Քաղաքական

02.12.2012 23:15


Ըստ նախնական տվյալների՝ հաղթել են ՀՀԿ–ական թեկնածուները. Ավանում հրավառություն է

Ըստ նախնական տվյալների՝ հաղթել են ՀՀԿ–ական թեկնածուները. Ավանում հրավառություն է

Այսօր՝ ժամը 20:00-ին, Ավանում և Գյումրիում ավարտվել են ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները:

Ըստ նախնական տվյալների՝ երկու ընտրատեղամասերում էլ հաղթել են ՀՀԿ–ական թեկնածուները։

Ավանում ժամը 22:30–ին արդեն հրավառությամբ շնորհավորել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագին՝ Ռոբերտ Սարգսյանին։

Նախնական տվյալներով՝ թիվ 1 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 23 հազ. 841 ընտրող: Գյումրիում, ժամը 22։30-ի տվյալներով, հաշվարկված 45 ընտրատեղամասերից 39-ում ՀՀԿ–ական թեկնածու Արման Սահակյանի օգտին քվեարկել է 78,1%-ը։ Գյումրիում գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին ցածր ցուցանիշ։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հաջողվել է ֆիքսել ընտրատեղամասերից դուրս կատարվող ընտրական գործընթացի մի շարք խախտումներ: Այսօր Գյումրիում նկատելիորեն ավելացել են երևանյան պետհամարանիշներով «Ջիփ» մակնիշի մեքենաները, տեղամասերի և մեքենաների մոտ մարդակային կուտակումներ են եղել՝ հատկապես «կտրված» թաղամասերում տեղակայված ընտրատեղամասերի մոտ: Գյումրիի Արցախ թաղամասում տեղակայված «Ծիածան» մանկապարտեզի մոտ դեռ հեռվից նկատելի են եղել մեքենաների կուտակումները: Տեղամասի մոտ խմբվածները հեռախոսներով անուն-ազգանուններ են հստակեցրել, թե ում են բերելու ընտրության: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հաջողվել է դա տեսագրել և ձայնագրել: Երբ նկատել է, որ տեղի ունեցողը ձայնագրվում և նկարահանվում է, «մարդ բերողներից» մեկը խիստ վրդովվել է ու սպառնաց, թե կջարդի տեսախցիկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը