Կարծիք

18.06.2009 11:43


Հայաստանի անվտանգ ապագայի երաշխիքները

Հայաստանի անվտանգ ապագայի երաշխիքները

Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության մասին պետք է խոսել՝ ելնելով այսօրվա իրական կարիքներից և նրան սպառնացող վտանգներից: Դրանք հիմնականում երեքն են. առաջինը թուրք-ադրբեջանական սպառնալիքն է, երկրորդը ռուսական զորքերն են, որոնք գրեթե միակողմանի կախում են ստեղծում և պաշտպանելով Հայաստանի սահմանները՝ միաժամանակ վտանգում են Հայաստանի անկախությունը, և երրորդը շրջափակումն է: Այս սպառնալիքները փոխկապակցված են և պետք է դիտարկվեն շղթայի մեջ: Այստեղ կա նաև վրացական սպառնալիքը, որը, սակայն, թույլ է և ներկայումս, գուցե, հակառակ կողմն է ուղղված:

Խոսելով Հայաստանի անվտանգ ապագայի մասին՝ մենք ունենք մի քանի գերնպատակ: Առաջինը Հայաստանի շրջափակման օղակի հուսալի ճեղքումն է, հուսալի, որովհետև ժամանակավոր ճեղքումներն անհուսալի են, հետևաբար՝ ուժերի անիմաստ վատնում են նշանակում: Այս պայմաններում և այս հարևաններով Հայաստանի ապագան մշուշոտ է: Եթե Հայաստանն այս հարուրամյակում ելք չունեցավ դեպի ծով, մենք հաջորդ հարյուրամյակի մասին, հավանաբար, մտածելու ենք դրսից՝ Սփյուռքից: Երկրորդը թուրք-ադրբեջանական միջնատարածքի մեծացումն է, որը պետք է հեռացնի այդ երկու պետությունների շփումը: Այս առումով ինչքան մեծ լինի հայկական շերտը նրանց միջև, այնքան երկարակյաց է Հայաստանը: Ղարաբաղյան անզիջողական հակամարտության բուն էությունը, իրականում, այստեղ է թաքնված, որը և գիտակցում են հակամարտող ու շահագրգիռ կողմերը: Երրորդը հայության կազմակերպումն է Անդրկովկասում և նրա մերձակայքում: Սա շատ կարևոր է տարածաշրջանային քաղաքականության համար: Այս առումով պետք է նաև մտածել հայության ուղղորդված տեղաշարժերի մասին՝ փորձելով Անդրկովկասում և նրան հարող տարածքներում նրա համար ստեղծել դրական ազգագրական միջավայր, որը և նոր քաղաքականությունների հնարավորություն կստեղծի: Չորրորդը Հայաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական ուժի և ինքնուրույնության մեծացման խնդիրն է, որը հնարավորություն կստեղծի անկախ նախաձեռնությունների համար: Այս հերթականությունն, իհարկե, կարելի է փոխել ըստ պահի թելադրանքի: Սակայն այսօր կարևորը ճիշտ և համակարգված արտաքին քաղաքականություն վարելն է և դրա համար ճիշտ կեցվածք ընդունելը:

Երբ խոսում ենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, մեկ բան շատ կարևոր է գիտակցել. այս երկու պետությունները շրջափակման աքցանով ուզում են մեզ ոչնչացնել, և այդ օղակը պետք է ճեղքվի, այլ ոչ թե կարծրանա: Այս առումով ներկայումս Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները պետք է անորոշ պահել այնքան ժամանակ, մինչև որ դրանք չամրագրվեն հայության համար առավել նպաստավոր պայմաններով: Ինչ վերաբերում է վրացական սահմանին, ապա այդ ուղղությամբ Ջավախքը հետաքրքիր հեռանկարների հնարավորություն է ընձեռում: Եվ Ջավախքն է այն հենման կետը, որը կարող է առավել հիմնարար ապահովել սևծովյան ավազանից օգտվելու մեր հնարավորությունները: Նշյալ տեսանկյունից աշխույժ և բազմաբնույթ աշխատանքներ պետք է տարվեն նաև համշենահայության հետ, որոնք ապագայում կարող են հայության համար դրական միջավայր ստեղծել նույն սևծովյան ավազանում:

Հայաստանը մոտ ապագայում չի կարողանա իր տնտեսությունը հուսալիորեն կառուցել թուրքական և ադրբեջանական ճանապարհների հեռանկարով: Անդրկովկասի համար ռուս-եվրոպա-ամերիկյան հակամարտությունը դեռևս կարող է երկար ձգվել: Ու այս ուժային կենտրոնների կողմից ստեղծված անվտանգության համակարգերի միջոցով բաց սահմանների և անվտանգ ճանապարհների երաշխավորումը, գուցե, մի քանի տասնամյակ հետո միայն իրականություն դառնա: Այդ ընթացքում շատ ջրեր կարող են հոսել: Եվ եթե ուզում ենք ունենալ երաշխավորված ճանապարհներ և անվտանգ ապագա, պետք է նայենք դեպի հյուսիս և կառուցենք հայ-իրանական հաղորդուղիներ: Ջավախքն ավելին է, քան այսօր գիտակցվում է, և ջավախահայությանն ու վիրահայությանը, ընդհանրապես, պետք է ուժեղացնել՝ ամեն օր և հնարավոր բոլոր միջոցներով:

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը