Լրահոս

05.12.2012 15:42


Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Հանրապետությունում դեկտեմբերի անցած 5 օրվա ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 3 դեպք՝ 9 տուժածով:  Թունավորումներն արձանագրվել են Գեղարքունիքի, Տավուշի մարզերում և Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է: Բոլոր հիվանդները հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, ստացել են հակաբոտուլինային շիճուկ: 3 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր:

Բուժումը շարունակվում է, նոր դեպքեր չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է:  Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130 ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:

 

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

  •   Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:
  • Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե:
  • Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:
  • Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

 

Այս խորագրի վերջին նյութերը