Տնտեսական

22.06.2009 18:18


Հնարավոր է, որ հիփոթեքային վարկավորման ծրագրի համար «KfW» բանկը լրացուցիչ ևս 20 մլն եվրոյի ընդհանուր վարկ տրամադրի

Հնարավոր է, որ հիփոթեքային վարկավորման ծրագրի համար «KfW» բանկը լրացուցիչ ևս 20 մլն եվրոյի ընդհանուր վարկ տրամադրի

-Ճիշտ է, 2008թ. 4-րդ եռամսյակից համաշխարհային ճգնաժամն իրեն զգացնել տվեց նաև ՀՀ -ի ֆինանսական շուկայում, և դա դրսևորվեց հատկապես շինարարության ոլորտում և դրա ֆինանսավորման նախագծերում, սակայն Կենտրոնական բանկը, կառավարության հետ համատեղ, գործուն քայլեր է ձեռնարկում՝ իրավիճակը շտկելու և շուկան աշխուժացնելու ուղղությամբ,- «Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության» անդամների տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանի հիփոթեքային շուկան զարգացման ինստիտուցիոնալ ուղու վրա է, և շատ կարևոր է, որ այն սկսվի ստանդարտների հստակ չափորոշիչների ներդրմամբ։ Կենտրոնական բանկն արդեն իսկ գրանցել է հիփոթեքային շուկայի օպերատորին՝ Ազային հիփոթեքային ընկերությանը։ Այդ ընկերության աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար շարունակվելու է համագործակցությունը միջազգային բոլոր կառույցների հետ։

Վերջին 4 տարվա ընթացքում բանկերի կողմից դրամադրվող հիփոթեքային վարկերի միջին տարեկան աճը կազմում է 99%, մինչդեռ բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելն աճել է շուրջ 48%-ով։ Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերը, նախորդ 4 տարիների ընթացքում, ցուցաբերել են տարեկան միջին հաշվով 190%-ի աճ։ Վ. Գաբրիելյանի խոսքերով՝ մայիսի վերջի դրությամբ՝ Հայաստանի ֆինանսական համակարգի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը կազմում է մոտ 92 մլրդ դրամ կամ ֆինանսական համակարգի վարկավորման ծավալների ընդհանուր պորտֆելի 13%-ը։

ՀՀ-ում «KfW» գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչ, «Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության» խորհրդի անդամ Կարապետ Գևորգյանը սա գնահատում է ոչ բավարար, «որովհետև շուկայի ընդհանուր ծավալների՝ ավելի քան 90մլրդ դրամի մեջ ստանդարտացված վարկային փուլերը շուրջ 6% և, նույնիսկ, փոքր-ինչ ավելի քիչ են»։

Դեռևս 2007թ. «KfW» բանկը 12 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային գիծ էր տրամադրել։ Կ. Գևորգյանի խոսքերով՝ իրենց գործընկեր 10 ֆիանսական կազմակերությունների տրամադրած 1000 վարկերը դեռևս շատ փոքր տեսակարար կշիռ են կազմում շուկայի ընդհանուր ծավալի մեջ։ Իսկ առանց հստակ միասնականացված վարկային փուլեր ձևավորելու՝ դժվար թե հնարավոր լինի ներքին և արտաքին ներդրողներին հետաքրքրել և շահագրգռել, առավել ևս՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։

Ի դեպ, մոտ 20 օրից էլ սկսվելու են հայ-գերմանկան միջկառավարական բանակցությունները։ Այսպիսով, փորձ է արվում քայլ կատարել ստանդարտացված վարկային փուլերի ծավալի տեսակարար կշռի աճի ուղղությամբ։ Հնարավոր է, որ հիփոթեքային վարկավորման այս ծրագրի համար «KfW» բանկը ևս լրացուցիչ 20 մլն եվրոյի ընդհանուր վարկ տրամադրի։

Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները նկատի ունենալով՝ չի բացառվում նաև Որակի նվազագույն ստանդարտների կանոնակարգի վերանայման և  լրամշակման հնարավորությունը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը