Մեկնաբանություն

29.01.2013 15:35


Սերժ Սարգսյանի հռետորաբանությունը և Լավրովի բացահայտումները

Սերժ Սարգսյանի հռետորաբանությունը և Լավրովի բացահայտումները

Հայաստանյան բեմադրված քարոզարշավը և հայաստանցիների հասկանալի ու միաժամանակ վտանգավոր անտարբերությունը սեփական պետության և սեփական ապագայի հանդեպ պարբերաբար  խախտում են օտար պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով: Մեկ արևմտյան վեկտորի` Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն է  բավական տհաճ վիճակում դնում հայրենի իշխանություններին, մեկ էլ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արտգործնախարարն է բացում խաղաքարտերը:

Ինչ ասաց Լավրովը

Հունվարի 23-ի իր ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը բառացիորեն ասել է  հետևյալը. «… 2007թ. Մինսկի խմբի համանախագահները պատրաստել էին Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների նախագիծը: Նրա հիման վրա կարելի էր մշակել խաղաղության համաձայնագիր: Հայաստանը 2007թ. պատրաստակամություն հայտնեց այդ նախագիծը որպես հիմք ընդունել: Ադրբեջանը, սակայն, մերժեց: …2009թ. շարունակելով աշխատանքները՝համանախագահները ներկայացրեցին նոր նախագիծ: Բաքուն  համաձայնվեց այն ընդունել, սակայն հայկական կողմը ասաց, որ ավելի լավ է աշխատել 2007թ. նախագծի բազայի վրա»։

Ինչ ասաց Լավրովը 2

Ռուսաստանի արտգործնախարարը բացեց փակագծեր: Իհարկե, հայկական քարոզչամեքենան դա կարող է ներկայացնել այլ կերպ, սակայն Լավրովի պատասխանը տարընթերցումների տեղիք չի թողել:

Այն է` 2007-ին համանախագահները ներկայացրել էին  մի փաստաթուղթ, որը Հայաստանի համար ընդունելի էր: Հայկական կողմին հաջողվել էր Մինսկի խմբի հետ ճիշտ աշխատանքի արդյունքում  ստանալ լավ փաստաթուղթ, և այն մերժողը եղել է Ադրբեջանը: Միջազգային հանրությունը Հայաստանին է ճանաչել որպես կոնստրուկտիվ կողմ: Հիշեցնենք՝ 2007-ի  հայանպաստ փաստաթղթի բանակցողներն են եղել երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը և նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանը: 2009-ի փաստաթղթի բանակցողներն են եղել գործող և գալիք անմրցակից ընտրություններում վերընտրվող նախագահ Ս. Սարգսյանը և արտգործնախարար Է. Նալբանդյանը:

Հարցն այն չէ, որ 2007թ. բանակցվածը իդեալական է։ Հարցն այն է, որ ըստ համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի՝ ՀՀ այսօրվա իշխանություններն ուզում են վերադառնալ 2007–ին, բայց Ադրբեջանը չի համաձայնում, ինչը նշանակում է, որ 2009–ին բանակցողներն իջեցրել են նշաձողը։ Սա իրականությունն է, որն ասում է ՌԴ արտգործնախարարը: Սա չեն ասում առաջին նախագահի կողմնակիցները, սա չեն ասում երկրորդ նախագահի կողմնակիցները, սա չեն ասում ԲՀԿ-ականները, դաշնակցականները և այլն:

Լավրովի ասածներից հետո բացվում է երկրորդ փակագիծը, և առաջանում են մի շարք հարցեր: Ինչո՞ւ է  վերջին տարիներին Ադրբեջանը դարձել ռազմատենչ, ինչո՞ւ է պարբերաբար գնում ռազմական սադրանքների, ինչո՞ւ է Ի. Ալիևը ամեն առիթով սպառնում է նոր պատերազմով: Եվ ամենակարևորը՝ այս ամենը կատարվում է միջազգային հանրության անտարբերության ու լուռ համաձայնության ներքո: Լավրովը տվեց այս հարցերի տրամաբանական պատասխանը. Մինսկի խմբի ներկայացրած վերջին փաստաթուղթը մերժել է Հայաստանը: Սա նշանակում է, որ եթե  մինչ 2007 թվականը Հայաստանն էր կոնստրուկտիվ բանակցողի կարգավիճակում,  ապա 2009-ից սկսած՝ Ադրբեջանին հաջողվել է փոխել բանակցությունների ընթացքը` ստանալ ավելի լավ փաստաթուղթ, ունենալ Հայաստանի մերժումը, ձեռք բերել Թուրքիայի դիրքորոշման կոշտացում (սա էլ «ֆուտբոլային» դիվանագիտության «օգուտն» է), «վաստակել» կառուցողական բանակցողի կարգավիճակ, իսկ այնուհետև անցնել պատերազմական հռետորաբանության:

Բաց  խոսելու ժամանակը

Փետրվարի 18-ից ավարտվելու է քծնանքի, դհոլության, ծաղրածուության, կարմիրշոռտիկության փուլը: Այո՛, քաղաքականության մեջ լինում է նաև այդպես` արտաքինից հեշտ հաղթանակը բերելու է նոր ժամանակաշրջանի: Ում և ինչ է խոստացել Ս. Սարգսյանը, ինչ պայմանագրեր է ստորագրել և կամ խոստացել, որ կստորագրի ընտրություններից հետո և այլն:

Լինելու են Լավրովի և այլոց «պատահական բացահայտումները»: Եվ վերջապես` գալու է բաց խոսակցության ժամանակը: Խոսելու են նաև նրանք, ովքեր 2007-ին են բանակցել։ Բաց խոսելուց հետո գալու է պատասխան տալու փուլը:

Իհարկե, այսօր դեռ իշխանությունները կարող են ասել՝ հաջողվեց կանգնեցնել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետընթացի անիվը: Առայժմ ցանկացած բլեֆ անցնում է. «հայրենասիրությունը» անվճար է: Բայց մի պահից սկսած՝ իրականությունը դառնալու է ավելի վճռորոշ գործոն, քան դատարկ քարոզչությունը և էժանագին պաթոսը: Խնդիրը այդ պահին պատրաստ լինելն է և պատասխան պահանջելը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը