում taxservice.am-ի` «Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան» բաժնում: Նշենք, որ իրազեկման հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես Երևանում` ԽՀՎ, Կենտրոնի, Արաբկիրի, Նոր Նորքի, Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի հարկային տեսչություններում, այնպես էլ մարզերում` Հրազդանի, Չարենցավանի, Արտաշտի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Գյումրու, Վանաձորի, Կոտայքի, Նաիրիի, Սևանի, Իջևանի, Գավառի, Մարտունու, Աշտարակի, Մասիսի, Էջմիածնի, Արմավիրի, Արթիկի տարածքային հարկային տեսչություններում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը