Քաղաքական

17.12.2012 15:52


Հովիկ Աբրահամյանը պահանջել է օրիորդ ՀՀԿ–ականի հետ կոռեկտ խոսել. ԱԺ–ում կրքերը թեժ էին

Հովիկ Աբրահամյանը պահանջել է օրիորդ ՀՀԿ–ականի հետ կոռեկտ խոսել. ԱԺ–ում կրքերը թեժ էին

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀԿ–ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություններ են առաջարկվում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմում: Օրինագծի հեղինակները դա հիմնավորում են հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու ցանկությամբ, որպեսզի կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներն այդ հանձնաժողովի քվեարկությունների ժամանակ փոքրամասնություն չկազմեն։ Նրանք առաջարկում են որոշումներն ընդունված համարել, եթե կողմ են քվեարկել ոչ իշխանական և իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամները: Իսկ այն  դեպքում, երբ ոչ ընդդիմադիր խմբակցությունների թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրել լրացուցիչ անդամով:

Օրինագծի քննարկումը խորհրդարանում բավականին թեժ է անցել։ ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանը պնդել է, որ այդպիսով այդ մարմինը դարձնում են անողնաշար, չգործող մի օղակ: Մեկ այլ ՀՅԴ–ական Աղվան Վարդանյանն էլ ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի հայտարարել՝ ընդդիմություն է, բայց իշխանության մաս էլ չի կազմում։

–Դուք ինչո՞ւ եք ուզում նրանց ճխտել մի տեղ: Ո՞վ է ձեզ իրավունք տվել որոշել, թե նրանց որտեղ կոխեք,-ՀՀԿ–ին դիմելով՝ նշել է Ա. Վարդանյանը։

Ի դեպ, որպես օրինագծի հիմնական զեկուցող հանդես է եկել երիտհանրապետական Արփինե Հովհաննիսյանը, ով և Ա. Վարդանյանի այս դիտարկմանն ի պատասխան հեգնել է, թե պատգամավորների համար հատուկ համազգեստ է պետք կարել՝ մեջքին գրված՝ ընդդիմություն, ո՛չ ընդդիմություն։ Իսկ երբ ՀՅԴ խմբակցության քարտուղարը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ հարցը չի զեկուցում Դավիթ Հարությունյանը և ընդհանրապես ո՞ւր է նա, վրդովված միջամտել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

–Ձեր լիազորությունները մի՛ գերազանցեք։ Ա՜յ քեզ բան: Քեզ ի՞նչ Դավիթ Հարույունյանն ուր է: Ինչ-որ մի քիչ խառնել եք, պարո՛ն Վարդանյան։

Այստեղ արդեն միջամտել է ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանը, ով ընդգծել է, որ լիազորությունները գերազանցում է ԱԺ նախագահը, քանի որ նա իրավունք չունի միջամտելու հարց ու պատասխանին։

Ահաբեկո՞ւմ եք ինձ։ Մի անգամ ահաբեկեցիք, եսիմ որտեղ էիք, հիմա ինչի՞ եք ուզում ահաբեկել,–հակադարձել է Հ. Աբրահամյանը:

Նա նաև պահանջել է, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Արփինե Հովհաննիսյանի հետ խոսելիս լինի կոռեկտ, քանի որ օրիորդի հետ է խոսում, իսկ ԲՀԿ–ական Գուրգեն Արսենյանի նկատողությունից հետո, որ ՀՀԿ–ական պատգամավորուհին ԲՀԿ խմբակցության անունը տալու փոխարեն ընդամենը «նրանք» է ասել, ԱԺ նախագահը պնդել է.

–Ձեր ականջները ձայն են տալիս, նա նման բան չի ասել։ Ձեզ ստուգվել է պետք, պարո՛ն Արսենյան:

Նշենք, որ մինչ 2012թ. մայիսի 6-ին ՀՀԿ–ի համամասնական ցուցակով պատգամավոր դառնալը, Արփինե Հովհաննիսյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ հատուկ չի գրանցվել Արփինե Հովհաննիսյանին հարց տալու համար, քանի որ այս օրինագծի բուն հեղինակ համարում է Դավիթ Հարությունյանին, իսկ մնացյալ բոլորին խորհուրդ է տվել այդքան չմտագոհվել ԲՀԿ–ի մասին։

–Խորհուրդ եմ տալիս մտահոգվել ձեր խնդիրների մասին, որովհետև, հավատացնում եմ, դրանք շատ–շատ են։ Իսկ ԲՀԿ–ն լավ գիտի իր տեղն էլ, իր նշանակությունն էլ։ Մենք շատ ընդիմադիրների ենք տեսել, ովքեր իրենց ամբիոնից ճղում են, բայց ամբողջ օր կարող ենք տեսնել իշխանական կուլիսներում։ Իսկ ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու այս օրինագծին,–ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը