Լրահոս

23.06.2009 10:01


«Հզոր Հայրենիք» կուսակցության վարչության հայտարարությունը

             «Ֆրիդրիխ Նաումանի» անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ, նախապես կազմված ծրագրով, Թբիլիսիում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար, Հայաստանից մեկնող խումբը, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանը, «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, հունիսի 19-ին, ժամը 21-ի սահմաններում չի կարողացել ամբողջ կազմով մուտք գործել Վրաստան: Սադախլոյի անցակետում Վրաս-տանի սահմանապահ ծառայությունները, թույլատրելով խմբի 3 անդամների մուտքը Վրաստան, հայտարարել են, որ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստանի տարածք արգելված է (անգամ այն դեպքում երբ նա ներկայացրել է ՀՀ դիվանագիտական անձնագիրը):

          Հայկական խումբը, ներկայացնելով ստացված հրավերը, տեղեկացրել է, որ նախապես պայմանավորվածության համաձայն, իրենք պետք է հանդիպումներ ունենան Վրաստանի արտգործնախարարության, ռեինտեգրացման նախարարության, մի շարք հասարակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչների հետ: Քննար-կումների թեմաները պետք է լինեն հայ-վրացական հարաբերությունների, Վրաստանի ազգային փոքրամասնությունների, տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված հիմնախնդիրները:

          Միջադեպը հարթելուն ուղղված բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Անարդյունք է անցել անգամ Վրաստանի սահմանապահ ծառայությունների կողմից անվատանգության կենտրոնական մարմիններին դիմելու փորձը: Ի նշան բողոքի հայկական խումբը վերադարձել է Հայաստան:  

            Դատապարտելով և խիստ մտահոգիչ բնութագրելով տեղի ունեցած դեպքը, մեր զարմանքն ենք արտահայտում Վրաստանի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախօրեին վրացական իշխանությունների նման քայլի կապակցությամբ:         

             Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների համար, անշուշտ, վճռորոշ դեր են խաղում հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր, ավանդական բարեկամական կապերը, որոնց ամրապնդման համար միշտ իր հստակ դիրքորոշումն է ցուցաբերել «Հզոր Հայրենիք» կուսակցությունը, մասնավորապես նրա փոխնախագահ, «Ջավախք» հայրե-նակցական միության նախագահ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:   

            Միաժամանակ, հայ-վրացական հարաբերությունները, դիտարկելով միջազգային ասպարեզում երկու երկրների հետապնդած շահերի տեսանկյունից ու իրավիճակի վրա այլ երկրների և իրարամերժ շահեր հետապնդող ուժերի միջնորդավորված ազդեցությունից, դրական երևույթների հետ մեկտեղ, քիչ չեն նաև երկկողմ հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունեցող հանգամանքներն ու անձինք։ Առանձնահատուկ արժևորելով Թբիլիսիում քննարկվելիք հարցերի խիստ կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների և Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման գործում, համարում ենք, որ այս միջադեպը Վրաստանի իշխանության համապատասխան օղակների կողմից փորձ էր խուսափել նշված հարցերի քննարկումից: Այս գունապատկերում Վրաստանի սահմանին տեղի ունեցածը մենք դիտում ենք երկու երկրների բարեկամական հարաբերությունների միջև սեպ խրելու փորձ, ուստի պահանջում ենք Վրաստանի համապատասխան ծառայություններից պարզաբանում տալ նշված միջադեպի կապակցությամբ, ի հայտ բերել մեղավոր անձանց և անհապաղ վերացնել ստեղծված խոչընդոտը:

         Միջադեպի առնչությամբ ակնկալում ենք նաև Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարության ակտիվ դիրքորոշումը:

                                                                «Հզոր Հայրենիք» կուսակցության վարչություն

22 հունիսի 2009 թ.

Այս խորագրի վերջին նյութերը