Քաղաքական

27.12.2012 16:35


ՀԱԿ–ը չի մասնակցի նախագահական ընտրություններին և չի պաշտպանի որևէ առաջադրված թեկնածուի

ՀԱԿ–ը չի մասնակցի նախագահական ընտրություններին և չի պաշտպանի որևէ առաջադրված թեկնածուի

Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ  հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երեւանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները:

Հինգ տարվա ընթացքում կատարելագործվել է ընտրակեղծարարության մեքենան: Երկրում ստեղծվել է պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման եւ բազմակի քվեարկության հանցագործ մի համակարգ, որին աջակցում են պետական կառավարման եւ իրավապահ բոլոր մարմինները, ինչպես նաեւ իշխող կուսակցությունը: Ընտրությունների կեղծման գլխավոր գործիքն է ըտնրողների ցուցակը, որն ուռճացված է մոտ 700 000 ընտրողների ձայներով: Իշխանությունը տապալեց Ազգային Ժողովում ներկայացված Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունների միացյալ ջանքերը` արմատապես փոխելու ընտրական համակարգը երկրում եւ ապահովելու օրինական, թափանցիկ, ազատ եւ արդար ընտրություններ` հաշվի չառնելով նաեւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության պահանջները: Ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ ազգային կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը