Լրահոս

05.12.2012 21:55


Նախարարությունը պահանջում է վերացնել խախտումները

Նախարարությունը պահանջում է վերացնել խախտումները

Դեռևս հունիսի վերջերից ՀՀ առողջապահության նախարարությունը հարուցված վարչական վարույթների շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներում։ Հայտնաբերվել են լիցենզավորման օրենսդրության և սանիտարական օրենսդրության մի շարք նորմերի պահանջների խախտումներ: Որպես լիցենզավորման օրենսդրության խախտում՝ ավելի հաճախ արձանագրվել է ախտահանման սարքի, անհրաժեշտ մասնագետների առկայության, տվյալ տեսակի գործունեության համար պահանջվող տարածքների,  անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների, նյութերի և այլնի բացակայությունը:

Ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեության իրականացման համար սանիտարական պարտադիր պահանջներից խախտումներ են արձանագրվել շենքերի կազմի և մակերեսների  անհամապատասխանության, ախտահանման աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, բժշկական գործիքների օգտագործման և պահման կարգի, աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության չենթարկելու կամ դրա ընթացակարգը խախտելու, ինչպես նաև տվյալ բժշկական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած վտանգավոր բժշկական թափոնների գոյացման կանխարգելմանը, հավաքմանը, ժամանակավոր պահմանը, վնասազերծմանը, ոչնչացմանը, փոխադրմանը և թաղմանը ներկայացվող սանիտարական ու հակահամաճարակային պահանջները չբավարարելու մասին:

    Նշված խախտումների վերացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել։ Տնտեսվարող ինը սուբյեկտի հայտարարվել է նախազգուշացում` տալով ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Եվս հինգ սուբյեկտի գործունեությունը  կասեցվել է առանձին մասնագետների գործունեության մասով:

Առավել շատ խախտումներ կատարած տնտեսվարող չորս սուբյեկտի գործ արդեն ուղարկվել են, ևս  չորս գործ նախապատրաստվում է ուղարկելու ՀՀ վարչական դատարան`  տրված  լիցենզիաների գործողությունը դադարեցնելու պահանջով։   

Այս խորագրի վերջին նյութերը