Լրահոս

08.12.2012 09:49


Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է խոչընդոտել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին»

Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է խոչընդոտել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «Wall Street Journal»-ում հայտարարել էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ ներառելը և Ղարաբաղում զինված ուժերի բացակայությունը հանդիսանում են հակամարտության կարգավորման նախապայմանները: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես» գործակալությանն ասել է. «Պարոն Մամեդյարովը աներկբա ներկայացրեց Բաքվի տեսլականն առ այն, թե ինչպես խուսափել հայ բնակչության դեմ ցեղասպանական քաղաքականության և Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ էթնիկ զտումների իրականացման, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի իրականացման համար, և թե ինչպես լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը:

Ըստ Մամեդյարովի` ամեն ինչ պարզ է, և անհրաժեշտ է միայն երկու պայման իրականացնել: Առաջին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը զինաթափվում է և դադարում է գոյություն ունենալ: Երկրորդ, Ղարաբաղը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ:

Տրամաբանությունը պարզ է. այն, ինչ որ չստացվեց ռազմական ագրեսիայի միջոցով, երբ ռազմական գործողությունները դադարեցնել պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամեն բանաձևից հետո Ադրբեջանը սկսում էր նոր ռազմական գործողություններ և նոր պարտություններ էր կրում, մինչև որ ստիպված չեղավ խնդրելու հանդիպումներ կազմակերպել ԼՂՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև` զինադադար կնքելու համար, ավելի դյուրին կստացվի, եթե բացառվի նոր ագրեսիային հակադարձելու հնարավորությունը:

Չէ՞ որ ավելի հեշտ է սրի քաշել խաղաղ բնակչությանը, ինչպես դա տեղի ունեցավ Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում, Բաքվում, Մարաղայում... Իսկ ավելի հեշտ է սպանել մարդկանց քնած ժամանակ: Այ այդ դեպքում Ադրբեջանում կբազմապատկվեր «ազգային հերոսների» թիվը` ռամիլ սաֆարովների թիվը: Այ այդ ժամանակ կիրականանար Բաքվի երազանքը` տեսնելու ամբողջ Ղարաբաղը այնպիսին, ինչպիսին են մինչև օրս Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող ԼՂՀ տարածքներն: Տարածքներ, որտեղ չկան հայեր, ոչնչացված են նրանց այնտեղ լինելու հետքերը և որոնք բնակեցված են միայն ադրբեջանիցներով:

Բաքուն ձևացնում է, իբրև թե չի հասկանում, որ ռազմական ագրեսիայի և շրջափակման պայմաններում կայացած Ղարաբաղի ժողովրդավարական պետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և որ համամարդկային արժեքների վրա հիմնված միջնորդների և միջազգային հանրության հանդուրժողականությունը չի նշանակում Ադրբեջանի հայատյացության ու ագրեսիվ կեցվածքի խրախուսում: Ադրբեջանի ղեկավարությունը իր թվացյալ անհասկացողությամբ շարունակում է խոչընդոտել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին:

Պարոն Մամեդյարովը հանդես է գալիս պարզ և արագ որոշումների դիրքերից, ընդ որում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շրջանցելու ճանապարհով: Բաքուն ունի նման հնարավորություն. Ադրբեջանը դուրս է բերում զորքերը իր կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներից, ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին տարածքային ամբողջականությունը հակադրելու փոխարեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ստեփանակերտի հետ ուղղակի բանակցությունների միջոցով քննարկում է ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման հետ կապված հարցերը»:

 

Այս խորագրի վերջին նյութերը