Մեկնաբանություն

13.02.2009 03:32


Բարի գալուստ, բատոնո՛ Միխայիլ

Բարի գալուստ, բատոնո՛ Միխայիլ

Նախաձեռնողական դիվանագիտության պտուղները հասունացել ու ծառից ընկնում են։ Այս անգամ դրանք բաժին հասան ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին։

Հիշեցնեմ, որ Շիրակ Թորոսյանին Վրաստանի սահմանապահ ծառայությունները թույլ չեն տվել հատելու այդ երկրի սահմանը, ուր ՀՀ ԱԺ պատգամավորը գնում էր հայկական  պատվիրակության կազմում։ Թեև միջադեպից երկու օր անց Հայաստանում Վրաստանի դեսպանությունը, իրեն միամիտի տեղ դրած, դեռևս հայտարարում է, թե տեղյակ չէ կատարվածին և մեր զանգից հետո պետք է ճշտի, թե ի՞նչ է կատարվել, մենք կարող ենք վստահաբար ասել, որ հերթական անգամ գործ ունենք վրացական կողմի սադրանքի հետ։ Բանն այն է, որ Շիրակ Թորոսյանի քաղաքական գործունեության մի գերակշիռ մասը  ուղղված է  հենց ջավախահայության խնդիրների լուծմանը։

Անհասկանալի է, սակայն, վրացական կողմի նման արձագանքը։ Հայտնի է, որ վերջին տարիներին ջավախահայությունը լուրջ տնտեսական, մշակութային և քաղաքական հիմնախնդիրներ ունի, որոնց չլուծված մնալն առաջին հերթին Վրաստանի իշխանությունների համար է գլխացավանք։ Այսօր, երբ այդ պետությունը ներքին լրջագույն հիմնախնդիրներ ունի, դրանց համեմատությամբ ջավախահայության պարզունակ խնդիրներն օր առաջ լուծելը պետք է որ տրամաբանական լիներ։ Փոխարենը, գնալով խստացվում են Ջավախքի ու Հայաստանի միջև հաղորդակցությունը, մշակութային և առևտրային փոխհարաբերությունները և այլն։ Շիրակի փոխարեն ցանկացած մեկը պետք է արձագանքի դրան, հատկապես, որ ջավախահայերի երկու կազմակերպություն է ներկայացված ՀՀ խորհրդարանում։ Ճիշտ է, նրանցից ոմանք մեկ-մեկ ինչ-որ «հարցիկներ» են բարձրացնում խորհրդարանական հայտարարությունների օրերին (հավանաբար՝ Վրաստանում իրեց բիզնեսի հետ կապված խնդիրներ են ունենում)։

Տարօրինակ է, որ վիրահայության ուղղվածության կազմակերպության ներկայացուցիչներից միայն Շիրակ Թորոսյանի նկատմամբ է նման քայլ կիրառվում։ «Վիրահայերի միասնության» ներկայացուցիչներն օրինակ երբեք Վրաստանում «պերսոնա նոն-գրատա» չեն հայտարարվել։Չնայած, բացատրությունը կարելի է գտնել տարբեր առիթներով արված նրանց հայտարարություններում, որտեղ պարծենում են վրացական իշխանություններում ու հատուկ ծառայություններում իրենց անձնական կապերով։ Երևի, Շիրակ Թորոսյանը ո՛չ նման «կապեր» ունի, ո՛չ էլ Ջավախքում բանտեր է կառուցում, որ վրացական սահմանը «կանաչ լույսի տակ» անցնի։

Թող տպավորություն չստեղծվի, թե ես Շիրակ Թորոսյանի փաստաբանն եմ, հավանաբար, ինքն էլ դրա կարիքը չունի, և այս միջադեպն էլ, հուսով եմ, կհարթվի։ Խնդիրն այլ՝ միջպետական-քաղաքական հարթության մեջ է։

Տասնյակ դարեր հայ և վրացի ժողովուրդները միասին ապրել են այս բարդ տարածաշրջանում, միասին դիմակայել բազմաթիվ փորձությունների, և ոչ մի իշխանություն կամ իշխանավոր ի զորու չէ սեպ խրել մեր միջև։ Ցավալին այն է, որ երկու երկրների այսօրվա իշխանավորները, ամենատարբեր քաղաքական ու տնտեսական իրավիճակային նկատառումներով, վարում են մի քաղաքականություն, որը կասկածի տակ է դնում երկկողմ հարաբերությունների որակական և բովանդակային գնահատականը։ Հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի նախագահի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ  լուրջ փորձության առաջ են կանգնած։ Արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Վրաստանում ջավախահայության խնդիրներին մի տեսակ խանդով ու չափազանց զգուշավորությամբ են նայում։ Հայկական եկեղեցիները բռնի վրացականացվում են, ավերվում կամ ուծացվում են հայկական մշակույթի կոթողներն առավելապես վրացիներով ու ադրբեջանցիներով բնակեցված շրջաններում, խեղաթյուրվում է հայ ժողովրդի պատմությունը, նենգափոխվում Վրաստանինը՝ կապված հայ-վրացական հարաբերությունների և Ջավախքի խնդիրների հետ, ջավախահայությունը ենթարկվում է լեզվական, մշակութային, կրթական և վարչական խտրականության։ Դե, տնտեսական փոխհարաբերությունների ոլորտում էլ Վրաստանի մենաշնորհային կեցվածքը Հայաստանին շարունակում է կիսաշրջափակման մեջ պահել։ Այդ մասին վերջերս կիսաձայն տրտնջաց նույնիսկ ՀՀ վարչապետը։

Հետաքրքիր է, այս ամենի համապատկերին, երբ Միխայիլ Սահակաշվիլին գալիս է Հայաստան, ի՞նչ խնդիրներ են դրվելու բանակցությունների սեղանին։ Մեր երկրի նախագահը կհարցնի իր վրացի գործընկերոջը, թե ինչո՞ւ են Ջավախքի հայկական դպրոցների և ընդհանրապես Վրաստանի  պատմության դասագրքերում խեղաթյուրում հայոց պատմությունը, թե՞ դրա համար պետք է պատմական իրողություններն ուսումնասիրող երկկողմ հանձնաժողով (նախաձեռնողական դիվանագիտության պարտադիր բաղադրիչ) ստեղծենք։ Մեր երկրի վարչապետը Միխայիլ Սահակաշվիլիի ձեռքը քնքշանքով սեղմելուց բացի, տղամարդավարի կխոսի Հայաստանի նկատմամբ Վրաստանի մենաշնորհային կեցվածքի մասին, ինչի վերաբերյալ վերջերս արտահայտվել էր վարչապետը՝ Ֆինանսաբանկային քոլեջի ուսանողների ու շրջանավարտների հավաքի ժամանակ։ Մեր երկրի արտգործնախարարը երկկողմ  հարաբերությունները նկարագրելու համար ի՞նչ տերմիններ կօգտագործի, որ հա՛մ վրացիների «խաթրը չկոտրի», հա՛մ էլ ստիպված չլինի արդարանալ, թե իր գերատեսչությունը սոսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնող գործիքն է։

Թող ներեն ինձ ընթերցողները, բայց բացի նեղ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցիկների քննարկումից, որ հիմնականում ընտրությունից ընտրություն «ասլան կտրող» գործարարների բիզնեսին է վերաբերում, ոչ մի լուրջ ակնկալիք չունեմ։ Փոխարենը, Գլախոյի երգերի հնչյունների ներքո հայ-վրացական բարեկամության կենացների պակաս չի զգացվի, հնարավոր է՝ «Միմինոն» էլ ցույց տան...

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Հ.Գ. Հետաքրքիր է, Իսկ Միխայիլ Սահակաշվիլին Օգոստոսյան պատերազմի ընթացքում Հայաստանի լոյալության համար շնորհակալություն կհայտնի՞։

Այս խորագրի վերջին նյութերը