Քաղաքական

07.12.2012 15:18


Վարդան Օսկանյան. «Դա անհրաժեշտ այցելություն էր»

Վարդան Օսկանյան. «Դա անհրաժեշտ այցելություն էր»

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է.

«Այսօր առավոտյան Բրյուսելից վերադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, որի կազմում էի նաև ես: Եթե փորձեմ միայն մեկ բառով բնութագրել այցը, կասեի, որ դա անհրաժեշտ այցելություն էր:
Նախ, անհրաժեշտ էր, որ ԲՀԿ-ն՝ որպես Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժ, ներկայացներ իր տեսակետները երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ: 
Երկրորդ, կարևոր էր, որ Եվրոպական Միությունը՝ որպես Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, ԵՄ-Հայաստան ծրագրերի իրականացման հարցում ԲՀԿ-ին ընդուներ և ընկալեր որպես հուսալի գործընկեր:

Երրորդ, անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է և այնքան էլ չի դավանում եվրոպական արժեքները:
Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակներին: Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճ Հայաստանը» և ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ: Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ն ինչ պատասխանատվություն կարող է վերցնել իր վրա ոչ միայն օգնելու ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ ասոցացման և Ազատ առևտրի մասին համաձայնագրերի բանակցությունների փուլը, այլև անցնելու դրանց գործնական կիրառմանը: 
«Բարգավաճ Հայաստանին» հիմնականում հետաքրքրում էր, թե որն է Եվրոպական Միության անկեղծ և օբյեկտիվ գնահատականը Հայաստանում ընթացող գործընթացների, բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ-ի հետ ծրագրերի հարցում: ԲՀԿ-ին նաև հետաքրքրում էր, թե ինչ կարելի է անել, որ այդ համագործակցությունը միայն թղթի վրա չլինի, այլ որ պահպանվեն ձեռք բերվող պայմանավորվածությունների տառն ու ոգին:
Կարծում եմ՝ երկուստեք ստացանք մեր հարցերի պատասխանները»:

Այս խորագրի վերջին նյութերը