Քաղաքական

05.12.2012 21:43


Գագիկ Ծառուկյան. «Անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»

Գագիկ Ծառուկյան. «Անհնար է  պայքարել կոռուպցիայի դեմ, եթե  հիմնական  կոռումպացված  անձինք են այդ  պայքարը    ղեկավարում»

 Դեկտեմբերի   հինգին մեկնարկել է ԲարգավաՃ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի  գլխավորած խորհրդարանական  պատվիրակության  այցը Բրյուսել: Եվրոպական  խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան  պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ  հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:

Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան  պաշտոնյային՝ ԲՀԿ  նախագահ  Գագիկ Ծառուկյանը  նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է Եվրոպական կուսակցությունների  հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի  գերկայություններից մեկն է:

Միջկուսակցական համագործակցության  խորացմանը միտված ծրագրերի  քննարկումից   զատ  կողմերը  զրուցել  են նաև  Հայաստանի  տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ: Անկաշկանդ  շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք  է  հայտնել, որ անհնար է  երկրում  պայքարել կոռուպցիայի դեմ, եթե  հիմնական  կոռումպացված  անձինք են այդ  պայքարը    ղեկավարում: 

Հանդիպման  շրջանակներում կողմերը   զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ  թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին:

Ծանոթ լինելով ԲՀԿ  գաղափարական  և քաղաքական գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է  հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝  Եվրոպական կուսակցությունների  հետ  համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության  կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության  առաջին գրավականն ու երաշխիքը  մարդկային հարաբերություններն են և  այդ  համատեքստում կարևորում է ԲՀԿ  նախագահի հետ ծանոթությունը:

Եվրոպական խորհդարանի փոխնախագահ Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկան  նշել է, որ առաջիկա  նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը  կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով:  Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է  այցելել  Հայաստան, որտեղ  կարող են նաև  առավել հանգամանորեն  քննարկել  առաջիկա   գործակցության հեռանկաները:

Դեկտեմբերի    հինգին ԲՀԿ խմբակցության   պատգամավորները Գագիկ Ծառուկյանի    գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:  Հանդիպման  շրջանակներում առաջնային թեման առաջիկա  նախագահական ընտրություններն են   եղել: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն  մշտապես հանդես  է   եկել   բացառապես   ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման    դիրքերից:

Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների  ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների  իրականացման գործընթացին:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա  նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց  դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի  ուշով հետևելու են  ներքաղաքական բոլոր  զարգացումներին:

ԲՀԿ նախագահի հաջորդ հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների և  ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում    դաշինքի  քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ  ևս քննարկվել են կուսակցությունների  միջև  համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը  պայմանավորվածություն են ձեռք  բերել  առաջիկայում հանդիպել արդեն առավել   գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:

Բարգավաճ   Հայաստան կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը  շարունակվելու է նաև  վաղը՝ դեկտեմբերի վեցին:

Գագիկ Ծառուկյանի մամլո գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը