Լրահոս

11.12.2012 16:43


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գործողությունների ստորաբաժանման ղեկավար, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, դեսպան Սթիվեն Էվանսի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը:       

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների պլանավորման, ճգնաժամերի կառավարման ոլորտներում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված արտակարգ իրավիճակների պլանավորման եւ ճգնաժամերի կառավարման ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նախարար Երիցյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները եւ ապագա ծրագրերը:

Նույն օրը կայացել է «Դաշնակիցներ+Հայաստան+Գործընկերներ» ձեւաչափով նիստը, որն իր բնույթով առաջին այս կարգի միջոցառումն էր` նախաձեռնված եւ կազմակերպված Հայաստանի Հանրապետության կողմից: Նիստին մասնակցել են Դաշինքի անդամ եւ Գործընկեր պետությունների շուրջ 40 ներկայացուցիչներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը եւ ՀՀ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկույցի ավարտից հետո ներկաներին համար ցուցադրվել է կարճատեւ տեսահոլովակ` նվիրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը