Քաղաքական

06.12.2012 17:25


Անդրանիկ Թևանյան. «Այս իշխանության վերարտադրությունը կբերի ՀՀ–ի պարտության»

Անդրանիկ Թևանյան. «Այս իշխանության վերարտադրությունը կբերի ՀՀ–ի պարտության»

«Միասնական օրակարգ–նախագահական ընտրություններ» թեմայով ՀՅ Դաշնակցության հրավիրած խորհրդաժողովի ժամանակ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը հայտարարել է՝ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ ունենք թե՛ արտաքին, թե՛ ներքին  քաղաքական ոլորտներում ամբողջովին ձախողված, պարտված իշխանություն, բայց հակառակ ճամբարում դեռ որոշակիության պակաս կա։ 

–Այն միտքը, որ իշխանությունները տարածում են, թե Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, նույնն է ասել՝ ՀՀ–ն այլևս կործանված է։ Որովհետև ձախողված իշխանությանն այլընտրանք չլինելը նշանակում է՝ քաղաքական առումով մեր պետության օրգանիզմը մահացած է։ Ես, իհարկե, դրա հետ համաձայն չեմ, և կարծում եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ունեն ինքնուրույնություն և պատկերացում, թե ինչպիսի փոփոխություններ են պետք Հայաստանին, պետք է գնան կոնսոլիդացիայի ճանապարհով։ Եթե նախագահական ընտրություններից առաջ համախմբումը տեղի չունենա, և առնվազն միասնական ճակատ, իսկ ցանկալի է՝ միասնական թեկնածու չլինի, ապա թող ոչ մեկը չմեղադրի իշխանություններին։ Իշխանությունը կարողանում է կեղծիքների գնալ միայն այն դեպքում, երբ որ տեսնում է մասնատված քաղաքական համակարգ և ոչ միասնական ճակատ,–հայտարարել է Ա. Թևանյանը։

Որպես իր խոսքերի վկայությունն էլ նա բերել է Ավան վարչական շրջանում տեղի ունեցած ընտրությունները, երբ պատգամավոր դարձավ անտեսանելի մարդը.

–Իշխանությունը ցույց է տալիս, որ անգամ «պոլի փետ» կամ այլ իր ինքը կարող է անցկացնել։ Այդպիսով իշխանությունն ասում է հետևյալը՝ ես ձեզ այլընտրանք չեմ թողնում, ես կեղծելու եմ ընտրությունները, ստեղծել եմ յուղած, լավ մեքենա, որը կեղծիքներ է իրականացնելու, իմ գործընկերներն են հասարակական հուսալքությունը, բոյկոտը հասարակության կողմից, որ չմասնակցեն ընտրությունների, հաճախորդները, որոնք պետք է փորձեն քաղաքական դաշտը պղտորել, և ոչ միասնականությունն այն ուժերի, որոնք ուզում են իրական փոփոխություններ,– իշխանության մարտավարությունն է ներկայացրել Թևանյանը։

Ա. Թևանյանը վստահ է, որ եթե միասնականություն լինի, ապա հնարավոր է հաղթահարել բոյկոտի տրամադրությունները, հիասթափությունը, և այդ դեպքում կնավազեցվի նաև հաճախորդների դերը, ու նրանք ոչ մի բան չեն կարող անել։ Նա նաև նշել է, որ վերարտադրվել ցանկացող այս իշխանությունը հասարակական–պետական նշանակության որևէ առաքելություն չունի.

–Այս վերջին տարիները ցույց են տվել, որ միակ առաքելությունը, ցավոք սրտի, իշխանության որոշումն էր՝ իրականացնել հայ–թուրքական գործընթացը, որպեսզի ցույց տա՝ տեսեք ինչ նախաձեռնողական և ֆուտբոլասեր մարդիկ ենք։ Բայց դա ուղղակի դատապարտման ենթարկեց մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը և հարվածեց մեր անվտանգությանը։ Ուրիշ առաքելություն այս իշխանությունը չունի՝ պետական առումով։ Անձնակա՛ն շահի տեսակետից, իհարկե, ունի առաքելություն. ստեղծել մեկ օլիգարխի տնտեսություն, կենտրոնացնել ամբողջ տնտեսական համակարգը, օլիգարխիայի դեմ պայքարի և գլխից բռնելու խոստման քողի տակ իրականում բոլշևիկյան կուլակաթափություն իրականացնել, ամայացնել ամբողջ քաղաքական դաշտը և հետագայում կառուցել թուրքմենբաշիական հասարակություն, որն ուղղակի դատապարտված է պարտության։ Եթե մենք հաշվի առնենք, որ սառը պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, ապա ինձ համար ակնհայտ տեսանելի է, թե ինչ է սպասվում այս իշխանության վերարտադրման պարագայում. տնտեսական անկումը խորանալու է, արտագաղթը մեծանալու է, դրանով հանդերձ մեծանալու է պատերազմի հավանակությունը և պարտությա՛ն հավանականությունը։ Եվ սրա պատասխանատուն բոլորս ենք լինելու, եթե չենք կարողանալու միավորվել։

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, թե ինչ անձանցով է իրեն շրջապատել այսօրվա իշխանությունը.

–Քաղաքական դիակներին են իրենք սիրում։ Այս իշխանությունները քաղաքական նեկրոֆիլիայով են տառապում, որովհետև քաղական դիակները չեն շնչում, չեն գվում, չեն բվում, ոչ մի պրոբլեմ չեն առաջացնում այս իշխանությունների համար։ Գեղամյանների, դալլաքյանների օրինակը դրա լավագույն ապացույցն է։ Սա՛ է իրենց ուզածը, և եթե որևէ քաղաքական ուժի կամ գործչի թվում է, թե ինքը կարող է սեպարատ պայմանավորվածութունների գնալ իշխանության հետ և լուծել իր հարցերը՝ տակից խաղեր տալով, ասեմ, որ նրանց լավագույն դեպքում սպասվում է ՀՀԿ–ի ցուցակում 20–րդ տեղից ներքև հայտնվելը։ Միայն կոնսոլիդացիայի ճանապարհն է, որ կարող է բերել փոփոխությունների, ու Դաշնակցության այս նախաձեռնությունը և այն կետերը, որոնք առաջադրվել են, համարում եմ շատ լավ հենք միասնականության գնալու։ Առնվազն երեք ուժերի տեսնում եմ այդ համատեքստում, և եթե մնացած ուժերն էլ կմիավորվեն, շատ լավ։ Երկրորդ տարբերակ գոյություն չունի։ Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր անկեծ են իրենց մոտեցումներում, կոնսոլիդացված ճանապարհով պետք է մասնակցեն նախագահական ընտրություններին և դրա արդյունքում հասնեն հաղթանակի,– ամփոփել է Թևանյանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը