Աշխարհ

19.06.2009 14:19


Կմեկնի՞ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիա՝ «ֆուտբոլ դիտելու», թե՞ ոչ...

Կմեկնի՞ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիա՝ «ֆուտբոլ դիտելու», թե՞ ոչ...

-Կարծում եմ, թուրքական դիվանագիտությունը հոկտեմբերին կգտնի ձևը՝ համոզելու մեր նախագահին, որ մնա խաղի մեջ և գնա Թուրքիա։ Կարծում եմ՝ պայմանագիր մինչ այդ չի ստորագրվի, այլ ժամանակավոր 2-3 օրով միայն նախագահի համար սահմանը կբացեն, քանի որ Հայաստան -Թուրքիա հարաբերությունների լինել-չլինելը սկսել է ազդել նաև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Մյուս կողմից, մեր նախագահը բանակցություններից այդքան հեշտ դուրս գալու տրամադրություն չի ունենա, քանի որ նաև 3-րդ կողմի համար է այս բանակցությունների մեջ։ Այսինքն, որպեսզի ցույց տա, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին, ինքը չի ասի, թե մենք այս բանակցություններում չկանք,- «Կմեկնի՞ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերին Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու, թե՞ ոչ» հարցին «Դե ֆակտո» ակումբում պատասխանել է  ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Կիրո Մանոյանի հետ համամիտ լինելով՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասել է, որ Թուրքիան փորձելու է այնպիսի վիճակ ստեղծել, որ հոկտեմբերին խաղից առաջ Սերժ Սարգսյանի վրա Թուրքիա գնալու համար ճնշում լինի ոչ միայն Թուրքիայի կողմից, այլև հիմնական կենտրոններից՝ Ռուսաստանից, Ամերիկայից և Եվրոպայից։

-Ես խորհուրդ կտայի նախագահին, որ ինքը քայլ աներ և դուրս գար բանակցություններից։ Այդ քայլով նա ցույց կտար, որ չի ուզում մասնակցել մի շոուի, որտեղ Հայաստանը շահ չունի, մինչդեռ Թուրքիան բավականին մեծ շահեր ունի։ Կա 2 տարբերակ՝ գնալ և չգնալ։ Գնալ՝ նշանակում է բավականին ֆունդամենտալ կորուստներ ունենալ, չգնալ՝ նշանակում է էլի կորուստներ ունենալ, բայց ավելի քիչ։

Թուրքիայի կողմից որպես նախապայման ներկայացվող՝ ցեղասպանության դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին խոսելիս՝ Կիրո Մանոյանը զարմանք է հայտնել, թե ինչպե՞ս կարելի Թուրքիայի հետ պատմական խնդիրներ քննարկելու մասին խոսել, եթե Թուրքիան չի ընդունում ցեղասպանությունը.

-Թուրքիան ինքն իր ներսում պետք է այդ քննարկումը կատարի։ Հարցը Հայաստան-Թուրքիա վեճը չէ, որ Հայաստանը մի բան է ասում, Թուրքիան մեկ այլ բան, Թուրքիան մի բան է ասում, մնացած ամբողջ աշխարհը՝ ուրիշ բան։ Պատմական հարց քննարկելու խնդիր չկա։ Եթե ուզում են քննարկեն, թող քննարկեն աշխարհի հետ։

Երվանդ Բոզոյանի կարծիքով էլ՝ այն, որ ցեղասպանություն եղել է, գիտեն բոլորը, և աշխարհը չի էլ քննարկում այդ խնդիրը.

-Աշխարհը քննարկում է հետևյալ խնդիրը. արդյոք արժե՞ այսօր այդ խնդիրը քննարկել, թե՞ ոչ։ Եթե մենք ստեղծենք որևէ հանձնաժողով, անունը դնենք նույնիսկ ցեղասպանության հանձնաժողով, արդեն կասկածի տակ ենք դնում այդ խնդիրը։ Դա նշանակում է լրջագույն հարված հասցնել ցեղասպանության խնդրին։

Այս խորագրի վերջին նյութերը