Լրահոս

04.12.2012 20:51


Վահե Էնֆիաջյան. «Կառավարության ասված խոսքի և կատարած գործի համադրությունը չի համապատասխանում»

Վահե Էնֆիաջյան. «Կառավարության ասված խոսքի և կատարած գործի համադրությունը չի համապատասխանում»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ տարիներ շարունակ խոսվում է գիտելիքահեն տնտեսություն կառուցելուց և յուրաքանչյուր տարի պետբյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվում ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար, սակայն յուրաքանչյուր տարին ամփոփելիս միայն հետընթաց ենք արձանագրում:

–Կառավարության ասված խոսքի և կատարած գործի համադրությունը չի համապատասխանում մեկը մյուսին: Գրագետ և հեռանկարային ռազմավարություն մշակելուց հետո հնարավոր կլինի հաղթահարել այն ծանր իրավիճակը, որն  առկա  է  մեր  երկրում: Ժողովրդի բարոյահոգեբանական ծանր կարգավիճակը, աշխատատեղերի բացակայությունը պահանջում են անհապաղ և բեկումնային փոփոխություններ տնտեսության կառավարման ոլորտում,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը:

Նա ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառներից է համարում անարդարության մթնոլորտը, որի դրսևորման օրինակներից է ուսանողների ստացած 5000 դր. կրթաթոշակը.

–Շուրջ մեկ տասնամյակ առաջ ուսման վարձավճարը շատ ավելի քիչ էր, որքան որ  հիմա է, սակայն այսօր, երբ ԲՈՒՀ-երի ուսման վարձավճարը կազմում է մի քանի հարյուր հազար դրամ, իսկ որոշ դեպքերում գերազանցում է նաև մեկ միլիոնը, ուսանողները շարունակում են ստանալ նույն 5000 դրամ կրթաթոշակը: Մենք լավագույնս ուսումանսիրել ենք ոլորտում առկա  խնդիրները և հստակ պատկերացնում ենք ուսանողներին ցուցաբերվող օժանդակության անհրաժեշտությունը: Զավեշտալի էր, երբ նոյեբերի 17-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամենամյա կրթաթոշակների տրամադրման գործընթացի շրջանակներում գրություններ ուղարկվեցին ԲՈՒՀ-երին, որտեղ առաջարկվում էր յուրաքանչյուր ԲՈՒՀ-ից անվանական կրթաթոշակի ներկայացնել ուսման մեջ առաջադիմությամբ աչքի ընկող, առավել կարիքավոր և հասարակական ակտիվությամբ առանձնացող, անկախ կուսակցության պատկանելիությունից` ուսանողների տվյալներ, որն այդպես էլ մնաց անարձագանք: Միթե՞ մեր երկրում չկային ուսանողներ, որոնք համապատասխանում էին վերը թվարկված պահանջներին և կարող էին օգտվել տրամադրվող օգնությունից: Ոլորտում տիրում է բարձիթողի վիճակ:

Վահե Էնֆիաջյանը նաև նշել է, որ հայերենով մասնագիտական գրականության սակավությունը և ԲՈՒՀ-երի տված անբավարար գիտելիքներն ու տնտեսության մեջ մասնագիտական կադրերի անմրցունակ լինելը փաստում են՝ Շանհայյան վարկանիշով աշխարհի հեղինակավոր 500 ԲՈՒՀ-երի  ցանկում    հայաստանյան   նույնիսկ   մեկ   ԲՈՒՀ   չկա.

–Այս իրավիճակից դուրս գալու և երկիրը հզորացնելու, ժամանակակից աշխարհին համահունչ լինելու համար անհրաժեշտ են մրցունակ կադրեր, որոնք վաղը պետք է հանդիսանան այսօրվա ուսանողները, իսկ նրանց մրցունակ և երկրին պիտանի դարձնելու համար բավարար աշխատանք չի տարվում: Արդյունքում ունենք արտագաղթի մեծացող տեմպեր, գործազրկություն և հայ մարդու` սեփական երկրի հանդեպ ունեցած վստահության կորուստը: Իսկ գիտելիքահեն տնտեսությունից խոսելը` մեղմ ասած ավելորդ է,–հայտարարել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը