Կարծիք

09.02.2013 13:53


Ինչի՞ մասին է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը

Ինչի՞ մասին է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը

Գովազդային լայնածավալ արշավից հետո էկրան բարձրացավ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմը (ռեժիսոր` Հրաչ Քեշիշյան, սցենարիստ` Քրիստ Մանարյան, «Պանարմենիան ֆիլմս»)։ Դատելով հանդիսատեսի մեծ հոսքից` Երևանում ոչ բոլորն են ֆիլմին հումորով վերաբերվում՝ «Я Гарегин Нжде» ֆեյսբուքյան մեմի ազդեցությամբ։ Շատերը, ինչքան հասկացա, դահլիճից դուրս եկողների դեմքերին նայելով ու խոսակցությունները լսելով, հավանել էին ֆիլմը, հուզվել։

Ես էլ, հումորը մի կողմ դնելով, ուզում եմ սկսել նրանից, ինչը հաջողված եմ համարում։ Հիանալի է ընտրված տարիքով Նժդեհի դերակատարը` Արտաշես Ալեքսանյանը։ Կոշտուկոպիտ դիմագծեր, խորը կնճիռներ, բամբ ձայն` արտաքին այս տվյալներն օգնում են, որ դերասանը մարմնավորի մի կերպարի, ով ունի կամք` հրաժարվելու ընտանիքից և հանձնվելու հակառակորդներին` հանուն վեհ նպատակների իրագործման։ Ես սերիալ չեմ նայում, այս դերասանին չեմ տեսել հետնախորշային հակագեղագիտական տիպերի շարքում, որոնք առկայծել են հեռուստացույցի հայկական ալիքները թարթելիս, և ինձ ոչինչ չի խանգարել, որ դատեմ միայն մեծ էկրանին իմ տեսածով։ Առավել ևս չի կարելի դերասանին մեղադրել իր կերպարի խոսքերի կամ արարքների համար, ինչպես որ պատահեց մեդիայում, քանի որ նա պետք է վստահի բեմադրիչին` վերջնարդյունքի պատասխանատուին։

Բարձր գնահատականի է արժանի, ըստ իս, նաև օպերատոր Մկրտիչ Մալխասյանի աշխատանքը. նա կարողացել է քիչ անձանցով բազմամարդության տպավորություն ստեղծել և կադրերը կազմակերպել այնպես, որ նույնիսկ միօրինակ բովանդակությամբ տեսարաններում հանդիսատեսի աչքը չի ձանձրանում։

Ֆիլմում ռուս մեծ դերասաններ են ներգրավվել, որը դրական է խոսում ռեժիսոր-պրոդյուսորի երևակայության մասին։

Մնացածը գնահատելու համար պետք է հարց տամ` ինչի՞ մասին է ֆիլմը։ Գարեգին Նժդեհը կռվում է, թուրքերի դեմ (1918), վիրավորվում է, սիրահարվում է հայ բուժքրոջը, երեխա է ունենում նրանից։ Էլի է կռվում, թուրքերի դեմ (1920), վիրավորվում է, գնում է արտասահման, տարբեր հանդիպումներ է ունենում, որոնց ընթացքում փորձում է օգնել հայությանը։ Ունի բուլղարուհի կին ու վերցնովի (բուլղա՞ր) երեխա։ Այնուհետև նրան ձերբակալում են (1944), բերում են Սովետական Միություն, որտեղ երկար հարցաքննում են։

Պատմական լինի, թե ժամանակակից` կինոն պետք է հանդիսատեսին պատմի մի պատմություն, որը դիտելուց հետո բովանդակությանը վերաբերող ոչ մի հարց չմնա։ Ես շատ կուզենայի, որ հանդիսատեսներից որևէ մեկը կարողանար ավելի կապակցված ու բովանդակալից կերպով շարադրել, թե ինչ են ցույց տվել ֆիլմում։

Եվ այսպես։ Կարո՞ղ է ոչ պատմաբան հայ հանդիսատեսը, էլ չասած` օտարերկրացու մասին, ֆիլմից ելնելով պատմել, թե ինչ վիճակում էր Հայաստանը 1918-ին, որ պետության դեմ էր պատերազմում։ Ի՞նչ արդյունքների հասավ Նժդեհն իր քաջության ու հաղթանակների շնորհիվ։ Ի՞նչ զինվորական կոչում ուներ նա, ի՞նչ պաշտոն, երբվանի՞ց, ինչու՞ էին նրան կոչում «սպարապետ» կամ «մեծ սպարապետ»։ Ու՞մ դեմ էր կռվում 1920-ին։

Կարծում եմ՝ իմ տված հարցերին միայն մի պատասխան կստանամ։ Թուրքերի դեմ էր կռվում։ 1918-ին Նժդեհն իսկապես թուրքերի դեմ էր կռվում, բայց այդ ժամանակ Դրոյի օգնականն էր և միայն մեկը` բազմաթիվ հայ քաջարի հրամանատարներից։ Մինչդեռ նա Առաջին Հանրապետության պատմության մեջ մնաց այն բանի շնորհիվ, որ 1920 թ. չենթարկվեց դաշնակցական կառավարության որոշմանը և Զանգեզուրը չհանձնեց... Բոլշևիկներին` կռվելով 11-րդ կարմիր բանակի դեմ, որը կազմված էր... ռուսներից։ Այս թեմայով նա 1923 թ. արտասահմանում հոդվածաշար է հրապարակել՝ «Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» վերնագրով։

Ուրեմն, ու՞ր են ֆիլմում նրա գլխավոր ճակատամարտերը։

Լավ, համակերպվենք մի պահ, որ ինչ էլ պատահած լինի իրականում, թուրքերի գործած ոճիրներն այնքան աններելի են, որ մենք միայն թուրքի դեմ կռիվն ենք ցույց տալու։ Բայց ինչպե՞ս, ի՞նչ պատկերներով է հիմնավորում ֆիլմը, որ թուրքերը հրեշ են։ Մենք էկրանին թուրքերի վայրագությունները չենք տեսնում. դրանց մասին ֆիլմի սկզբում ԲԱՆԱՎՈՐ, երկար պատմում է մի հայ գյուղացի։ Փոխարենը տեսնում ենք, որ Նժդեհը 1918-ի առաջին երկու մարտերից մեկը հաղթում է, որովհետև հարձակվում է քնած թշնամու ճամբարի վրա, գիշերը, մյուսը` որովհետև հարձակվում է հոգնած-քնած թշնամու վրա, լուսաբացին։

Անկախ նրանից, թե իրականում ինչպես է հաղթել Նժդեհը, սցենարիստը պետք է կարողանար գոնե երկու տարբեր ռազմական հնարանք գտնել, որ ցույց տար նրա զորավարական տաղանդը։ Ցանկալի է` ոչ այնպիսիք, որոնցով հեղեղված են պատերազմական ֆիլմերը, որպեսզի հանդիսատեսն իր համար նոր մի բան տեսներ... Իսկ հայ հանդիսատեսն էլ անմիջապես չհիշեր Մուրացանի Գևորգ Մարզպետունու հայտնի արշավը։

Թուրքերին առնչվող մի ուրիշ դրվագում հայ սպա Պողոսը (Խորեն Լևոնյան) բացատրում է Նժդեհին, թե ինչու է 200 գերու ձորը գլորել` նրանք սպանել էին պահակ հայ զինվորներին։ Նժդեհը սխալ է համարում գերիների սպանությունը և որպես վերջին փաստարկ ասում, որ աշխարհի բերանը լեզու ենք դնում։ Ես կարծում եմ, որ Նժդեհի նման սկզբունքային գործչի համար դրսի կարծիքները չէին կարող ավելի էական լինել, քան կադրային սպայի իր պատիվը։ Բայց կինոյի տեսանկյունից նույնիսկ դա չէ կարևորը, այլ այն, որ այդ խոսակցության ամբողջ ընթացքում ո՛չ «լավ» հայ, ո՛չ էլ «վատ» թուրք ցույց չի տրվում` իսկական ռադիոթատրոն։

Թուրքերի թեմայով մի դրվագ էլ կա ֆիլմի սկզբում, երբ հայ գյուղացի երիտասարդը հանկարծ կասկած է հայտնում, թե արդյոք պետք է կռվել թուրքերի դեմ։ Նժդեհը նրան մի կերպ փրկում է ինքնադատաստանից, իսկ հետո երկար բացատրում, թե ինչու չի կարելի թուրքերի հետ «ախպերանալ»։ Երիտասարդը մոտակա կռվում զոհվում է` ութ թուրք սպանելով, բայց, ըստ ֆիլմի Նժդեհի, նա այդպես էլ մինչև վերջ չի հասկանում, թե ինչի համար պետք է կռվեր նրանց դեմ (պետք է 20 թուրք սպաներ միգուցե, որ պարզ լիներ)։

Այս երիտասարդի սյուժետային գիծը բնորոշ օրինակ է, թե ինչպիսին է ֆիլմի դրամատուրգիան։ Մի դրվագում մեկը բողոքեց, մյուսում սպանվում է, մի դրվագում տղան աղջկան սիրահարվեց, մյուսում երեխա են ունենում. ոչ մի իրական բախում, շրջադարձային կետ, մի քանի փուլով զարգացող հարաբերություն, որով կինոյում պահում են լարվածությունը։ Փոխարենը գլխավոր հերոսն ինքն իր մասին անընդհատ, 4 թե 5 անգամ, ասում է (գոռում), որ հայրենասեր է, իսկ ամեն 15 րոպեն մեկ` ֆիլմի երկու ժամ 40 րոպեից, ճառ է արտասանումՙ... Եթե շուրջը մարդ չկա` դիմելով սար ու ձորերին։

Արքային «խաղում» է շքախումբը` ասում է հայտնի ասացվածքը։ Կինոյում այդ «շքախումբը» հերոսի գործողություններն են, արարքները, ոչ թե գովեստները` լինեն սեփական, թե ուրիշի։

Բայց ֆիլմը նայելուց հետո մնում են ուրիշ մեծ ու փոքր հարցականներ։

Ինչու՞ Նժդեհը հետը չի տանում սիրած կնոջն ու երեխային, որի ծնունդը մեծ խանդավառությամբ նշում է զինակիցների հետ միասին, երբ հեռանում է Հայաստանից։

Որտեղի՞ց պետք է հանդիսատեսն իմանա, թե ովքեր են «Թիֆլիսում նստած գործիչները», ո՞վ է Դրոն, ավելի ուշ` Մյասնիկյանը, որոնց անունները հիշատակվում են ֆիլմում` Վիքիպեդիայի՞ց։

Ինչու՞ են բոլշևիկները մերժում համագործակցության Նժդեհի առաջարկները։

Ինչի՞ համար է տարագրության մեջ գտնվող Նժդեհից ջերմեռանդորեն ներողություն խնդրում Նազենի Հովհաննիսյանի գեղանիորեն ծխամորճով գլանակ ծխող հերոսուհին` ծխամորճով գլանակ ծխելու՞։

Նժդեհի բուլղարուհի կինը երազում տեսնում է Արևմտյան Հայաստանի քաղաքներն... ու լաց է լինում. Նա երբևէ տեսե՞լ է դրանք ու կարոտու՞մ է, թե՞ ամուսնու պատմելով այնքան է սիրել, որ հենց երազում տեսնում, արտասվում է։

Նժդեհը քրիստոնյա՞ էր, թե՞ հեթանոս` ինչու՞ է իր զինվորներին մե՛կ Վահագն Աստծո անունով երդվեցնում, մե՛կ եկեղեցում` հայ հոգևորականի հետ միասին։

Լավ, եթե այսքան անպատասխան հարցեր կան, ինչպե՞ս է շատ հանդիսատեսների դուր գալիս ֆիլմը, եթե իմ տպավորությունը ճիշտ է։ Ենթադրում եմ, որ նրանք ոգևորվում են տեսարաններով, որոնցում հայ քաջերը ջարդում են թուրքերին, հուզվում, որ Ստալինն իսկապես կարող էր գրավել և չի գրավել Արևմտյան Հայաստանը։ Այդպիսի բաներ հայկական կինոյում ցույց չեն տրվել կամ շատ հազվադեպ են ցույց տրվել` լինի շարժվող պատկերների, թե ճառերի ու երկար-բարակ խոսակցությունների միջոցով, և հանդիսատեսն իրեն ուրիշ հարցերով չի տանջում... Միայն թե այս հարցերը կտա օտար հանդիսատեսը կամ դրանք կառաջանան, երբ հայ հանդիսատեսը երկրորդ անգամ նայի ֆիլմը կամ լինի ավելի իրազեկ ու պահանջկոտ։

Ըստ այդմ էլ՝ ցավալի է, որ հեղինակները, ոչ փոքր բյուջե ունենալով, սրանից մեծ արդյունքի չեն կարողացել «Գարեգին Նժդեհ» ֆիլմում։ Որքան էլ որ խոսքը հայկական առաջին նախընտրական գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի մասին է։ Որովհետև ընտրություններն ավարտվում են, իսկ հերոսները` մնում։

Վահրամ Մարտիրոսյան

գրող

Այս խորագրի վերջին նյութերը