Կարծիք

22.01.2013 17:08


Քեզ որտեղի՞ց այդքան փող, Րաֆֆի՛

Քեզ որտեղի՞ց այդքան փող, Րաֆֆի՛

Երեկ մեկնարկել է տխրահռչակ նախընտրական քարոզարշավը. զգացնել տվեց առաջին իսկ րոպեներից: Բայց այս անգամ համը հանեց ոչ թե մեր գործող նախագահը, այլ սարեր շարժող Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ես ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել, քանի որ իր շնորհիվ երեկ գրեթե չեմ մտել համացանց, այդ թվում՝ նաև Ֆեյսբուք, և արդյունքում հասցրել եմ պատրաստել և վաղաժամ հանձնել իմ բոլոր հաշվետվությունները, ինչը անչափ զարմացրեց մեր տնօրենին: Նմանատիպ աշխատասիրության պատճառը, սակայն, շատ տրիվիալ է. իմ աչքերը, ուղեղը չդիմացան հոգեբանական ճնշմանը, երբ համացանցի ամեն անկյունից քեզ վրա նայում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Եւ այստեղ արդեն կապ չունի, թե որ տիրույթում ես գտնվում` լրատվական կայքերում, YouTube-ում, թե Ֆեյսբուքում: Ամենուր քեզ վրա ժպիտով նայում է Րաֆֆին, ընդ որում՝ առավել ակտիվ նայում է իշխանական կայքերից և տիրույթներից:

Մի կերպ ավարտելով իմ աշխատանքը՝ որոշեցի դուրս գալ մի փոքր մաքուր օդ շնչել, քանի որ երեկվա եղանակը ախր շատ լավն էր: Դուրս եկա ու, կարծես թե, հայտնվեցի վատ երազում. այստեղ էլ ինձ վրա ամեն տեղից նայում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նայում էր պաստառներից, միկրոավտոբուսներից, ֆլայերներից: Նյարդայնացա, նստեցի երթուղային ու եկա տուն: Արդեն ուշ երեկոյան որոշեցի մի հատ լուրեր կարդալ համացանցով, քանի որ հեռուստացույց արդեն երկար ժամանակ չեմ նայում. շատ է տարբերվում հեռուստատեսային Հայաստանը մեր իրականությունից: Բացեցի համակարգիչը ու աչքիս ընկավ Սերժ Սարգսյանի՝ «Ազատություն»-ին տված հարցազրույցը: Կարդացի, ու էլի Րաֆֆի Հովհաննիսյան:

Համակարգիչը անմիջապես փակեցի ու հասկացա, որ ինձ այդ ամբողջ օրը ընդամենը մի հարց էր տանջում. որտեղի ՞ց Րաֆֆիին այդքան փող: Միանգամից ինքս ինձ վրա ջղայանացա, քանի որ ապուշ հարց էր՝ հաշվի առնելով, որ մեր երկրում գործում է գրեթե տոտալիտար համակարգ ու նմանատիպ քարոզարշավներ հնարավոր չէ իրականացնել առանց Բաղրամյան 26-ի համաձայնության, այն էլ՝ հաշվի առնելով, որ ամբողջ մեդիադաշտը, բացառությամբ մի քանի կայք, թերթ ու ալիք, գտնվում է Միքայել Մինասյանի ձեռքը:

Դե ինչ, այն իրավիճակում, որում հայտնվել է Սերժ Սարգսյանը, մարիոնետկաներին պետք է լավ նայել, որ մարդիկ մոռանան, թե ով է թելերից քաշում: Բայց, կարծում եմ, այս անգամ Բաղրամյան 26-ում մի փոքր չափը անցել են: Բացահայտ երևում է, թե ով է ֆինանսավորում Րաֆֆիին, ում շնորհիվ է նա նկարահանում նախընտրական տեսահոլովակ, որը այդքան էլ էժան չէ, և ում համաձայնությամբ է հյուրընկալվում «Արմենիա» հեռուստաալիքում, որը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:

Բայց չեմ կարծում, որ այս ամենը կարող է թեժ մրցակցության տպավորություն ստեղծել, քանի որ թատրոնում վատ դերասաններ են հավաքվել: Այս ամենի միակ արդյունքը կլինի այն, որ մարդիկ կվախենան բաղնիք մտնել. հանկարծ Րաֆֆին չհայտնվի: Ապրենք-տեսնենք:

Արմեն Միքայելյան
Քաղաքացիական հասարակություն 

Այս խորագրի վերջին նյութերը