Լրահոս

22.06.2009 15:50


Վահե Հովհաննիսյան. «Մեղավորությունը թե՛ վրացական կողմինն է, թե՛ հայկական»

Վահե Հովհաննիսյան. «Մեղավորությունը թե՛ վրացական կողմինն է, թե՛ հայկական»

Հունիսի 19-ին ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին վրացական իշխանություններն արգելել էին մուտք գործել Վրաստան։

-Դա տգեղ, շատ անցանկալի միջադեպ էր, և կարծում եմ՝ մեղավորությունը թե՛ վրացական կողմինն է, թե՛ հայկական։ Սա արդեն որերորդ դեպքն է, որ տարբեր երկրների ղեկավարներ, ներկայացուցիչներ մեր երկրի հանդեպ թույլ են տալիս արտահայտություններ, քայլեր, որոնք դիվանագիտական հարաբերությունների որևէ նորմի մեջ չեն տեղավորվում։ Այս՝ վրացական միջադեպը, դրա տրամաբանական շարունակություններից մեկն է, և չկա որևէ երաշխիք, որ Հայաստանի հանդեպ նման դրսևորումները չեն կրկնվի։ Դրա համար շատ կարևոր է, որ այդ միջադեպին Հայաստանի իշխանությունները շատ կոշտ արձագանք տան,- վերոնշյալ փաստի կապակցությամբ «7օր»-ին ասել է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ դա ամենևին Շիրակ Թորոսյանի անձնական խնդիրը չէ, այլ Հայաստանի հանրապետության խնդիրն է, քանի որ Շիրակ Թորոսյանը Ազգային ժողովի պատգամավոր է:

-Անկախ ամեն ինչից, նույնիսկ ամենաշարքային քաղաքացուն նման վերաբերմունքից պետությունը պետք է զերծ պահեր։ Եթե ոչ, կարծում եմ, արդեն պետք է մեղադրել ոչ թե վրացական կողմին, այլ՝ հայկական։ Սակայն հուսով եմ, որ մեր իշխանությունները համապատասխան վերաբերմունք կդրսևորեն,-նշել է Վ. Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է վերոնշյալ միջադեպի վերաբերյալ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդի հայտարարությանը, թե «ում էլ վերջին խոսքերով հայհոյի ու քո տուն ցանկանա հյուր գալ, դու էլ չես թողնի» Վահե Հովհաննիսյանն ասել է.

-Շատ-շատ ցավալի, շատ կոպիտ և սխալ դիրքորոշում է, որովհետև Շիրակ Թորոսյանը, որևէ արտահայտություն, որը կվտանգի վրացական պետության ինքնասիրությունը, ամբողջականությունը և այլն, իրեն թույլ չի տվել։ Նա հրապարակային գործիչ է, ունի հրապարակային տեսակետներ, որոնք արտահայտում է, և դա ժողովրդավարության նորմերի մեջ է։ Նա չի անում մի բան, որ օրենքից դուրս է։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը