Լրահոս

07.12.2012 10:35


Դուբլինում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Դուբլինում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Դեկտեմբերի 6-ին Դուբլինում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

 Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

 Դուբլինում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպմանը քննարկվեցինԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Եռանախագահների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարվա սկզբին Հայաստանի և Արդրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ 

 

Նույն օրը, Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը, դեկտեմբերի երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:   

 

Էդվարդ Նալբանդյանի դուբլինյան օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:

Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանգործընթացի, Հայաստան – ԵԱՀԿ համագործակցության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության և նրա կողմից իրականացվող ծրագրերի շուրջ:

 

Հարավային Կոկվասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպմանը անդրադարձ արվեց Եվրոպական Հանաձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի Հայաստան կատարած այցելության արդյունքներին, Հայաստան – ԵՄ համագործակցությանը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը:

 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորիի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային անվտանգության, ԵԱՀԿ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը խթանելուն ուղղված խորհրդարանական դիվանագիտության դերի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների քննարկումների համատեքստում Ռիկարդո Միլիորին տեղկացրեց, որ նպատակադրված է անձամբ գլխավորել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը։

 Նախարար Նալբանդյանի եւ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Գարսիա-Մարգալյոյի հետ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանն, միջազգային կազմակերպություններում համագործակցությանն, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանն,  Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանն առնչվող հարցեր։

 

Դուբլինում  Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի պատվիրակության ղեկավար, արտգործնախարարի տեղակալ Մարտա Դասսուի հետ: Հանդիպմանը կարևորվեց երկկողմ փոխգործակցության զարգացման դինամիկայի պահպանումը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի, միջխորհրդարանական համագործակցության, Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ միջնորդների կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

 Իռլանդիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի  արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Դիդիե Բուրխալտերի հանդիպումը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորեցին դրանց առավել ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Բանակցությունների օրակարգում էին Հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը։

Այս խորագրի վերջին նյութերը