Քաղաքական

03.12.2012 13:39


Ինձ ուղղակի ապշեցրեց Գագիկ Ջհանգիրյանի լավատեսությունը. Նաիրա Զոհրաբյան

Ինձ ուղղակի ապշեցրեց Գագիկ Ջհանգիրյանի լավատեսությունը. Նաիրա Զոհրաբյան
«2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»  ՀԱԿ առաջարկած նախագծի քննարկումը հետաձգվել է։

Այս հանձնաժողովի ստեղծման նախագծի և այդ նախագծի քննարկման հետաձգման վերաբերյալ Zham.am –ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը հայտնեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց. «Մարտի մեկի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը ՀԱԿ-ի նախաձեռնությունն էր, որը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ներկայացնում էր Գագիկ Ջհանգիրյանը: «Բարգավաճ Հայաստան»-ը միանշանական կողմ էր նման հանձնաժողով ստեղծելուն: Այո, գաղտնիք չէ և պիտի անկեղծ լինենք` հանրության մեջ կան բազում հարցեր` կապված մարտի մեկի տասը զոհերի մահվան հանգամանքների հետ: Եվ եթե հանրության մեջ կա գոնե մեկ հարց` կապված մարտի մեկի հետ, բնականաբար, այդ մեկ հարցն անգամ պիտի իր հանգուցալուծումը ստանա, ուստի ԲՀԿ-ն կողմ է նման հանձնաժողովի ստեղծմանը: Ավելին, որպեսզի ԲՀԿ-ին չմեղադրեն որևէ պատգամավորի բացակայութայն մեջ, մենք ուղղակիորեն Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ ճանապարհին ինքնաթիռից անմիջապես հետ ենք բերել մեր երկու պատգամավորներին` Պետաիրավական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանին և Վահան Բաբայանին, ինչպես նաև մեր մեկ այլ պատգամավորի, ով պիտի վիրահատվեր Մոսկվայում, որ եթե հանկարծ հարց առաջանա լիագումար նիստում օրակարգի ձևավորման ժամանակ հարցին կողմ քվեարկելու, հերթական անգամ տարբեր քաղաքական թափթփուկներ ԲՀԿ-ի որևէ պատգամավորի չմեղադրեին կարևոր քվեարկությունից խուսափելու համար»: 

Անդրադառնալով նախագծի քննարկման հետաձգմանը` Զոհրաբյանը նշեց. «Ինձ համար շատ զարմանալի կերպով նախագծի հեղինակը համաձայնվեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի առաջարկին` այն է նախագծի քննարկումը մեկ տարով հետաձգել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ դա այն հարցն է, որը բնացարձակապես զերծ պիտի լինի որևէ քաղաքական շահարկումից: Կարծում եմ`շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե հարցը հիմա քվեարկվեր, բայց քաղաքական որևէ ռիսկից խուսափելու համար որոշում ընդունվեր, որ այդ հանձնաժողովը ստեղծվելու է ասենք նախագահական ընտրություններից երեք կամ չորս ամիս հետո: Սա, կարծում եմ, կլիներ շատ օպտիմալ և ռացիոնալ տարբերակ: Ինձ ուղղակի ապշեցրեց Գագիկ Ջհանգիրյանի լավատեսությունը. երևի նա մեր օրերի ամենամեծ լավատեսն է , որ հավատաց այդ առաջարկին և ընդառաջ գնաց: Ի վերջո, նախագծի հեղինակն իրենք են. իրենք են որոշում այդ մարտավարությունը և երևի թե իրենք կունենան այն հիմնավորումները, թե ինչու իրենց ներկայացուցիչը պետաիրավական հանձնաժողովում համաձայնեց գնալ այդ քայլին: Բայց կրկնում եմ`«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է մարտի մեկի հետ կապված բոլոր հարցերը մինչև վերջ պարզաբանելուն. մենք դա ասել ենք մշտապես և այսօր էլ խորհրդրանում մեր դիրքորոշմաբ մենք ապացուցեցինք, որ մեր տեսակետին հավատրիմ ենք»:
zham.am

Այս խորագրի վերջին նյութերը