Լրահոս

16.01.2013 12:22


Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մոր և սպանության մեջ մեղադրվողի հոր բացահայտումները

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մոր և սպանության մեջ մեղադրվողի հոր բացահայտումները

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայտարարել է, որ ինքն այսքան ժամանակ լռել է, քանի որ դեղերի ազդեցության տակ միայն քնել է, իսկ հիմա ժամանակն է եկել, որպեսզի նա խոսի եւ ասի ամբողջ ճշմարտությունը: Նա բավականին ծավալուն հարզացրույց է տվել galatv.am-ին, եւ ի նկատի ունենալով այս գործի հասարակական հնչեղությունն ու կարեւորությունը, ներկայացնում ենք մահացած Կարեն Եսայանի մոր հարցազրույցն ամբողջությամբ՝առանց մեկնաբանությունների:

«Ես այսքան ժամանակ լռել եմ, որովհետեւ դեղերի ազդեցության տակ միայն քնել եմ, բոլորը լավ ճանաչում են իմ տղային՝ որպես բարեկիրթ մարդու, տեղի ունեցածը չի տեղավորվում իմ տրամաբանության մեջ...Ի՞ նչ նպատակով է դահիճ մարդասպանը հոշոտել, նա ճանաչե՞լ է Կարենին, ո՛չ, հստակ մշակված սխեմա է սա: Ի՛նքն է՝ հարյուր տոկոս, ինքն է/ ի նկատի ունի ամբաստանյալ Հարություն Սարգսյանին Ք. Մ./:

Գոյություն ունեն տեսախցիկներ, գոյություն ունի գործի նախաքննություն...100 տոկոսով ինքն է՝ սառը մարդասպան է: Այսքա՛ն ստորություն, այսքա՛ն անբարոյականություն ո՞վ կունենա իրա մեջ: Էն էլ իմ երեխիս ուրախության օրը: 10 րոպե չի տեւել, ինքն է վերջինը մտել մեքենան: Տեսախցիկները ցույց են տալիս ամեն ինչ... Պիտի պատասխան տա օրենքի ամբողջ խստությամբ, էս դատը չի ավարտվի, մինչեւ չասի ինչի համար է արել, ով է դրդել իրեն, նա մենակ չէր կարող Կարենին տանել: Իմ տղան շատ խելացի էր եւ շատ ուժեղ, ո՞նց կարող էր Կարենին տանել: Զենքի ուժո՞վ է տարել, թե ինչո՞վ, չեմ կարող հասականալ: Նա քանդեց հազար ու մի երջանկություն: Մենք ապրում ենք անտարբերության մթնոլորտում, դրա համար նման ոճրագործություններ են տեղի ունենում:

Չի ճանաչել իմ տղային, մենք երեք տարի ԱՄՆ-ում ենք ապրել, իմ տղան 20 օր առաջ էր եկել, իր սիրած աղջկա հետ ամուսնանալու, հինգերորդ դասարանից սիրել է էդ աղջկան, բայց շատ կոռեկտ, շատ համեստ, ամեն ինչով կատարյալ մարդ: Եկել է այդ օրը, գնացել է մեքենան վերցնելու ավտոլվացման կետից: Դրանից մեկ օր առաջ եւ այդ օրը՝մինչեւ դեպքը, նա հետեւել է Կարենին, ես լրիվ նայել եմ, Կարենը հենց շարժվել է, ինքն էլ հետեւից է շարժվել: Նոււյն մեքենան կանգնած է եղել մեր տան փողոցում, մեր խանութի մոտակայքում, ես հիշում եմ: Ինքը գրանցված, վարձու մարդասպան է, դուք խոսքերին մի հավատացեք, նայեք պահվածքին, ամբողք դատական նիստի ժամանակ մտածում էի՝ ոնց է վարվել իմ տղայի հետ: Մի բան հաստատ է՝ իրա 10 մատը մտցներ տղայիս աչքերը, տղաս չէր ճանաչի ու ես էլ չեմ ճանաչում իրան: Դրա համար ուզում եմ, որ ասի՝ ով է իր մեջքի հետեւում կանգնած, մարդիկ կան, մենակ չէր կարող անել այդ գործը: Եթե ինքը չէ մարդասպանը, ուրեմն Աստված իր հետ, թող ասի ո՞վ է այդ դեպքում... բայց մի բան գիտեմ, որ վերջին մարդը ինքն է եղել, ինքն է նստել մեքենան ու ինքը պիտի ասի, տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը:

Իմ ամուսնուն տեսնելիս՝ նա ձեռքերը ցույց է տվել ու ասել՝ կհավատաս էս ձեռքերից մարդասպան: Տեսախցիկներով երեւում են նաեւ, որ հոշոտելուց հետո ինքը գալիս իրա ավտոմեքենան է նստում ու արագ ընթացքով իջնում է իրենց տուն: Ինքը, որ մենակ չի եղել միանշանակ է, այնտեղից բերող է եղել, հետո մարդիկ են եղել, որ ասել են՝ Հարութը նստավ գնաց, Հարութը երկու հոգով եկավ: Ինքը շորերը փոխել է, կես ժամ հետո հատել է Բավրայի սահմանը, որը եւս ֆիքսված է: Քեթիի դաշտավայրից գտան զենքը կտրտած, թե ով է այնտեղ գցել, ինչպես գտան՝ չգիտեմ: Մաքսատան աշխատակիցներն ասում են՝ ինքը շատ անհանգիստ է եղել, հրահանգել է անգամ ֆիքսել ժամը՝ երբ է հատում սահմանը: Այս ամենը կա քրեական գործում՝ նախաքննության մեջ:

Մի բանում գրեթե վստահ եմ, որ մարդ եղել է նորից այս գործում, միանշանա՛կ, էդ բանը մենակով հնարավոր չէ: Էդ մեծ գործողությունը բացառված է, որ մի հոգի անի, մարդիկ եղել են, ու ինքը պիտի ասի, անպայման, եթե ինքը չէ, թող ասի ո՞վ է, մինչեւ դա չասի, դատը չի ավարտվի, մինչեւ չասի ինչի՞ համար է արել՝ այդպես դաժանաբար զրկել Կարենին կյանքից, դատը չի ավարտվի»:

«Galatv.am»-ին ծավալուն հարցազրույց է տվել նաև Վ. Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հայրը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, որի ժամանակ մի շարք աղմկոտ բացահայտումներ է արել իր դեմ հարուցված քրեական գործի, Վ. Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության, ինչպես նաև՝ ոստիկանական համակարգի մասին, ուր աշխատել ու պատասխանատու պաշտոն է զբաղեցրել 46 տարի շարունակ: Galatv.am-ը ներկայացնում է այդ հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Սարգսյան, Ձեր դեմ ևս վերջերս քրեական գործ է հարուցվել, Դուք մեղադրվում եք այն բանի համար, որ խոչընդոտել եք քննիչի աշխատանքները և թույլ չեք տվել հարցաքննելու Ձեր տղայի գործով որպես վկա հրավիրված բարեկամներից մեկին: Դա այդպե՞ս է:


-Հարգելի՛ լրագրողներ, չորրո՛րդ իշխանություն, ոնց որ տղայիս գլխին են սարքել, հիմա իմ գլխին են ուզում սարքել: Քննչական ապարատն աշխատել է թելադրանքով, աշխատել է կամակատարությամբ և հրահանգով, որ անպայման մարդու գլխին պետք է սարքել: Այդ ամենն արվում է նրա համար, որ փաստեր ձեռք բերեն: Հարությունին դատապարտել են, որովհետև մարդիկ կան, ովքեր շահագրգռված են, էդ շահագրգռվածությունը հասել է մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանի միջոցով, որը տղայիս ծեծել է, և մինչև հիմա վերքերը չեն լավացել:

Ես հայտարարում եմ, որ մեր ընտանիքի նկատմամբ կատարվում է քրեական հետապնդում: Այսինքն, ցանկացած պահի իրենք ուզում եմ դատապարտել, վախեցնել, լռեցնել, որ չկարողանանք խոսել, որպեսզի տղաս իրանց թելադրանքը գրի, պրծնենք: Հիմա հոգեբանորեն են ճնշում, ասում են՝ այսպիսին է՝ հորդ էլ ենք դատի տալիս, որ երեխեն հորից, մորից քրոջից վախենա, հոգեբանորեն ճնշվի: Հիմա ես ինչի՞ եմ այսպես անկեղծ խոսում, որովհետև գործը մտավ դատարան, և հիմա էլ Կարեն Բաբակեխյանը չի կարող գլխին սարքել, որ ժամանակին սարքել է Ջհանգիրյան Գագիկի գլխին, Սաղաթելյան Մուշեղի գլխին կամ Ջհանգիրյանի հաշմանդամ եղբոր գլխին: Նա սարսափելի անձնավորություն է. զենքը տարել սարում գցել է, պարզվել է, որ էս երեխան (ի նկատի ունի Կարեն Եսայանին - Ք. Մ.) էդ զենքով սպանված չէ: Ես ողբում եմ էս տղայի համար: Հետո ապակողմնորոշում են մորը, հարազատներին...

-Ձեր տղան հայտարարեց դատարանի դահլիճում, որ նրան նախաքննության ընթացքում ծեծի են ենթարկել, որ ցուցմունք գրի, հետո հոդված են փոխել...

-Երեխի վրա կրակել է Բաբակեխյան Կարենը: Գիշերը ծեծի է ենթարկել սարսափելի ձևով իրա տեղակալ Ենգոյան Վահրամի հետ: Էնքան են ծեծել տղուս, որ հետո դատարան են տարել բաբուջներով: Հիմա պատվերով ուզում են տղայիս դատել: Զենք ու զինամթերք կրելու-պահելու հոդվածը հանել են, բերել են ուրիշ հոդված՝ շահութահարկ թաքցնել մեքենաների վաճառքից: Ի՞նչ է կատարվում, ես ոչ մի բան չեմ հասկանում: Խնդրում եմ ինձ Դուք բացատրեք՝ շահութահարկը ի՞նչ կապ ունի սպանության հետ: Դա արվում է նրա համար, որ հիմք ունենան, կարողանան պահել: Ես էլ եմ ոլորտում աշխատել, ես էլ եմ խախտումներ թույլ տվել, ես էլ աստվածապաշտ չեմ եղել: Համակարգում 46 տարի ծառայել եմ, ինձ համար բոլորը հասկանալի է... Թերթերում գրել են, որ ինձ օրգանից հեռացրել են աշխատանքից. սուտ է, ես զոռով եմ գնացել թոշակի:

-Այսինքն՝ Դուք երկար տարիներ աշխատելով ոստիկանական համակարգում՝ պնդում եք, որ սարսափելի բանե՞ր են տեղի ունենում, համակարգը այդքան նեխա՞ծ է:

-Ես միության կադր եմ, ես օրենքն իմանալով՝ մշտապես վախ եմ ունեցել՝ իմ մեջ թերություններ թույլ չտալ: Ախուրյանում իմ աշխատած ժամանակ ես միլիցիա էի, իմ անունը դրել էին դատախազ, ասում էին, որ օրենքը խիստ պահպանում էի, ոչ մի անգամ թիկնապահով ման չեմ եկել և անօրինական բան չեմ արել, սուրբ էլ չեմ եղել, ինձ հետ աշխատողները կարող են դա հավաստել:

-Ծանոթություն, կապ Կարեն Եսայանի հետ Ձեր որդին ունեցե՞լ է:

-Տղայիս կանչեց, զանգեց Գյումրի քաղաքի բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը: Զանգեց ինձ, թե՝ պարոն Սարգսյան, Ձեր որդին եղել է ավտոլվացման կետում, ընդեղ մի հատ մեքենա է եղել և Ձեր որդու մեքենան, գուցե կճանչե՞: Իմ տղեն էդ ժամանակ տանը չի եղել, եղել է Վրաստանում, ասել եմ, որ Վրաստանում է, հենց եկավ ես Ձեզ տեղյակ կպահեմ: Տղաս եկել է, զանգել ասել եմ՝ հենց հիմա տղայիս հետ գալիս եմ: Ոստիկանությունում զրուցել եմ Կարենի հոր հետ՝ Ռազմիկի: Մարդիկ լիարժեք համոզվեցին, որ կապ չունենք... Հիմա տեսեք, դիակը, դեպքի վայրը չգտած՝ հայտարարում էին արդեն, որ սպանություն է եղել: Դիակը գտել են քաղաքապետարանի աշխատողները: Հիմա ավտոմեքենայի վրա կան մատնահետքեր, գործող մատնահետքեր, իրենցից պահանջում ենք մատնահետքեր հանել, ասում են՝ Բաբակեխյան Կարենը պտի գրի, իսկ Կարենը շահագրգռված է, մեծ գումար է վերցրել: Ասում եմ՝ բացարձակ, ասում եմ՝ հանրապետության նախագահն էլ լսե, թող թեկուզ տղիս տան 15 տարի, ինչ կուզեն տան, ես արդարությունն եմ պահանջում: Միայն արդարություն:

-Պարո՛ն Սարգսյան, ասում են՝ կադրեր կան, տեսանյութեր...

-Ես տեսել եմ կադրերը. մեկ մեքենան դիմացից, մեկն էլ մեր լեզվով ասած՝ «կռիլոն», և ոչ մի համարանիշ չի երևում: Ասում են՝ սա Կարենի մեքենան է, սա էլ իմ տղայի՝ Հարություն Սարգսյանի մեքենան է: Կարենը մեքենայի դուռը բացում է, չես կարող ասել՝ ի՞նքն է, թե՞ ոչ: Իրանք 5 լուսանկար են ուզել, ես սաղ լուսանկարներն եմ տարել: Էդ տղան մեջքից է երևում՝ գլուխը մազ կա, սև է, իսկ իմ տղայի գլխից ճանաչում եմ, մազ չկա: Էսպիսի շառով տալ, պատվերով աշխատել, հնարավոր չէ: Ես սպասում եմ, որ տղայիս 15 տարի տան: Ես կարող եմ ցանկացած պետությունից Եվրոպական դատարան տալ: Ես գնալու եմ ԱՄՆ դեսպանատնից ապաստարան եմ խնդրելու, չտվեցին՝ գնալու եմ Թբիլիսի...

-Պարո՛ն Սարգսյան, հենց առաջին իսկ օրերից վարկած էր շրջանառվում՝ սպանություն խանդի հողի վրա...

Ո՛չ իմ տղեն է տեսել էդ աղջկան, ո՛չ էդ աղջիկը, բացառվում է, որ ասեմ, իրար չեն էլ ճանաչել: Իմ տղեն ընտրյալ աղջիկ ունի՝ սպասում է, որ ամուսնանա:

Այս խորագրի վերջին նյութերը