Քաղաքական

25.12.2012 08:50


Լևոն Տեր–Պետրոսյանը նախագահական ընտրություններին չի առաջադրվի

Լևոն Տեր–Պետրոսյանը նախագահական ընտրություններին չի առաջադրվի

-Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր, եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելու խնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

-Զարմանքով:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Նկատի ունեմ այն, որ իմ առաջադրմանը թեր և դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում:
-Բացառություններ չկա՞ն:
-Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և, երբեմն, նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկն ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Այդպիսին է, օրինակ, Չերչիլի, Ադենաուերի, Դը Գոլի, Շևարդնաձեի, Հեյդար Ալիևի և Մարիո Մոնտիի պարագան: Միակ իրական բացառությունը, թերևս, Ռեյգանն է, որի ընտրությունը չի տեղավորվում այս սխեմայում: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան բացառություն է, դա ինքնին հաստատում է օրինաչափության գոյությունը:
-Իսկ մի՞թե Հայաստանի իրադրությունն արտակարգ չէ:
Ամենևին ոչ, համենայն դեպս, ո´չ իմ նշած առումով: Հայաստանում ո´չ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում: Հետևաբար, քաոսից ազատվելու և երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, և եթե լիներ էլ, դա դեռևս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն, անպայման, ես էի լինելու:
-Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու:
-Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները:
- Ձեր հիմնավորումն, անշուշտ, բավականին համոզիչ է թվում, բայց մտավախություն չունեք, որ շատերի կողմից դա կարող է ընդամենը պատրվակ համարվել:
-Պատասխանեմ նախ հումորով. տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետև այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է: Իսկ այժմ` ավելի լուրջ, դուք երևի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագահական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:
-Այնուամենայնիվ, խնդրում եմ, անկեղծորեն ասեք` տարիքային հանգամանքից բացի Ձեր չառաջադրման ուրիշ պատճառ չկա՞:
-Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող գանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ, կա ևս մեկ, թեև աննշան, զուտ տեխնիկական պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետև մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան:
-Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր որոշումը միանշանակ չի գնահատվի, և կլինեն դժգոհողներ ու քննադատներ:
-Ինձ ցույց տվեք քաղաքական գործիչների որևէ քայլ, որը միանշանակ է գնահատվում: Այո, իհարկե, կլինեն դժգոհողներ ու քննադատներ, բայց կլինեն նաև հրճվողներ ու մեծաբանողներ:
-Բայց դժգոհողներն ու քննադատները լինելու են Ձեր համակիրները, իսկ հրճվողներն ու մեծաբանողները` Ձեր հակառակորդները:
-Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաև, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաև իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով` իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետևանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա´ Աստված:
-Այլ բան չե՞ք ուզում ավելացնել:
-Առայժմ ոչ, բայց խոստանում եմ, հարմար մի պահի, նախընտրական թոհուբոհի հանդարտումից հետո, հանգամանորեն անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր կարևոր հարցերին:
-Հարցերը կարող են շատ լինել, իսկ Ձեր մնկնաբանությունները վիճելի դիտվել:
-Ես չեմ խուսափի քաղաքական բանավեճից, պայմանով, սակայն, որ այն հիմնված լինի հստակ ելակետերի ու փաստարկների, այլ ոչ թե 18-րդ դարի մի հայտնի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» վրա. «Մի հավատավորի հարցնում են. - Որտեղի՞ց գիտեք, որ ձեր քահանան խոսում է Աստծու հետ: - Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում: -Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում: - Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստախոսի հետ»:
-Անշուշտ, սրամիտ անեկդոտ է, բայց դառն իրականությունն այն է, որ նախ Ծառուկյանի, իսկ այժմ նաև Ձեր չառաջադրվելու պարագայում Սերժ Սարգսյանն, ըստ էության լուրջ մրցակից չի ունենալու և հաղթելու է 80-90 տոկոսով` հռչակվելով առավել, քան լեգիտիմ կամ ինչպես Դուք եք նախընտրում ասել օրինակարգ նախագահ:
-Նախ` ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիևից, և երկրորդ` նույնիսկ 100 տոկոս հավաքելու պարագայում Սերժ Սարգսյանի օրինակարգությունը լինելու է այնքան, որքան Սադամ Հուսեյնի, Կադաֆիի կամ բռնապետական որևէ այլ երկրի ղեկավարի օրինակարգությունը:

-Նման պարագայում ի՞նչ ապագա է սպասում մեր երկրին ու ժողովրդին:

-Նախընտրական շրջանում տրամադրությունների վրա չազդելու համար ապագայի մասին խոսակցությունը թողնենք ապագային: Առանց այդ էլ մեր զրույցը երկար ստացվեց:

Քրիստինե Խանումյան
«Չորրորդ ինքնիշխանություն»

Այս խորագրի վերջին նյութերը