Մեկնաբանություն

04.02.2013 14:57


Ինչո՞ւ էր խորհրդարան այցելել Գագիկ Ծառուկյանը

Ինչո՞ւ էր խորհրդարան այցելել Գագիկ Ծառուկյանը

Պատգամավորի մասնակցությունը խորհրդարանական աշխատանքներին բնական երևույթ է, բայց հայաստանյան ներքաղաքական իրավիճակի նրբությունները հաշվի առնելով՝ բավական հետաքրքրական էր ԲՀԿ առաջնորդի այցը ԱԺ։

Մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո, այսօր առաջին անգամ Ազգային ժողով էր եկել Գագիկ Ծառուկյանը: Սա անսպասելի էր ոչ միայն լրագրողների, պատգամավորների, այլ նաև ԲՀԿ խմբակցության համար։ Ոչ ոք չէր սպասում, որ Ծառուկյանը նախագահական ընտրություններից առաջ կհայտնվի խորհրդարանում: Թե ինչով է պայմանավորված նրա այս որոշումը, դժվար է միանշանակ ասել: Գուցե իր այս քայլով Ծառուկյանը  օր առաջ հասկացնում է, որ նախագահական տիկնիկային ընտրություններն իր համար որևէ նշանակություն չունեն, և իր աշխատանքային ծրագրերը նա չի կապում այս ֆարսի հետ:

Չի բացառվում, որ Ծառուկյանը զգում է՝ այս իրավիճակը չի կարող երկրում անվերջ շարունակվել, և ձգտում է գտնվել «կայուն մարզավիճակում», ցանկացած ֆորս մաժորի հնարավորության դեպքում:

Կա տեսակետ, որ Գագիկ Ծառուկյանը այս քայլով որոշակի մեսիջներ է փոխանցում իր թիմի տատանվող հատվածին, որ ավելորդ խանդավառություն չցուցաբերեն գործող նախագահին քծնելու գործում: Թեև, նկատենք, որ բացառությամբ մի քանիսի, «Բարգավաճ Հայաստանի» կառույցները և շարքերը խստորեն հետևում են կուսակցության քաղխորհրդի որոշման երկրորդ կետին՝ չսատարել թեկնածուներից որևէ մեկին:

Ի դեպ, այսօր ԲՀԿ մեծ խումբ պատգամավորներ բացակայում էին, ինչը սովորաբար նախկինում  բացառվում էր  Ծառուկյանի այցերի օրերին: Սա նշանակում է, որ Ծառուկյանը իր որոշման մասին նախապես տեղյակ չէր պահել խմբակցությանը:

Գ. Ծառուկյանն այսօր լրագրողների համար անհասանելի մնաց։ Նա չպատասխանեց ոչ մի հարցի, փակ պահեց բոլոր փակագծերը: Մինչ հասարակությանը ինտենսիվորեն մատուցվում է թեթևքաշայինների մասնակցությամբ նախընտրական շոուն, երկրի առավել ազդեցիկ քաղաքական ուժերը և գործիչները սպասում են նոր զարգացումների: ԲՀԿ նախագահի այսօրվա քայլը, գուցե, այս համատեքստում պետք է նայել:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը