Քաղաքական

17.12.2012 14:25


Նաիրա Զոհրաբյան. «Այս եղանակով մրցակիցների, օպոնենտների հարցերը լուծելիս 37 թվի հոտն է գալիս»

Նաիրա Զոհրաբյան. «Այս եղանակով մրցակիցների, օպոնենտների հարցերը լուծելիս 37 թվի հոտն է գալիս»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունն անուշադրության մատնելու կոչով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Zham.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց. 

«Ես ընդամենը մեկ կոչով հանդես կգամ, որպեսզի թե՛ լրատվամիջոցները, թե՛ քաղաքական դաշտը ուղղակիորեն բոյկոտեն, չանդրադառնան այդ ձայնագրությանը: Ես ինքս միտումնավոր, սկզբունքային չեմ լսել այդ ձայնագրությունը, որովհետև դա նույն բանն է, ինչ փակ դռան հետևից ականջ դնել երկու քաղաքացիների երկու անձանց խոսակցությանը»:

Զոհրաբյանն ուղղակի կոչ է անում չանդրադառնալ այդ խոսակցությանը, որպեսզի նրանք, ովքեր ծրագրել էին, որ դրանով կարող էին ինչ-ինչ խնդիրներ լուծել, հասկանան, որ նման ձևով ուղղակիորեն չի կարելի հարցեր լուծել, «որևէ հարց»: Ըստ ԲՀԿ քարտուղարի` աժիոտաժը, որ կա այս ձայնագրության շուրջ, այդ ծրագրավորողներին տալիս է հնարավորություն, որ հաջորդ անգամ նույնպես այդպես վարվեն:

«Բոյկոտը, չանդրադառնալը ամենաճիշտ որոշումը կլինի, որպեսզի պատվիրատուները հասկանան, որ երկրում 37 թիվը չի, որպեսզի պատվիրատուները հասկանան, որ այս եղանակով մրցակիցների, օպոնենտների հարցերը լուծելիս 37 թվի հոտն է գալիս»,-ամփոփեց նա:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը youtube-ում տեղադրվել է «անհայտ» անձի կողմից: Որոշ տեղեկություններով` հանդիպումը կայացել է սրճարանում. առանձնազրույցի թեման գալիք նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուի առաջադրման հարցն է. զրուցակիցները խոսում են ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի մասին:

 

Այս խորագրի վերջին նյութերը