Լրահոս

06.12.2012 15:18


Պաշտպանի մեկ տարվա ֆինանսավորումը գրեթե հավասար է կառավարության «գործունեության գնահատման» հետազոտության բյուջեին

Պաշտպանի մեկ տարվա ֆինանսավորումը գրեթե հավասար է կառավարության «գործունեության գնահատման» հետազոտության բյուջեին

Երեկ ընդունվեց 2013 թվականի բյուջեն, որում Կառավարությունն այդպես էլ չներառեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար առաջարկված 11 մլն դրամի հավելումը, որն անհրաժեշտ էր փակ հաստատություններում խոշտանգումների և բռնությունների կանխարգելման համար։ Այդ սիմվոլիկ հավելումը ծայրահեղ անհրաժեշտ էր  թե´ միջազգային պարտավորությունների, և թե´ մեր մարդկանց առջև պարտավորությունների կատարման համար։

Պաշտպանի բյուջեի հավելման այդ հայտը հիմնավոր էր ճանաչվել նաև Ազգային Ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից։ Եվ չնայած դրան Կառավարությունը  նույնիսկ այդ 11 մլն դրամով մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելը չհամարեց առաջնահերթ մեր պետության և հասարակության համար։  

Պետության կողմից Մարդու իրավունքների պաշտպանին անհրաժեշտ ֆինանսավորում չապահովելը ոչ միայն չի նպաստում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանը Հայաստանում, այլև ակնհայտորեն բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրապետության հեղինակության վրա միջազգային տարբեր ատյաններում։

Ի հեճուկս ՀՀ Կառավարության կողմից որդեգրված նման վերաբերմունքի, մենք 2013 թվականին շարունակելու ենք մեր ակտիվ, հետևողական, ապաքաղաքական, մարդակենտրոն և հանրօգուտ ծառայությունը՝ օգտագործելով քաղաքացիների լիարժեք պաշտպանության համար մեր տարբեր գործընկերների միջոցներով հայթայթած  ռեսուրսները, որոնք զգալիորեն համալրում են մեր ունեցած պետական ֆինանսավորումը։

Հայտնում եմ իմ խորին հիասթափությունն ու մտահոգությունը և ակնկալում, որ 2014 թվականի բյուջեն էականորեն կտարբերվի մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ որդեգրած իր առաջնահերթություններով։

 

Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

Հ.Գ. Թե ինչ է նշանակում մեկ տարվա կտրվածքով 11 մլն դրամը պետական բյուջեի համար, հավելենք միայն, որ կառավարության աշխատակազմին այս բյուջեով տրվել է 10 անգամ ավելի գումար «Կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտության» համար։ Այսինքն՝ Պաշտպանի տարեկան բյուջեն 176 մլն դրամ է, իսկ նշված հետազոտության բյուջեն՝ 106 մլն դրամ, ինչն էլ նշանակում է՝ Պաշտպանի մեկ տարվա ֆինանսավորումը գրեթե հավասար է կառավարության «գործունեության գնահատման» հետազոտության բյուջեին։

Այս խորագրի վերջին նյութերը