Կարծիք

24.01.2013 11:48


Հայաստանյան իրականությո՞ւն, թե՞ Սերժ Սարգսյանի երևակայություն

Հայաստանյան իրականությո՞ւն, թե՞ Սերժ Սարգսյանի երևակայություն

Գալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարշավի մեկնարկն ազդարարեց «Ազատություն» ռադիոկայանին տրված ծավալուն հարցազրույցով, որը, ինչպես և Սերժ Սարգսյանի բոլոր ելույթներն ու հարցազրույցները, որևէ առնչություն չուներ հայաստանյան իրականության հետ և դարձավ հերթական ծաղրը՝ ուղղված այս ռեժիմը համբերատար կերպով հանդուրժող հասարակությանը: Սակայն, Սերժ Սարգսյանն այս անգամ գերազանցեց ինքն իրեն: Չկատարված գործերի և գործած սխալների համար նա մեղադրեց բոլորին՝ ՀՀ քաղաքացիներին, միջազգային հանրությանը, Թուրքիային, Ադրբեջանին, անբարենպաստ պայմանները, բայց գրեթե ոչ մի խոսք չարտաբերեց իշխանությունների մեղավորության մասին:

Հանո՞ւն, թե՞ ընդդեմ

Հարցազրույցի սկզբում Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս ետադարձ հայացքով նայել ընտրական պրոցեսներին և հասկանալ, որ իրենք (ռեժիմը) երբեք որևէ մեկի դեմ չեն աշխատել: «Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով»,- ասում է Սարգսյանը:

Տվյալ պարագայում իսկապես հարկավոր է հետևել նախագահի աթոռը զբաղեցնողի հորդորին և վերհիշել անցյալում տեղի ունեցած ընտրությունները, մասնավորապես՝ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավը:

Անգամ ամենաչքաղաքականացված քաղաքացիները կհիշեն, թե առաջին նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու օրվանից սկսած՝ ամբողջ իշխանական մեքենան, իր լծակների բազմազանությամբ, ինչպես էր աշխատում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Դժվար է մոռանալ ոստիկանական հարձակումները հանրահավաքներն իրազեկողների և լրագրողների վրա, հեռուստատեսությամբ «մութ ու ցուրտ» տարիները հիշեցնող հաղորդումներն ու ֆիլմերը, YouTube-յան ծաղրող տեսահոլովակները, Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամների մասին տարածվող սուտ տեղեկությունները, նրա թեկնածությունը պաշտպանողների ձերբակալությունները, հարկային տեռորը, քաղաքացիների ահաբեկումները և այլն:

Կարելի է ասել, որ այստեղ Սերժ Սարգսյանն իրավացի է. նա միշտ աշխատել է «հանուն»: Հանուն իր իշխանության պահպանման, հանուն իր և իր շրջապատի հարստացման՝ Հայաստանի հաշվին:

Աճեցնե՞լ, թե՞ գնել

«Իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը»,- հավաստիացնում է Սերժ Սարգսյանը:

Դժվար է այս հարցում ևս նրա հետ չհամաձայնել: Մանավանդ՝ մրցակից աճեցնելուց շատ ավելի ձեռնտու է արդեն «աճած» մրցակցին կլորիկ գումարով կամ պաշտոնի մասին խոստումով գնելը: Վազգենմանուկյանները, արտաշեսգեղամյանները,  արթուրբաղդասարյաններն ու մյուսները այս գործելաոճի արդարացված լինելու վառ ապացույցն են:

Բոլորը մեղավոր են. որտե՞ղ են մեղավորները

Հարցազրույցի հաջորդ հատվածում ուշագրավ է լրագրողի հարցադրումը 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: Հավանաբար մոռանալով, որ իր դիմաց նստած է մեկը, ով հինգ տարի Մարտի 1-ով  զբաղվելու ժամանակ ու հնարավորություն է ունեցել ՝ լրագրողը հարցնում է, թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, որպեսզի ապագայում նմանատիպ ողբերգություններ չկրկնվեն: Մինչդեռ շատ ավելի տեղին կլիներ հարցնել, թե ի՞նչ է արվել, որպեսզիՄարտի 1-ը չկրկնվի: Ակնհայտ է, որ կամ լրագրողը ջանում է հարցերն առվելագույնս մեղմ ձևակերպել, կամ, ինչն ավելի հավանական է,պարզապես հնչեցնում է նախագահականից թելադրված հարցերը:

Պակաս ուշագրավ չէ նաև Սերժ Սարգսյանի պատասխանը տվյալ հարցին. նա նույնպես, կարծես թե մոռանալով իր պաշտոնական դիրքի և Մարտի 1-ի գործով անգործության հինգ տարիների մասին՝ ընկնում է խորը փիլիսոփայական և բարոյախրատական վերլուծությունների գիրկը: Հարցին կոնկրետ պատասխաններ տալու փոխարեն՝ հանրապետականների թեկնածուն սկսում է մեղավորների փնտրտուքը՝ քաղաքացիների և իշխանությունների սխալները տեսնող ու դրանց մասին բարձրաձայնող ուժերի շարքերում: Սերժ Սարգսյանն այդպես էլ չի պատասխանում, թե ինչ է արվել, կամ  ինչ պիտի արվի նմանատապ հանցագործությունների կրկնությունը բացառելու համար:

Մինչդեռ դատարկաբանելու և «հեծանիվ հայտնաբերելու» կարիք ամենևին չկա. դրա համար ընդամենն անհրաժեշտ էր պատժել մեղավորներին: Չի՛ արվել: Քանի որ այդ դեպքում առաջին պատժվողը պետք է լիներ հենց Սերժ Սարգսյանը: Եւ նա ճարպկորեն խույս տվեց հարցին պատասխանելուց՝ ապավինելով խորը փիլիսոփայական վերլուծություններին:

Մրոտե՞լ, թե՞ արյունոտել

Հաջորդ հատվածում, որն արժանի է անդրադարձի, Սերժ Սարգսյանն ինքն է հարց տալիս: Հավանաբար՝ հարցը հռոտորական է, բայց առաջարկում եմ փորձել պատասխանել դրան: «Իշխանությունների համար բնավ բռնություն գործադրել պետք չէր: Ինչո՞ւ էր պետք իշխանություններին, երբ իշխանություններն ընտրություններում մեծամասնություն ունեին: Իշխանություններին պետք էր, որպեսզի ի՞նչ անեին․․․ մրոտեի՞ն ընտրությունների արդյունքները, իշխանություններին պետք էր, որպեսզի հավելյալ դժվարություննե՞ր ունենային»,- հարցնում է Սարգսյանը: (Մի կողմ թողնենք այն, որ Սերժ Սարգսյանն ակներևաբար խորամանկում է. նա հարց է հնչեցնում, որը նպատակ ունի ունկնդրի ուշադրություն շեղել նույն հարցի մեջ առկա՝ միանգամայն հիմնազուրկ պնդումից՝ «իշխանություններն ընտրություններում մեծամասնություն ունեին», հիմնազուրկ, որովհետև Ազատության հրապարակում ժողովուրդն ընդվզում էր հենց այդ նկարած «մեծամասնության» դեմ):

Եթե կարճ պատասխանենք, ապա մարտյան սպանդը կազմակերպվեց, որովհետև Սերժ Սարգսյանին հարկավոր էր ամեն գնով պահել իշխանությունը: Իհարկե, իշխանություններին հավելյալ խնդիրներ պետք չէին: Սակայն դրանք անխուսափելի դարձան այն պահից, երբ պարզվեց, որ քաղաքացիները և նրանց առաջնորդող ուժը պատրաստվում են տեր կանգնել իրենց ձայներին: Իրադարձությունների այսպիսի զարգացումը վտանգավոր դարձավ Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների համար, և այս պարագայում նրանք չխորշեցին թե՛ ընտրությունների արդյունքները մրոտելուց, և թե՛ իրենց ձեռքերն արյունոտելուց:

Կաշա՞ռք, թե՞ պարտք

Խոսելով կաշառակերության մասին՝ Սերժ Սարգսյանն ասում է. «Մեր օրենսդրությունը, որը շատ-շատ նման է եվրոպական օրենսդրությանը, հնարավորություն չի տալիս նույնիսկ պատժել մարդուն, ով որ գիտես, որ կաշառք է վերցրել, որովհետև ամեն մի պարագայում, ամեն մի կաշառատու կարող է ասել, որ ես նրան պարտք էի տալիս: Ես չեմ ասում, որ միակ պատճառը սա է…»:

Այստեղ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն ընդունում է կաշառակերության դեմ  պայքարելու իր անկարողությունը և վերջապես բացահայտում է ատկատների և կոռուպցիայի դեմ պայքարում առաջացող դժվարությունների պատճառը: Ըստ Սարգսյանի «պատմական բացահայտման»՝ պարզվում է, որ մենք գիտենք, թե ովքեր են կաշառք վերցնում, բայց չենք կարողանում պատժել նրանց, որովհետև ապացույց չունենք: Ա՛յ քեզ թարսությո՜ւն…

Երևի թե կարիք չկա շատ մանրանալու: Պարզապես՝եթե նախագահի թեկնածուն այս խայտառակ հայտարարությունն անելիս հիշում է եվրոպական օրենսդրությունը, ապա նույն եվրոպական օրինակի հիման վրա պետք է նաև իմանար, թե ինչպես են այնտեղ բացահայտում այդպիսի «անապացուցելի» հանցագործությունները՝ որոշակի կասկածների առկայության և ոստիկանության համապատասխան գործողույթունների արդյունքում:

Հատուկ ունակությո՞ւն, թե՞ հատուկ արտոնություն

«…արդյոք բոլոր մարդի՞կ են, որ ի վիճակի են գործարարությամբ զբաղվել:Չէ՞ որգործարարությամբ զբաղվելու համար որոշակի ջիղ, որոշակի կարողություններ են անհրաժեշտ…»,- հարցնում է Սերժ Սարգսյանը՝ խոսելով մենաշնորհներից:

Այստեղ էլ դժվար է չհամաձայնել Սերժ Սարգսյանի հետ: Իսկապես, Հայաստանում բոլորը չեն, որ կարող են զբաղվել գործարարությամբ, մանավանդ՝ դառնալ մեծ ունեցվածքների տեր: Սակայն այս պարագայում մի տրամաբանական հարց է ծագում, թե այդ ի՞նչ հատուկ ջիղով կամ հատուկ ունակություններով են օժտված հայաստանյան խոշոր «գործարարները»: Հատկապես՝ հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ հատուկ ունակությունների է տիրապետում Սերժ Սարգսյանի հայտնի փեսա Միքայել Մինասյանը (Միշիկ), որը կամաց-կամաց ողջ մեդիաբիզնեսը կենտրոնացնում է իր ձեռքում: Կամ այդ ի՞նչ հատուկ ջիղ ունի նույն Սերժ Սարգսյանի հարազատ եղբայր Ալեքսանդր Սարգսյանը (Սաշիկ), որ այդպես ճարպկորեն ավտոբուսի վարորդից կայծակնային արագությամբ դարձավ Հայաստանի խոշոր գազալցակայանների, շինարարական կազմակերպությունների, Հայաստանում և Հայաստանից դուրս միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույքի տեր:

Ակնհայտ է մի բան. այսպիսի բիզնես-աճպարարություններ հնարավոր են միայն հատուկ ունակությունների, իսկ ավելի ճիշտ՝ հատուկ արտոնությունների  առկայության պարագայում, որոնք տրվում եմ բարձրագույն իշխանության կողմից:

Արդարությո՞ւն, թե՞ բարձր աշխատավարձ

«Պատասխանելով արտագաղթի վերաբերյալ հարցին՝ Սերժ Սարգսյանը հերթական  «փայլուն միտքն» է երկնում՝ հայտարարելով, որ ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են ոչ թե արդարության պակասից, այլ բարձր աշխատավարձ որոնելու նպատակով: Նրան նաև ուրախացնում է, որ մարդկանց պահանջները մեծանում են, և,որ վերջիններս արդեն «150 հազար դրամից պակաս աշխատավարձով աշխատելու ցանկություն չունեն:»

Բարձր աշխատավարձը, իհարկե, լավ բան է: Բայց սեփական երկրում, թեկուզ ցածր աշխատավաձով, բայց վաղվա օրվա նկատմամբ վստահության զգացումով ապրելը շատ ավելի լավ է: Սրա ապացույցը 2008 թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո աննախադեպ չափերի հասած արտագաղթն է: Ի՞նչ է, հենց ա՞յս օրերին մարդիկ հանկարծ բարձր աշխատավարձի տեղ իմացան: Թե՞ չդիմացան անարդարությանը և համոզվեցին, որ սեփական քաղաքացիներին թալանող ու գնդակահարող իշխանությունների հետ չարժե ապագայի հույսեր կապել:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների պահանջների բարձրացմանը, ապա դա ամենևին ուրախալի չէ, և բացարձակապես քաղաքացիների ախորժակի հանկարծակի մեծացման ապացույցը չէ: Սա Սերժ Սարգսյանի կառավարության թալանչիական գործունեության հետևանք է: Արդյունքում՝ նախկինում բարձր համարվող աշխատավարձներն այլևս չեն համապատասխանում օր օրի բարձրացող գներին: Հայաստանում ապրելը գնալով թանկանում է ապշնորհ կառավարման և գների կամայական բարձրացումների հետևանքով: Վերջին օրինակը ատամնաբուժարանների հարկերի բարձրացումն էր, ինչը տվյալ ոլորտում բերելու է աստղաբաշխական գների գոյացման:

Կախարդական փայտիկ

Հարցազրույցի վերջում «կախարդական փայտիկ»-ի օգնությամբ Սերժ Սարգսյանը տվեց նախկինում տրված խոստումների չկատարման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Պարզվեց, որ ամեն ինչում մեղավոր էր միջազգային ֆինասա-տնտեսական ճգնաժամը: Եվ որ միայն իշխանությունների գործադրված «գերբնական» ջանքերի արդյունքում է, որ հաղթահարվել են բոլոր դժվարությունները, և ստեղծել է պլատֆորմ, որը գալիք հինգ տարիներում «հաջողություններ»-ը էլ ավելի զարգացնելու հնարավորություն կտա:

Դատելով Սերժ Սարգսյանի և նրա մտերիմների՝ օր օրի աճող ֆինանսական հնարավորություններից՝ կարելի է պնդել, որ մենք իսկապես «պատվով» դուրս եկանք ճգնաժամից, և այսօր արդեն ստեղծված են ողջ տնտեսությունը մեկ ընտանիքի ձեռքերում կուտակելու և Հայաստանի թալանը կրկնակի եռանդով շարունակելու աննախադեպ պայմաններ:

Իսկ իրականում՝ ավելի անպատվաբեր ժամանակաշրջան, քան վերջին հինգ տարիներն էին, մենք չէինք ապրել: Ժողովրդի կամքին հակառակ իրականացված կառավարման ընթացքում Սերժ Սարգսյանի իրական ձեռքբերումները եղան ժողովրդի հարստահարումը, քաղաքացիների արժանապատվությունն ու իրավունքները ոտնատակ տալը,  հայ մշակույթի, եկեղեցու արժեզրկումը, պատմության կեղծումը, ցեղասպանության ուրացումը, Հայաստանի անկախությունն ու ընդհանրապես ապագան հարցականի տակ դնելը:

Արեգ Գևորգյան 

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/7244.html

Այս խորագրի վերջին նյութերը