Աշխարհ

19.06.2009 16:36


«Ճանապարհային քարտեզի» նոր քողազերծում

«Ճանապարհային քարտեզի» նոր քողազերծում

Ինչպես փաստում է «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքը, հունիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը կողմ է հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզի» բովանդակությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը ողջունել է այն:

 «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, մեր կարծիքով, հնարավոր է, որ պատմական դառնա, քանի որ երկու երկրները համաձայնել են հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ, որով նախատեսվում է բացել արդեն չափազանց երկար ժամանակ փակված սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և հանձնաժողովներ ստեղծել մի շարք առանցքային բնագավառներում, այդ թվում՝ պատմության: Եվ մենք քաջալերում ենք այդ գործընթացը և աջակցում ենք դրան»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Մեկնաբանությունները թողնելով ընթերցողին՝ նշեմ միայն, որ այդ նախագծվող հանձնաժողովը, եթե օրակարգում ունենա ցեղասպանության իրողության ապացուցման պատմագիտական քննարկման հարցը, ապա դա կլինի Հայոց եղեռնի զոհերի հիշատակի անարգում, ցեղասպանության ինքնաուրացում և հայ ժողովրդի արժանապատվության զոհաբերում: Իսկ ով կասկածում է, թե ցեղասպանությունը պատմություն չէ, այլ ներկա իրողություն, թող նայի հայության կորսյալ հայրենիքին, 7-միլիոնանոց անարգված սփյուռքահայությանը, Հայաստանի սահմաններին, Հայաստանը խեղդամահ անող շրջափակման օղակին, թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականությանը և... ցեղասպանությունը վերապրածների աչքերին: Ցեղասպանության հարցը քաղաքական խնդիր է և ենթակա միջազգայնորեն ճանաչման ու փոխհատուցման: Պատմագիտությունը այս հարցում վաղուց ասել է իր խոսքը, և ով ծանոթ չէ ասվածին, դա ամենևին չի նշանակում, թե խնդիրը վիճահարույց է գիտական տեսանկյունից:

Ի դեպ, այս լսումները ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության օրինագծի նոր տապալման երկրորդ նախազգուշացումն է՝ հիմք դրված նաև մեր կողմից՝ ապրիլի 22-ի գիշերը: Առաջին նախազգուշացումը կատարեց ինքը՝ Օբաման՝ ապրիլքսանչորսյան իր ուղերձում: Եվ, իրոք, ի՞նչ կարիք կա քննարկելու և, նույնիսկ, ընդունելու մի բանաձև, որի ճշմարտացիությունը «կասկածելի է» և դեռևս ենթակա քննարկման հայ և թուրք պատմաբանների կողմից:

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը