Լրահոս

12.12.2012 14:05


Սամվել Կարապետյանն առաջարկում է Գյումրիի եղբայրական գերեզմանոցն անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով

Սամվել Կարապետյանն առաջարկում է Գյումրիի եղբայրական գերեզմանոցն անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայերի կողմից իրենց հայրենիքի կանոնները չհարգելու խնդրին:

«Հայկական լեռնաշխարհ ունի միայն մեկ խնդիր՝ երկրաշարժները, այն էլ նրանցից ունեցած կորուստները ոչ այնքան աղետի, որքան մեր մեղքով են: Բնությունը պարբերաբար տարբեր մեթոդներով «ստուգատեսի» է գալիս. եթե ճիշտ ես ապրել, շարունակում ես, եթե սխալ ես ապրել, չես հարգել քո հող ու ջրի օրենքները՝ մտնում ես գերեզման: Մեր տարածաշրջանում բնությունը ստուգայցի է գալիս երկրաշարժների տեսքով: Օրինակ, Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, թե որքան անհարգալից ենք մենք մեր հայրենիքի բնական օրենքների նկատմամբ, դրա համար էլ խստագույնս պատժվեցինք: Երկրաշարժից հետո բոլոր նախախորհրդային, ինչպես նաև «ստալինյան» և «խրուսչովյան» շինությունները ճաքեր ունեին, բայց կյանքեր էին փրկել, իսկ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման օրոք կառուցված որևէ շենք չպահպանվեց, կարծես չէր էլ կառուցվել: Սա ցույց է տալիս, որ ազգը այլասերվեց այն աստիճան, որ իր իսկ համար կառուցեց այնպիսի տուն, որը չի դիմանա իր հայրենի բնության «ստուգայցներին»,- ասել է Կարապետյանը՝ օրինակ բերելով վերջերս Վանում տեղի ունեցած երկրաշարժը, որն իր ուժգնությամբ չէր զիջում Սպիտակի երկրաշարժին, սակայն ընդամենը 100 մարդու կյանք էր խլել: «Ամոթ է ուղղակի, որ քրդերը մեզանից ավելի են հարգում մեր հայրենիքի կանոնները. Վանում 4 հարկից բարձր որևէ շենք չես գտնի»:

Հուշարձանագետն առաջարկել է նաև Գյումրիի եղբայրական գերեզմանոցն անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով: «Դա իր վաստակն էր: Իր պաշտոնավարման ընթացքում կառուցվեցին այն շենքերը, որոնք գերեզման դրեցին հազարավոր հայ կյանքեր: Սրանով ես չեմ ուզում ասել, որ հիմա կառուցվում են այնպիսի շենքեր, որ վաղը կրկին բազմաթիվ հայ կյանքեր գերեզման չեն դնելու: Ի՞նչ երաշխիքներ ունենք, որ բնությունը հերթական ստուգատեսի չի գալու»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը