Քաղաքական

10.12.2012 15:05


Սերժ Սարգսյանը դեմ է ՀՅԴ պլատֆորմի հիմնական կետերին

Սերժ Սարգսյանը դեմ է ՀՅԴ պլատֆորմի հիմնական կետերին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  դեկտեմբերի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների վերաբերյալ:

Այսօր ՀՅԴ Բյուրոյում «yerkir.am»-ի, «Առավոտ»-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը տեղեկացրել է, որ նախագահի հետ կայացած հանդիպումը ՀՅԴ հերթական հանդիպումների շարքից էր: Նա ընդգծեց, որ թեեւ մինչեւ հիմա որեւէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն հրապարակել, բայց ՀՀԿ  եւ ՀՀ նախագահի հետ հանդիպման որոշ մանրամասներ կասի:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն եւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կետին: Նախագահը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով իր քայլը ճիշտ է եղել, իսկ ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին, նա հայտարարել է, որ խնդիրը կառավարման համակարգը փոխելու մեջ չէ:

7or.am

Խմբ. կողմից– Հետաքրքրական է, որ ՀՅԴ բյուրի ներկայացուցիչը տեղեկացնում է, որ նախկինում էլ են հանդիպումներ եղել Սերժ Սարգսյանի հետ, բայց չի մեկնաբանում, թե ինչո՞ւ հենց դեկտեմբերի 8–ի հանդիպումն է որոշվել հրապարակայնացնել ու «չոր» հաղորդագրություն տարածել այդ մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գտնվում են նախագահական ընտրությունների նախաշեմին, մնում է միայն ենթադրել, թե ինչու է այդ հանդիպումը կայացել ու հրապարակայնացվել։ Ի դեպ, երկու օր առաջվա հաղորդագրության մեջ չկար տեղեկություն այն մասին, որ Սարգսյանը դեմ է արտահայտվել ՀՅԴ առաջարկներից հիմնականներին։ Քաղաքական խոհանոցում տեղի ունեցող գործընթացներից լավատեղյակների համար սա մտորելու տեղիք է տալիս։

Հետաքրքրական է նաև այն, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, ՀՅԴ հիմնական առաջարկներին դեմ է եղել, սակայն կողմերը որոշել են շարունակական դարձնել հանդիպումը, ինչպես որ նշված էր ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության մեջ։ Եթե Սարգսյանը ճիշտ է համարում հայ–թուրքական գործընթացը և դեմ է խորհրդարանական կառավարմանը, ապա ուրիշ էլ ինչի՞ց պետք է հետագայում զրուցեն ֆորմալ առումով քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող ուժերը։

Այս խորագրի վերջին նյութերը